ՀՀԿ-ն քանդվեց. Արտառոց իրավիճակ Վանաձորում

    • Մեկնաբանություն - 10 Հոկտեմբերի 2016, 16:46
ՀՀԿ-ն հաղթեց Վանաձորի քաղաքապետի ընտրությունը, եւ ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը դարձավ քաղաքապետ: Այդ հեռանկարը հայտնվել էր կասկածի տակ, քանի որ Ավագանու ընտրությանը երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունները ստորագրել էին հուշագիր, ըստ որի համախմբվել էին երկրորդ տեղում գտնվող Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուի շուրջ: Զուտ մանդատների թվով, այդ համախմբումն ավելին էր, եւ եթե բոլորը քվեարկեին ԼՀ թեկնածուի օգտին, ՀՀԿ թեկնածուն պարտվելու էր:

Ստացվեց տրամագծորեն հակառակ պատկեր: Դե յուրե 15 մանդատ ունեցող ՀՀԿ թեկնածուն` ՀՅԴ հետ կոալիցիայի շնորհիվ, իրականում հավաքեց 19 մանդատ, ինչը նշանակում է, որ ԼՀ, Հայկական վերածնունդ եւ ԲՀԿ եռյակի 18 մանդատից չորսը գնացել է ՀՀԿ թեկնածուին:

Թե հատկապես որ կուսակցությունից է այդ չորսը, ներկայում դժվար է ասել: Տեսականում հնարավոր է ցանկացած տարբերակ, բայց իրականությունը կպարզվի մոտ ապագայում, երբ ՀՀԿ-ական քաղաքապետի որոշումները կդրվեն Ավագանու արդեն բաց քվեարկության: Նա չունի մեծամասնություն, հետեւաբար այդ որոշումները պետք է անցկացվեն մյուս ուժերի միանալով միայն: Եվ ով կմիանա դրանց, դրանից էլ պարզ կլինի, թե ով է ձայնը տվել ՀՀԿ թեկնածուին:

Ընդհանուր առմամբ, առերեւույթ, չի կատարվել որեւէ արտառոց բան: Հայաստանում շատ է եղել այդօրինակ վիճակ, անգամ համապետական մակարդակում, երբ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ընտրությունը վերածվեց աղմուկի, երբ պարզվեց, որ մի քանի տասնյակ այսպես ասած ոչիշխանական պատգամավոր ունեցող խորհրդարանից ընդամենը երեք պատգամավոր է քվեարկել իշխանության ներկայացրած թեկնածուի դեմ:

Վանաձորում այդ իմաստով տեղի է ունեցել Հայաստանի իրականությանը միանգամայն բնորոշ իրադարձություն:

Սակայն, իրավիճակն ընդհանուր առմամբ եղել է արտառոց, եւ այդ իմաստով ներկայում հաղթանակ տոնող ՀՀԿ-ն իրականում ոչ թե հաղթել է, այլ փաստացի քանդվել: Պարզապես, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, «մարդիկ ամբողջությամբ չեն հասկացել», թե ինչ է կատարվել:

Իսկ կատարվել է այն, որ ՀՀԿ-ն հանրապետության երրորդ խոշոր քաղաքում չի կարողացել հաղթել սեփական ուժով եւ նույնիսկ կցված ՀՅԴ ուժով: Հաղթանակի համար ՀՀԿ-ին պետք է եղել ձայն Հայկական վերածնունդից եւ ԲՀԿ-ից: Խնդիրը բոլորովին այն չէ, որ այդ կուսակցությունները հանդես են գալիս ընդդիմության անվան տակ, բայց իրականում հանդիսանում են իշխանության հետ պայմանավորվածության մեջ գտնվող ուժեր: Իրավիճակը բավական բազմաշերտ եւ ուշագրավ է, ընդամենը մի շարք քաղաքական ուժերի ավանդական ծախվածության պրիզմայով գնահատելու համար:

Փաստացի, իշխանությունը ՏԻՄ ընտրություններում թեստավորել է հասարակության եւ ոչիշխանական, կամ ընդդիմադիր ուժերի դիմադրության ռեսուրսը, հասկանալու համար, թե մոտավորապես ինչպիսի պատկերի հետ է գործ ունենալու 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացվելիք խորհրդարանի ընտրությանը:

