Գագիկ Ծառուկյանի անակնկալն ու Սերժ Սարգսյանի եռաժանին

    • Մեկնաբանություն - 08 Հոկտեմբերի 2016, 15:08
ԲՀԿ պատգամավոր Արշակ Մխիթարյանը news.am-ին ասել է, թե չի եղել կուսակցության պատգամավորների եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպում: Դրա մասին օրերս գրել էր Հայկական Ժամանակը, հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման է մեկնել կուսակցականների փոքր խումբ` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, որի մեջ եղել է նաեւ ԲՀկ աղմկոտ դեմքերից Աբրահամ Մանուկյանը: Ըստ թերթի, նրանք քննարկել են Ծառուկյանի վերադարձի հարցը:

Ըստ երեւույթին, հայկական ներքաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի «վերադարձի» թեմային փոխարինում է Ծառուկյանի վերադարձի թեման: Իհարկե, այդ վերադարձը բոլորովին այլ համատեքստում է, եւ թերեւս առավել իրատեսական, քան Քոչարյանի պարագայում: Իրատեսական, կամ գուցե ճիշտ կլինի ասել՝ քաղաքական զարգացումների տրամաբանությանը համարժեք:

Իհարկե, այստեղ անմիջապես հիշվում է այն, թե ինչպես է Ծառուկյանը հեռացել կամ հեռացվել քաղաքականությունից: Ընդ որում, հատկանշական է, որ այդ փուլը թերեւս կարող է համարվել Քոչարյանի «վերադարձի» թեմայի «գագաթնակետ»: Մեծ հաշվով, քաղաքականությունից աղմկոտ կերպով հեռացվեց Ծառուկյանը, բայց իրականում Քոչարյանին անաղմուկ «հեռացնելու» հարցը լուծելու համար:

Ավելին, հետագայում Ծառուկյանի հետ մասնակցելով մի շարք ապաքաղաքական բնույթի միջոցառումների, Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում էր հրապարակավ ի ցույց դնել, թե իրականում ում է հեռացրել, կամ` իրականում Ծառուկյանին չէ, որ հեռացրել է:

Անշուշտ, բավական անհարմար վիճակ է ստեղծում այն, որ չնայած իրական ենթատեքստին, հրապարակային մակարդակում այդուհանդերձ գրեթե ծաղրական վերաբերմունք դրսեւորվել է հենց Ծառուկյանի հանդեպ: Բայց Սերժ Սարգսյանը նոր կառավարությունը ներկայացնելիս ասաց` ոչ մի անձնական բան, ոչ մի նեղանալ: Դա ամենեւին նոր ներիշխանական բանաձեւ չէ եւ ամենեւին նոր կառավարության անդամներին կամ պաշտոնանկ լինողներին չէ, որ առնչվում է:

Հայաստանի իշխող համակարգն այդ տեսանկյունից բավական ռացիոնալ եւ պրագմատիկ է: Սերժ Սարգսյանն այդ պրագմատիզմի կանոնն էր փոխանցում համակարգ նոր մուտք գործող նախախարներին: Իսկ հնաբնակներն այդ կանոնին անկասկած արդեն տիրապետում են, այդ թվում Գագիկ Ծառուկյանը:

Ավելին, ժամանակի ընթացքում Ծառուկյանը թերեւս գիտակցեց, պատկերացրեց, նաեւ «կողքից» շոշափելիորեն տեսավ այն մարտահրավերների մասշտաբը եւ խորությունը, որոնց հորձանուտից Սարգսյանը փաստորեն դուրս բերեց Ծառուկյանին, դրանով իսկ ստեղծելով լիովին նոր ներքաղաքական եւ ներիշխանական իրավիճակ: Դրանից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ արդեն իշխող համակարգի, իշխանության դինամիկ վերադասավորմանը:

Ահա այդ գործընթացի ներկայիս տրամաբանության շրջանակում Գագիկ Ծառուկյանի «վերադարձը» կարող է շոշափվել եւ լինել քննարկվող խնդիր:

Սերժ Սարգսյանը նշանակել է նոր կառավարություն, որի խնդիրն է փոխել սոցիալ-տնտեսական միջավայրը: Միաժամանակ, Սարգսյանը ձեւակերպել է նաեւ ռազմավարական խնդիր` ՀՀԿ-ին հաղորդել նոր «ոգի»: Այլ կերպ ասած, նոր կառավարության ռազմավարական խնդիրը նոր ՀՀԿ ձեւավորելն է:

Դա նշանակում է, որ անխուսափելի է դառնում նոր կառավարության եւ ՀՀԿ բախումը: Այդ բախումը ներկայում ստվերային է, սակայն ժամանակի ընթացքում դա անխուսափելիորեն առարկայանալու է, եթե կառավարությունը զբաղվի իրական գործով: Հայաստանում իրավիճակը իսկապես փոխելու համար հնարավոր չէ գործ անել ու չբախվել ՀՀԿ-ի, կամ նույնն է՝ քրեական օլիգարխիայի շահին:

Կարեն Կարապետյանը չունի ՀՀԿ հենարան: Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ չի պատրաստվում թուրը ձեռքին անմիջականորեն գլխավորել նրա պայքարը ՀՀԿ-ի դեմ: Սերժ Սարգսյանը փորձելու է խաղալ հավասարակշռության սկզբունքով, տարբեր ուժային կենտրոնների միջոցով:

Դրանցից մեկն էլ կարող է դիտարկվել Գագիկ Ծառուկյանը, ով իր վերադարձով կհակակշռի ՀՀԿ ներկայիս մեծամասնությանը: Բանն այն է, որ այդ մեծամասնությունը նոր կառավարության հետ շահերի բախման պայմաններում անկասկած փորձելու է օգտագործել սոցիալական դժգոհությունը, տարբեր խողովակներով: Այդ տարբերակն էր գործադրվում Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ:

Ընդ որում, դրանում առանցքային դեր ուներ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ով, որն այդ դժգոհության առաջնագծում էր, լոկոմոտիվը: Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ այդ տարբերակն աշխատեց նկատելի արդյունավետությամբ:

Չկա Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ քրեա-օլիգարխիկ մեծամասնությունը անկասկած կգտներ կառավարության դեմ սոցիալական դժգոհության գեներացման նոր հենարան, ընդդիմադիր դաշտում անկասկած կգտնվեին այդ խնդրի սպասարկմանը պատրաստ ուժեր, եթե արդեն չեն գտնվել:

Այդ իրավիճակում, երբ Ծառուկյանը «վերադառնում» է քաղաքականություն, բայց այս անգամ արդեն Սերժ Սարգսյանի հետ «հսկիչ փաթեթային» փոխհամաձայնությամբ, նա արդեն ոչ թե հանդիսանում է կառավարության դեմ գրոհի առաջապահ գունդը` ինչպես Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակաշրջանում, այլ հակառակը` Ծառուկյանը փաստորեն կարող է լինել նոր կառավարությանը սոցիալական դժգոհության գեներացիոն ալիքից պաշտպանող, միաժամանակ ՀՀԿ մեծամասնությանը զսպող ռեսուրս:

Այդ տեսանկյունից, Ծառուկյանի հնարավոր վերադարձը փաստացի կամբողջացնի ՀՀԿ վերափոխման եւ ներկայիս ուժերի հարաբերակցությունն ամբողջապես եւ անշրջելի փոխելու միտված Սերժ Սարգսյանի եռաժանին` նոր կառավարություն, իրավապահ համակարգ, Գագիկ Ծառուկյան:

Ամենաընթերցվածը