Կարեն Կարապետյանը ձեռքը մեկնեց սրբություն սրբոցին

    • Մեկնաբանություն - 10 Հոկտեմբերի 2016, 20:19
ՊԵԿ նախագահի փոփոխությունը հոկտեմբերի 11-ին դարձավ իրականություն, ու այդ պաշտոնին նշանակվեց Գազպրոմ Արմենիա ընկերության արդեն նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը: Փաստացի, Կարեն Կարապետյանի կառավարման թիմի շրջանակում կատարվեց հերթական «մենեջերական» նշանակումը: Լավ, թե վատ մենեջեր է Վարդան Հարությունյանը, պարզ կլինի աշխատանքի ընթացքում, բայց ակնհայտ է, որ նրա նշանակման գործում էական ազդեցություն է ունեցել Կարեն Կարապետյանի համար վստահելի անձ լինելու գործոնը:

Կարապետյանը ձեւավորում է իր թիմը եւ այդ շրջանակում անխուսափելիորեն ներառվելու էր ՊԵԿ համակարգը, որի կարեւորության մասին խոսելը թերեւս ավելորդ է:

Մյուս կողմից սակայն, ՊԵԿ նախագահի փոփոխությունը գործնականում չի կարող բերել որեւէ աշխատանքային էֆեկտի, եթե փոփոխություն չի լինելու նրա ստորադասների շրջանում:

Ընդ որում, այստեղ խոսքը թե հանրային իմաստով էֆեկտիվության մասին է` եթե փոփոխությունը ունի այդպիսի նպատակ, թե Կարապետյանի համար թիմային իմաստով էֆեկտիվության` եթե փոփոխության նպատակն ընդամենը Կարեն Կարապետյանի համար ոլորտը, ըստ այդմ տնտեսական հոսքերը, կապիտալի «քարտեզը» եւ տեղաշարժը լիակատար վերահսկողության տակ վերցնելն է:

Առավել եւս, որ ՊԵԿ նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո տեղի ունեցան ղեկավար պաշտոններում մի շարք ուշագրավ նշանակումներ: Հովհաննես Հովսեփյանը նախագահի վերահսկողության ծառայությունից ՊԵԿ համակարգ տեղափոխվեց մի քանի ամիս առաջ: Դրանից հետո եղան մի քանի նշանակումներ տարբեր ստորաբաժանումներում, որտեղ նշանակվեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարդիկ:

Մեծ հաշվով, Հովհաննես Հովսեփյանի նշանակումը Հովիկ Աբրահամյանի հաղթանակն էր Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, քանի որ մինչ այդ նշանակումը ՊԵԿ-ը տարանջատվեց ֆինանսների նախարարությունից: Սերժ Սարգսյանը փաստացի գնաց փոխզիջման` Հովիկ Աբրահամյանի դեմ վճռորոշ գրոհը նախապատրաստելու հարցում:

Այդ հանգամանքը ենթադրում է, որ Հովհաննես Հովսեփյանին հեռացնելուց հետո, ՊԵԿ համակարգից Հովիկ Աբրահամյանին հեռացնելու համար պետք է վերանայել այդ բոլոր նշանակումները: Միաժամանակ, ՊԵԿ համակարգի արդիականացումը պահանջում է նաեւ վերանայել պաշտոնյաների, որոնք կառույցի ղեկավար կազմում են երկար տարիներ եւ ոչ միայն ցանցավորվել են այնտեղ, այլ փաստացի քարացած են նաեւ իրենց պատկերացումներում եւ մոտեցումներում:

Այդ իմաստով, ակնհայտ է, որ համակարգի արդիականացումը պահանջելու է կադրային արմատական վերանայումներ, քանի որ միայն ՊԵԿ նախագահի նշանակումն այդ իմաստով չի փոխի ոչինչ մի համակարգում, որտեղ գործնականում իրենց քվոտաներն ունեն Հայաստանի խոշոր կապիտալի գրեթե բոլոր սեգմենտները:

ՊԵԿ համակարգի առանձնահատկությունը խոշոր հաշվով հենց դա է, եւ համակարգային փոփոխությունների ինդիկատորն այդ իմաստով ոչ թե կառավարության կազմն է, այլ ՊԵԿ համակարգը: Այդ իրողությունը բխում է Հայաստանում գործող համակարգի տրամաբանությունից, եւ ՊԵԿ-ում տեղի ունեցող փոփոխություններն են վկայելու, թե արդյոք փոփոխության ենթարկվում է Հայաստանում իշխող համակարգի եւ խաղի կանոնների տրամաբանությունը:

Այդ իմաստով, ՊԵԿ նախագահի փոփոխությունը Կարեն Կարապետյանի վարչապետության ընթացքում առայժմ առաջին հիմնարար քայլն է:

ՊԵԿ-ը Հայաստանի ներիշխանական համակարգի սրբություն-սրբոցն է, որի ղեկավարները շատ են փոխվել, սակայն գործունեության էությունն ու բնույթը չի կրել առանձնակի փոփոխություն:

Ներկայիս փոփոխությունը Կարեն Կարապետյանի պահանջն է, թե Սերժ Սարգսյանի աջակցությունը, պայմանավորված է ներիշխանական վերադասավորումներով, թե նաեւ համակարգային իմաստով ինչ որ բան փոխելու անհրաժեշտությամբ՝ այլ հարց է:

Որեւէ ուղղությամբ էական փոփոխության ցուցիչը լինելու է հենց այն, թե ինչ շարունակություն կլինի ՊԵԿ համակարգի վերակառուցման առումով:

Ամենաընթերցվածը