Ահա այդ թեստավորումը ՏԻՄ խոշոր օղակներից մեկում ցույց է տվել, որ ՀՀԿ-ն չի կարողանում հաղթել նույնիսկ ՀՅԴ օգնությամբ: Վանաձորում ՀՀԿ-ն փաստորեն հաղթել է ընդդիմության կամ ոչիշխանական ուժերի հաշվին: Թե հատկապես ու՞մ, առայժմ գիտե միայն ՀՀԿ-ն, սակայն դա արդեն մարտավարական-տեխնիկական հարց է: Ռազմավարական իմաստով ակնհայտ է, որ ՀՀԿ-ն որպես վերջին տարիներին գործող կենտրոնացած, մոնոլիտ կառույց` քանդված է:

Այն, որ ՀՀԿ-ն գործի է դրել իրեն բնորոշ տեխնոլոգիաներ, որոնք քիչ կապ են ունենում օրենքի կամ բարոյականության հետ, հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմն այն է, որ անգամ այդ տարբերակով ՀՀԿ-ն չի կարողացել հաղթել «ինքնաբավ»:

Այստեղ է առանցքայինը, որ տեղի է ունեցել Վանաձորում:

Եվ այստեղ շերտերն ու հանգամանքները իսկապես ուշագրավ են: Աներկբա է, որ կենտրոնական իշխանության մակարդակում կատարվել է համապետական մասշտաբի թեստավորում: Մյուս կողմից, տեղական մասշտաբում իրականությունը թողնվել է այսպես ասած տեղի ուժերին, իհարկե ոչ առանց կենտրոնական իշխանության հայացքի: Այսինքն, կատարվել է նաեւ տեղական մասշտաբի կարողությունների թեստավորում: Եվ այդ իմաստով, ՀՀԿ-ն գործնականում տապալվել է թե համապետական, թե տեղական մակարդակում:

Դրանով իսկ Սերժ Սարգսյանը կարողացել է գործնական իմաստով ցույց տալ ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու իր մտադրության կամ ծրագրի անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ՏԻՄ ընտրությամբ փաստացի հերթական «հարվածն» է հասցրել ՀՀԿ առկա «ոգուն» կամ մեծամասնությանը եւ բերել մի իրավիճակի, երբ պարզ է դարձել, որ ՀՀԿ-ն այլեւս ի վիճակի չէ սեփական խնդիրները լուծել բացառապես սեփական ռեսուրսով:

Դա չի բերել ինքնաբերաբար ընդդիմադիր կամ ոչիշխանական ուժերի հաջողության, ինչն իր հերթին նաեւ ուշագրավ թեստ է, կամա թե ակամա, որը վկայում է, որ ՀՀԿ պարտությունն ու ընդդիմության հաղթանակը ամենեւին նույն բաները չեն, միմյանցից բխող պատճառահետեւանքային իրականություն չեն, ինչպես տարիներ շարունակ ընկալվում է ընդդիմադիր դաշտում գերակա դիսկուրսում: Եվ այդ իմաստով, Վանաձորը նաեւ վկայություն է կամ ցցուն դրսեւորում, որ ընդդիմադիր դաշտում արդյունավետության նոր հեռանկարների համար առնվազն անհրաժեշտ է հրաժարվել այդ դիսկուրսից, հանրության հետ այդ բովանդակությամբ հարաբերությունից:

Փաստացի, ՏԻՄ ընտրությունը, հատկապես վանաձորյան «դրամատիկ» եզրափակչով, դարձավ 2017 թվականից առաջ եռակի թեստավորում, բացահայտելով, որ Հայաստանը քաղաքական համակարգի իմաստով գործնականում կաթվածահար է, եւ 2017 թվականի խորհրդարանի ընտրությունը, խորհրդարանական կառավարման մոդելի ներմուծման պայմաններում, տեղի է ունենալու այդ լիակատար կաթվածահարության ռեժիմում:

Դա ոչ միայն 2017 թվականի ընտրության խդիրը լուծելու ամենանպաստավոր վիճակն է Սարգսյանի համար, այլ նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության համար համեմատաբար շահեկան միջավայրի ապահովումը, որովհետեւ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ իրողություններից ելնելով այդ կառավարությունը չի կարող գործել քիչ թե շատ քաղաքական գործընթացների պայմաններում:

Ամենաընթերցվածը