Երբ է տեղի ունեցել հանգուցալուծումը

    • Մեկնաբանություն - 09 Հոկտեմբերի 2016, 13:56
2013 թվականը բավական լարված ու շրջադարձային էր Հայաստանի քաղաքականության մեջ, քանի որ նրա առաջ կանգնած էր Եվրոպական եւ եվրասիական նախագծերի միջեւ ինտեգրացիոն կուրսի ընտրության խնդիրը: Հայաստանը նախընտրեց Ռուսաստանից ռազմա-քաղաքական ու տնտեսական կախվածության ուժեղացումը:

Արեւելյան գործընկերության նախագիծը նախեւառաջ աշխարհքաղաքական նշանակություն ունի, եւ այդ իրադարձությունների իմաստավորումն առարկայական կլինի աշխարհքաղաքական համատեքստում: Ինքնին նախագիծը հակասական էր ներքուստ, քանի որ Ֆրանսիան ու Գերմանիան հենց սկզբից էնտուզիազմ չէին ցուցաբերում այդ հարցում, թեեւ Գերմանիան ավելի ուշ փոխեց իր դիրքորոշումը, հասկանալով նախագծի պրո-գերմանական ուղղվածությունը:

Մեծ Բրիտանիան, որն այս նախագծում աջակցում էր Լեհաստանին ու Շվեդիային, հասկացավ, որ այն պահանջում է մեծ ծախսեր, որին դեմ էր: Նման դիրքորոշում ունեին ԵՄ նոր անդամներն Արեւելյան Եվրոպայում:

Սակայն գլխավոր անբարենպաստ գործոնն այն էր, որ ԱՄՆ-ն վարում էր սահմանափակ արտաքին քաղաքականություն, այդ թվում Արեւելյան Եվրոպայում:

Ռուսաստանը ճշգրիտ հաշվարկների կարիք չուներ, եզրահանգելով, որ իրեն կհաջողվի տապալել նախագիծը տվյալ փուլում: Սակայն Արեւմտյան հանրության հետ քաղաքական խաղերում ցանկացած հաշվարկ վաղ թե ուշ բախվում է ուժերի ու ռեսուրսների համապատասխանության խնդիրներին, ինչպես նաեւ քաղաքական-գաղափարական հարցերին, որոնք ներկայում ընդունված է անվանել արժեքային:

Ռուսաստանը քաղաքական գանգստերիզմի մեթոդով տարածաշրջանի երկրներից գողացավ հաջող զարգացման մի քանի տարիներ եւ հետաձգեց գլոբալ փոփոխությունները Արեւելյան Եվրոպայում ու Եվրասիայում: Միեւնույն ժամանակ, ինքը Ռուսաստանը հայտնվեց միջազգային մեկուսացման ու շրջափակման մեջ, ինչից փորձում է խուսափել էքսպանսիոնիստական մեթոդներով:

Այս իրավիճակում շահեցին այն պետությունները, որոնք քաղաքական ու տնտեսական հարաբերություններով քիչ են կապված Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանը, Մոլդովան, Վրաստանը: Այս երկրները տարածքային կորուստների ու քաղաքական այլ զոհաբերությունների գնով ձեռք բերեցին Ռուսաստանից հեռավորության «իրավունք», եւ չնայած սոցիալական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներին, մեկ քայլ ավելի մոտ դարձան Արեւմտյան հանրությանը:

Այս խաղում գլխավոր խաղադրույքը Ուկրաինան է, որի ղեկավարությունն ուներ ներքին ու արտաքին քաղաքական ռեսուրսներ, որպեսզի այդ խաղում դառնար եթե ոչ լիարժեք, այնուամենայնիվ խաղացող, փորձելով Արեւմուտքից ու Ռուսաստանից պոկել առավելագույնը: Ուկրաինան, իհարկե, կհասնի դրան, եւ երեւում է՝ բավական արագ եւ գերադասելի դիրքերից:

Միակ պետությունը, որը մասնակցում էր նախագծին եւ չմոտեցավ Արեւմտյան հանրությանը, Հայաստանն էր:

Նախկինում կար պնդում, որ Հայաստանը մոռացության է մատնվելու եւ անհետանալու է միջազգային քաղաքականության ասպարեզից: Սակայն այլ պնդում էլ կար՝ սպասումները կարող են ավելի անբարենպաստ լինել, քան ենթադրվում էր: Ներկայում Հայաստանը քննարկումներից դուրս է, Արեւմտյան հանրության համար Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ ընդունել եւ իհարկե ավելի լավ կլինի մնա Ռուսաստանի վասալը:

Ինչպես կարելի է հարաբերություններ կառուցել ինքնիշխանությունը կորցրած պետության հետ: Դա անիմաստ է ու բավական վտանգավոր: Այդպիսով, Արեւմուտքը բավական նրբանկատ դուրս եկավ խաղից, հասկացնել տալով, որ «հարգում է Հայաստանի ընտրությունը»՝ մնալ վասալի կարգավիճակում:

Ինչ որ իմաստով Արեւմուտքն իր վրայից հանում է պատասխանատվությունը Հայաստանի տնտեսական ու սոցիալական զարգացման եւ անվտանգության հարցում: Նույնիսկ այն սահմանափակ ձեւաչափով, որը կար մինչ այժմ: Հայաստանի համար պատասխանատվությունը Արեւմուտքը հանձնարարել է Ռուսաստանին:

Բանակցությունների 3-4 տարիները բավական մեծ ժամկետ են երկարաժամկետ հեռանկարում եզրահանգումների համար: Այլընտրանքային երթուղիներով ապագայի վերաբերյալ հույսերը միամիտ են եւ ապաքաղաքական: Ակնարկները, թե որոշ ժամանակ անց Հայաստանը կկարողանա Եվրոպական միության հետ ստորագրել ինչ որ «խմբագրված» փաստաթուղթ, բավական կասկածելի են թվում:

Արեւելյան Եվրոպայում ճշգրտվելու են աշխարհքաղաքական դասավորության ծրագրերը, որտեղ Հայաստանը հիշատակվելու է երկու դեպքում՝ երբ անհրաժեշտ է լինելու ճնշում գործադրել Ռուսաստանի վրա; երբ անհրաժեշտ է լինելու բավարարել Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները:

Ընդ որում, հայ հանրությունը չի կարող վիրավորվել Արեւմուտքից, որը պահպանում է էթիկան, այդ ամենով հանդերձ: Եթե նույնիսկ ԱՄՆ-ն, իր շահերին համապատասխան, մտադրություն ունենա վերածնել հայկական պետականությունը, Եվրոպական միությունը հայերի հետ ցանկացած երկխոսության ու քայլի դեպքում պահանջելու է պարկեշտության ամուր երաշխիքներ, որոնք չկան ու չեն կարող լինել:

Հայ հանրությունն իրեն լիովին հարմարավետ է զգում եւ լիովին անտարբեր է սեփական պետականության կորստի հանդեպ: