Ինչպես ցրվեց օլիգարխիայի կառավարությունը եւ ինչ է պատրաստվում

    • Մեկնաբանություն - 10 Հոկտեմբերի 2016, 10:42
Հայաստանում ցրվեց օլիգարխիայի կառավարությունը: Հոկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը տվեց նոր կառավարության գործունեության մեկնարկը: «Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը: Միգուցե, մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը», ասել է նա եւ խոստացել, որ պետական բոլոր օղակներն աջակցելու են կառավարությանը:

Ինչ է հասկանում Սերժ Սարգսյանը «համակարգային փոփոխությունների» ներքո եւ ովքեր են այդ մարդիկ: Եթե նկատի է առնվում հանրությունը, եւ փոփոխություններն էլ ուղղված են հանրային-պետական կյանքի ռեֆորմացիային, այստեղ խնդիրները պարզ են:

Առավել հավանական է, որ այդ փոփոխություններն ուղղված են բուն տնտեսա-քաղաքական համակարգին, նոր իրավիճակում դրա տրանսֆորմացիային: Հայաստանում ներկայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ առկա համակարգն արդեն չի համապատասխանում արտաքին ու ներքին մարտահրավերներին եւ լիովին չի ընդգրկում հանրային բոլոր շերտերն ու տրամադրությունները: Իշխող ուժը եւ քաղաքական համակարգն իր բոլոր սեգմենտներով հետ է մնացել, ինչը բավական լուրջ սպառնալիք է դարձել համակարգի գոյության համար:

Նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, ապրիլյան պատերազմական գործողություններն ու հուլիսյան իրադարձությունները լիովին բացահայտեցին այս հանգամանքը: Հետահայաց դիտարկմամբ հետաքրքիր պատկեր է ստացվում. Դրանք փաստացի դարձան նույն գործընթացի շղթայի տարբեր օղակներ, որոնք միտված էին «համակարգային փոփոխությանը»: Դա կարող է վկայել, որ Հայաստանի իշխող համակարգի տրանսֆորմացիան նաեւ արտաքին «պահանջարկ» ուներ:

Այս գործընթացը փաստացի սկիզբ առավ 2014-ին, «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» եւ ներքին հեղաշրջման արդյունքում օլիգարխիայի կառավարության ձեւավորմամբ: 2015-ի փետրվարին «բուրժուա-դեմոկրատիան» հայտարարվեց կլոունադա եւ ցրվեց: Դրանից հետո օլիգարխիայի կառավարությունը հայտնվեց «օդում», իսկ Հովիկ Աբրահամյանը վերածվեց պարզ ֆունկցիոների, որի վրա պետք է դուրս գրվեր ողջ պատասխանատվությունը:

2015-ի վերջին ընդունվեց նոր Սահմանադրությունը, որով արմատապես փոխվում են կառավարման համակարգը եւ իշխանության ձեւավորման տրամաբանությունն ու մեխանիզմները, որոնց դեպքում օլիգարխիայի ու խաժամուժի ավանդական մեթոդաբանությունը կորցնում էր իր նշանակությունը:

Նոր Սահմանադրության ընդունման կապակցությամբ Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարեց այս մասին, սահմանելով նաեւ քաղաքական համակարգի գործունեության ու պետական կառավարման նոր սկզբունքները: Դրանք փաստացի փորձարկվեցին ՏԻՄ վերջին ընտրություններին:

2016-ի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունները եւ դրանից հետո Հայաստանում լայն թափ ստացած «հողերի հանձնման» արշավը հանգեցրին հուլիսյան իրադարձություններին, որոնց հանգուցալուծման արդյունքում Սերժ Սարգսյանը լուծեց երկու խնդիր՝ «հողերի թեման» դուրս եկավ միջազգային օրակարգից, իսկ ներքին ասպարեզում էլ «պայթեցվեց» զինված ապստամբությունը:

Թե ապրիլյան պատերազմի ու հետպատերազմյա իրադարձությունների, թե հուլիսյան իրադարձությունների ժամանակ մեդիայում ու հանրային հարթակներում բարձրացվեց կառավարման որակների եւ նոր կառավարության անհրաժեշտության թեման: Հանրային չափազանց մեծ դժգոհության ֆոնին այս խնդիրները հասունացվեցին, եւ օլիգարխիայի կառավարությունը ցրվեց:

Հայաստանում կարծես թե ավարտին է մոտենում անիշխանության շրջանը, որն ուղեկցել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ ժամանակաշրջանին: Ներկայում նա ձեւավորում է իր իշխանությունը, «մաքրելով» այդ ճանապարհը ներիշխանական ու արտաիշխանական դիմադրության հնարավոր օջախներից:

Նոր կառավարության կազմավորման տրամաբանությունը նույնպես ենթարկված է այս գործընթացին: Այն պետք է ավարտին հասցնի համակարգի տրանսֆորմացիան եւ այնպես անի, որ «մարդիկ հասկանան» իրականության փոփոխության մասշտաբները: Ըստ ամենայնի՝ այն մարդիկ, ովքեր կփորձեն դիմադրել, կամ չեն ունենա հանգիստ «հեռանալու առաքինությունը»: