Ալիեւը կողմ է արտահայտվել ստատուս-քվոյի պահպանմանը

    • Մեկնաբանություն - 08 Հոկտեմբերի 2016, 19:12
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին հայտարարել է, թե միջազգային հանրությունն Ադրբեջանից պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչին Բաքուն, ըստ Ալիեւի, չի գնա:

Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը Հայաստանում համարվում է անակնկալ, այն մասով, որ Ալիեւը փաստացի խոստովանում է, որ բանակցային օրակարգում Ղարաբաղի անկախության ճանաչումն է:

Իրականում, ամեն ինչ թերեւս այդքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Նախ, պետք է արձանագրել, որ Ալիեւը ներկայում գտնվում է բավական վճռորոշ մի հանգրվանում, որտեղ նա Ադրբեջանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, նավթի ցածր գնի, միաժամանակ տապալված պատերազմի փորձի պայմաններում ստիպված է ձեւավորել իշխանության «խանական» համակարգի առավել երաշխավորված եւ ընդգրկուն մեխանիզմները, ապահովելով Ալիեւների գրեթե հավերժական իշխանության ժառանգականությունը:

Ալիեւն այդ գործում չունի «կոնսոլիդացիայի» այլ փաստարկ, քան Ղարաբաղի հարցը: Այդ համատեքստում, Ադրբեջանի նախագահը շահագրգռված է իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես ամբողջ աշխարհը հայերի կողմից գործում է Ադրբեջանի դեմ եւ միայն իրեն սատարելով է, որ ադրբեջանցիները կարող են պաշտպանվել «համաշխարհային դավադրությունից»:

Ընդհանուր առմամբ, դա ամբողջատիրական իշխանական համակարգերի բնորոշ մարտավարություն է, որի առիթը տարբեր խնդիրներ են: Ադրբեջանի դեպքում այդ խնդիրը Ղարաբաղն է:

Այդպիսով, հատկապես ապրիլի անհաջող պատերազմից հետո Ալիեւը շահագրգռված է իրերի վիճակն այդպես ներկայացնել, որպեսզի արդարացնի նաեւ պատերազմի անարդյունավետությունը, ներկայացնելով, որ ոչ թե հայկական բանակին է պարտվել` որին «ճզմելու» մասին բարձրագոչ հայտարարություններ էր անում տարիներ շարունակ, այլ պարտվել է «ամբողջ աշխարհին», որ հայերի կողքին է:

Այդպիսով, Արցախի խնդրում Բաքվի դեմ «համաշխարհային դավադրություն» ներկայացնելու Ալիեւի ներքին մոտիվացիաները բավական հստակ են եւ ակնհայտորեն ուժեղ:

Դրան զուգահեռ, գուցե տարօրինակ հնչի, բայց ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահը իրավացի է: Խոսքն իհարկե ոչ թե «համաշխարհային դավադրության» առկայության մասին է, այլ պարզապես աշխարհքաղաքական իրողության, միտումների եւ հեռանկարների, որոնք առավել մեծ եւ խոստումնալից հնարավորություն են բացում հայկական կողմի քաղաքականության համար, քան Ադրբեջանի: Դրա պատճառները բազմաթիվ են, եղել են դրանց անդրադառնալու առիթներ ու դեռ անկասկած կլինեն:

Բայց, այդպիսին է իրողությունը: Ընդ որում, գուցե Բաքվի համար շատ ավելի վատ, քան այն, ինչ ներկայացնում է Ալիեւը:

Բանն այն է, որ մեղմ ասած մեծ կասկածներ կան, որ միջազգային հանրությունը Բաքվից չի էլ պահանջում ճանաչել Ղարաբաղը: Բաքվից «պահանջվում» է ավելին` ճանաչել ստատուս-քվոն:

Ղարաբաղի ճանաչումն ու ստատուս-քվոյի ճանաչումը եւ պահպանումը էապես տարբեր բաներ են: Ճանաչել Ղարաբաղը, նշանակում է դրա դիմաց ստանալ տարածք: Ի վերջո, հենց այդ տրամաբանությունն է ընկած եղել կարգավորման երկու տասնամյակ տեւող գործընթացի հիմքում:

Եվ հենց այդ տրամաբանությունն է, որ իրավիճակը հանգեցրել է փակուղու եւ ապակառուցողականության, սրելով եւ հասցնելով պատերազմի:

Ապրիլից հետո առավել քան պարզ դարձավ, որ Արցախի խնդրում կարգավորման հեռանկար գործնականում չկա, եւ որեւէ ջանք այդ ուղղությամբ, բացի պատերազմը մոտեցնելուց, չի տանելու ոչ մի տեղ: Հետեւաբար, խնդիրը պետք է լինի ոչ թե կարգավորումը, այլ պատերազմի կանխարգելման երաշխիքների ամրագրումը:

Հենց այդ տրամաբանությունն է դրված հրադադարի պահպանման մեխանիզմի վերաբերյալ ամերիկյան առաջարկում, որ պաշտպանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ Ֆրանսիան եւ ԵԱՀԿ գործող նախագահ, ԵՄ առաջատար Գերմանիան, բայց որը չի պաշտպանում եւ ամեն կերպ փորձում է տորպեդահարել համանախագահ Ռուսաստանը:

Միջազգային հանրությունն իրականում Ադրբեջանից պահանջում է ոչ թե ճանաչել Ղարաբաղը, այլ ճանաչել ստատուս-քվոն եւ պահպանել այն: Փաստացի, այդ մասին գրեթե բաց տեքստով մի քանի օր առաջ հայտարարեց նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քերին, ասելով, որ չկա կարգավորման հնարավորություն:

Միջազգային հանրությունը եկել է ռացիոնալ եզրահանգման, որ խաղաղությունն ու կայունությունը կախված են նրանից, թե միջազգային հանրությունն ինչ ջանք կգործադրի հրադադարի պահպանման մեխանիզմներն ամրացնելու ուղղությամբ:

Այդ իմաստով, խոսելով Արցախի ճանաչման միջազգային «պահանջի» առկայության եւ դրա անընդունելիության մասին, Իլհամ Ալիեւը մի կողմից արել է ներքին սպառման խիստ որոշակի շարժառիթ ունեցող հայտարարություն, մյուս կողմից փաստացի անուղղակիորեն կողմ է արտահայտվել ստատուս-քվոյի պահպանությանը, ստատուս-քվոն ճանաչելուն:

Ադրբեջանի իշխանության համար ինչպես Արցախի ճանաչումն է գործնականում անհնար, այդպես էլ գործնականում անհնար է հրապարակավ ճանաչել եւ հաշտվել ստատուս քվոյի հետ: Դա միանգամայն օբյեկտիվ իրողություն է: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանն իսկապես փակուղում է, առավել եւս ապրիլից հետո: Փակուղում է նաեւ Ադրբեջանի ռազմա-քաղաքական գլխավոր գործընկեր Ռուսաստանը:

Այդ իրավիճակում Ալիեւին թերեւս չի մնում այլ բան, քան սեփական հասարակությանը քողարկված հաղորդագրություններ հղել եւ այդպիսով փորձել առնվազն ենթագիտակցական մակարդակում տրամադրել ստատուս-քվոյին, քանի որ գիտակցական մակարդակում Ալիեւը իր հանրությանը տարիներ շարունակ տրամադրել է պատերազմի, հայատյացության, մարդատյացության:

Ադրբեջանի նախագահը փաստացի հայտնվել է իր թե ռազմական դիվանագիտության, թե այդ ատելության սնուցման քաղաքականության ծուղակում:

Ամենաընթերցվածը