Խիստ ուշագրավ դեպք Հայաստանում. Ինչ շարունակություն կլինի

    • Մեկնաբանություն - 11 Հոկտեմբերի 2016, 12:06
Գազպրոմբանկը հաստատել է տեղեկությունը, որ Հայաստանից ներդրողների խմբի է վաճառել հայաստանյան Առէքսիմբանկի իր 100 տոկոս բաժնեմասը: Այդպիսով, բանկն այլեւս Գազպրոմբանկի սեփականությունը չէ: Շատ հավանական է, որ դրա պատճառը եղել են ԱՄՆ պատժամիջոցները Գազպրոմի եւ Գազպրոմբանկի, արտերկրում նրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ: Սեպտեմբերի 1-ից կիրառվող այդ պատժամիջոցները փաստացի առնչվում էին նաեւ Առէքսիմբանկին, ինչի ենթակայությունից էլ բանկը դուրս բերելու եւ բանկի գործունեությունը բնականոն հունի մեջ պահելու համար էլ թերեւս կայացվել է Գազպրոմբանկից դրա օտարումը:

Չի բացառվում, որ տեղի է ունեցել լոկ իրավաբանական օտարում, բայց դա էլ ինքնին հատկանշական է: Հատկանշական այն իմաստով, որ Ռուսաստանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցների կիրառումը փաստացի ազդում է Հայաստանի տնտեսության վրա ոչ միայն նյութապես եւ ֆինանսապես` Ռուսաստանի տնտեսության ծանր կացության հետեւանքով, այլ այդ պատժամիջոցները փաստացի կոնկրետ մեկ դրվագում փոխում են Հայաստանի տնտեսական ստատուս-քվոն: Կար բանկը, որը ռուսական Գազպրոմբանկի 100 տոկոս սեփականությունն էր, այժմ այդ բանկը հայկական սեփականություն է:

Իհարկե, դա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը Հայաստանում թողնում է իր սեփականությունը: Առաջին եւ նշանակալից դեպքը Հայաստանի էլցանցերի «հանձնումն» էր: Բայց, տարբեր են համատեքստերը: Էլցանցերի պարագայում Ռուսաստանը ձեռնարկությունը հանձնել է ճգնաժամի հասցրած լինելուց, գրեթե ամբողջապես մսխելուց հետո, պարզապես պատասխանատվությունից խուսափելու համար:

Այս դեպքում կարծես թե հակառակն է, եւ Գազպրոմբանկը վաճառում է իր սեփականությունը, այն ճգնաժամի չհասցնելու համար, քանի որ պատժամիջոցների ենթակա լինելը էապես կարող էր խոչընդոտել բանկի գործունեությանը, որն անհնար է առանց միջազգային համակարգի հետ գործակցության:

Այդպիսով, Հայաստանի տնտեսության մասով արձանագրվում է հետաքրքիր մի իրողություն, հարց առաջացնելով, թե կարո՞ղ է արդյոք դա միտում լինել: Արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունները Հայաստանում ունեն մեծաթիվ սեփականություն: Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցները չեղարկված չեն, ավելին՝ դրանք կարող են անգամ ավելանալ, նկատի ունենալով Ռուսաստանի իշխանության շարունակվող քաղաքականությունը, մասնավորապես Սիրիայում:

Ըստ այդմ, բացառված չէ, որ ռուսական պետական ձեռնարկությունների հանդեպ պատժամիջոցները շարունակեն տարածվել նաեւ արտերկրում այդ ձեռնարկությունների սեփականությունների վրա, այդ թվում Հայաստանում: Ըստ այդմ հարց է առաջանում, թե արդյոք դա կարող է բերել նրան, որ Ռուսաստանի պետական բաժնեմասով ընկերությունները ապագայում գնան Հայաստանում այլ ակտիվներից հրաժարվելու ճանապարհով:

Եթե անգամ այդ հրաժարումը տեղի է ունենում դե յուրե, սակայն սեփականությունը դե ֆակտո մնում է այդ ընկերություններին կապակցված կամ նրանց համար խիստ վստահելի կամ վերահսկելի անձանց, միեւնույն է, դե յուրե փոփոխությունն ինքնին բավական նշանակալի զարգացում է Հայաստանի համար:

Բանն այն է, որ վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում Հայաստանի տնտեսությունում էապես ավելացել է ռուսական պետական բաժնեմասով ընկերությունների տեսակարար կշիռը, ինչը տնտեսա-քաղաքական գերիշխանության միջոց է: Դա էլ իր հերթին բերում է համակարգային ազդեցության եւ հանգեցնում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման:

Արդյունքում Հայաստանը ստիպված է ավելի շատ տուրք տալ ռուսական շահին ու պահանջներին, այդպիսով կամա թե ակամա դառնալով աշխարհքաղաքականության ապակառուցողական տարր:

Եթե Ռուսաստանի պետական ընկերությունները թեկուզ դե յուրե հրաժարվեն իրենց սեփականությունից եւ թեկուզ իրավաբանորեն այդ ամենը վերածվի մասնավոր սեփականության, դա կարող է բերել փոփոխության` Հայաստանի ինքնիշխանության եւ տնտեսա-քաղաքական սուբյեկտության վերականգնման հեռանկարով:

Այդպիսով, ռուսական պետական կապիտալը ստիպված կլինի Հայաստանում կամ որակապես տրանսֆորմացվել, կամ պարզապես հեռանալ: Եվ այդ իմաստով, ՌԴ հանդեպ կիրառվող արեւմտյան պատժամիջոցները Հայաստանի համար ունենալով որոշակի նյութական բացասական ազդեցություն, հեռանկարի առումով կարող են բերել որակական վերափոխումների նպաստավոր միտման:

Ամենաընթերցվածը