Ինչ է սպասվում Ռուսաստանին Սիրիայում

    • Մեկնաբանություն - 08 Հոկտեմբերի 2016, 18:24
Ռուսաստանում խորհրդարանի ծիծաղելի ընտրություն է տեղի ունեցել: Ընտրությանը չի մասնակցել 50 միլիոնից ավելի մարդ՝ ընտրազանգվածի կեսից ավելին: Ինչպես գնահատել է ռուս կոմունիստների առաջնորդը, Ռուսաստանը պաշտպանության ոլորտում դարձել է բավական խոցելի եւ 6 տարի չի կարողանում դուրս գալ տնտեսական ճգնաժամից, հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ:

Մոսկվան այս իրավիճակում այլ բան չի գտել, քան մերձավորարեւելյան մսաղացը: Նույնիսկ Խորհրդային Միությունը դա չէր արել, քանի որ Մոսկվայում այն ժամանակ հասկանում էին, որ Մերձավոր Արեւելքը ռուսների համար լիովին օտար տարածաշրջան է:

Ներկայում ռուսներն այնպիսի կեղտի մեջ են, որ նրանց պետք է ոչ թե Մերձավոր Արեւելքը, այլ քաղաքական ինդուլգենցիա, այսինքն՝ ամեն գնով հասնել ամերիկացիների հետ բանակցային գործընթացի: Դրա համար պետք է ծախսել տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Ներկայում այս արկածախնդրությունն անարյուն է թվում, սակայն նման մսաղացի մեջ մտնելը նշանակում է ոչ միայն ավիաթռիչքներ, այլեւ բազմաթիվ զոհեր, երբ Սիրիան կդառնա երկրորդ Աֆղանստան Ռուսաստանի համար: Լինելու է «պատվավոր» հեռացում այդ երկրից, եւ Ռոզենբաումի նոր երգեր «200 բեռի» մասին:

Ռուսները հայտնել են Սիրիայում մշտական ռազմաբազայի մասին՝ Մերձավոր Արեւելքում երկարատեւ ներկայության հույսով: Սակայն այդ տարածաշրջանում գտնվելը չի նշանակում ռազմաբազայի առկայություն ժամանակավոր իշխող ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Չկա Մերձավոր Արեւելքի մի պետություն, որը շահագրգռված լինի Ռուսաստանի ներկայությամբ, այն էլ՝ ռազմական:

Թվում է շատ հեշտ է դառնում դիրքերը սուննիների ու շիաների բաժանելը, երբ ռուսներն իբր պաշտպանում են շիաներին: Նախ, դավանաբանական խաղադրույքը չի ստացվում, դա աթեիստական ու ցինիկ Ռուսաստանի գործը չէ: Ռուսները շարունակում են ներկայանալ որպես «մեծ տերություն», որը պետք է հենվի երկու եւ ցանկալի է հակառակ կողմերի վրա:

Սակայն առավել կարեւոր հանգամանք է այն, որ շիա աշխարհի առաջնորդը՝ Իրանը Ռուսաստանին դիտարկում է ոչ միայն որպես երկիր, որն ընդունակ է խաբել ողջ աշխարհի աչքի առաջ, այլեւ որպես հակառակորդ: Ռուսաստանը պետք չէ Իրանին որեւէ տարածաշրջանում՝ Կենտրոնական Ասիայից Մերձավոր Արեւելք:

Սիրիացի շիաների (շիա՞ են արդյոք նրանք) վերաբերմունքը Ռուսաստանին հաշվարկված է կոնյունկտուրային հանգամանքներին: Ռուսները հասկանում են սեփական ծրագրերի խոցելիությունը Մերձավոր Արեւելքում: Նրանց պատկերացումներով, Մերձավոր Արեւելքում ռազմական ներկայությունը պետք է վերջին փորձը դառնա ոչ թե այս տարածաշրջանից կառչելու, այլ ամերիկացիների հետ բանակցելու համար:

Ռուսները հասկացել են, որ իրենց դեմ ներկայիս պատժամիջոցները ժամանակավոր չեն եւ ուղղված են աղքատության ու մեկուսացման մեջ խեղդելուն: Ռուսները հասկացել են, որ ոչ մի տեղ աշխարհում պետք չեն ու որոշել են խցկվել այնտեղ, որը թվացել է ամենաբարենպաստը: Իհարկե, Մերձավոր Արեւելքը ոչ մեկի համար չի կարող բարենպաստ լինել, այնտեղ բոլորին սպասվում են ոչ միայն խոշոր ծախսեր, այլեւ զոհեր: Դա է գինը, որը ռուսները պատրաստ են վճարել համաշխարհային քաղաքակրթական դասավորություն վերադառնալու համար: Մերձավոր Արեւելքից հեռանալը որոշ մեծ տերությունների համար նշանակում է հրաժեշտ այդ կարգավիճակին: Դա սպասվում է նաեւ ռուսներին:

Նման լիովին սպասելի հեռանկարի պայմաններում լիովին այլ կերպ են դիտարկվում Սեւ ծովը եւ Կովկասը, այսինքն այն սահմանը, որտեղ Ռուսաստանը կարող է պաշտպանել իր դիրքերը: Ներկայում այս տարածաշրջանները ռուսների համար կդառնան կրակագծի վրա ընկած տարածություն:

Անկասկած կփոխվի Մերձսեւծովյան ու Կովկասյան երկրների դերն ու իրավիճակը, որոնք արդեն դարձել են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարության մասը: Ռուսաստանի առջեւ խնդիր է դրված ամրապնդվել Կովկասում ու Սեւ ծովում: Սակայն նոր ռազմավարություններ չեն նախատեսվում, բացառությամբ սեփական զինված ուժերի վերազինումը:

ՆԱՏՕ-ն փաստացի ինտեգրել է Ուկրաինան ու Վրաստանը: Ադրբեջանը բազմաթիվ երկմտանքներից հետո կշրջվի Ռուսաստանից եւ կդառնա թուրքական գոտի, ինչը կհանգեցնի այդ երկրի վերացմանը, նրա հարեւանների ջանքերով:

Հայաստանը կմնա Ռուսաստանի վասալը, առանց ինքնիշխանությունը վերականգնելու որեւէ հույսի: Այս պայմաններում, Ռուսաստանի համար չափազանց դժվար է պաշտպանել սեփական շահերը, հենվելով միայն Հայաստանի վրա, որը բացարձակապես շահագրգիռ չէ ռուսական շահերի պաշտպանությամբ:

Ռուսաստանը չկարողացավ դառնալ համաշխարհային մեծ տերություն, չկարողացավ դառնալ մեծ մերձավորարեւելյան տերություն, եւ հերթական փուլում ստիպված է ապացուցել, որ իրեն վիճակված չէ դառնալ կովկասյան մեծ տերություն: Մեկուսացված երկիրը ժամանակակից աշխարհում չի կարող դառնալ մեծ տերություն:

Ռուսաստանը շուտով կդադարի լինել նավթային մեծ տերություն, նրան կմնա տորֆային մեծ տերությունը, եւ դա նույնպես վատ չէ, հարկ է փորել տորֆը բարձիթողի ճահիճներում: