Կարեն Կարապետյանը գիտե այդ փողի տեղը

    • Մեկնաբանություն - 08 Հոկտեմբերի 2016, 13:19
Շնորհավորելով Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին, վարչապետ Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ նա նոր մշակույթ կբերի ռեգիոնալ կառավարման ոլորտում:

Ռեգիոնալ կառավարման նոր մշակույթը Հայաստանի համար կարեւոր անհրաժեշտություն, նաեւ ռեսուրս է: Բայց Հայաստանին ռեգիոնալ կառավարման նոր մշակույթից առաջ անհրաժեշտ է ռեգիոնալ կառավարման նոր կառուցվածք: Մարզպետարանը, որպես ռեգիոնալ կառավարման օղակ, պետք է վերացվի, այն բացարձակապես ավելորդ ճոխություն է Հայաստանի համար` թե ռեսուրսային իմաստով, թե որպես բյուրոկրատիայի եւ կոռուպցիայի ավելորդ ռիսկ:

Ըստ այդմ, Հայաստանում ռեգիոնալ կառավարման նոր մակույթը պետք է գա ոչ թե մարզպետներից, այլ հենց կառավարությունից: Պետք է ձեւավորվի կառավարման նոր կառուցվածք, որն էլ կթելադրի նոր մշակույթ, որտեղ կենտրոնական կառավարման կառույցները անմիջականորեն կհարաբերվեն ՏԻՄ իշխանության հետ:

Հայաստանի մի ծայրից մյուսը հնարավոր է անցնել մի քանի ժամում, եւ հազիվ թե հարկ կա կենտրոնական իշխանության եւ ՏԻՄ միջեւ ստեղծել ինչ որ «պրովայդեր» կառույցներ: Դա թույլ կտա խնայել հարյուրավոր եւ նույնիսկ միլիարդավոր դրամներ, ուղղել դրանք համայնքային զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի:

Օրինակ, գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը, զբաղվելով Աղավնաձորի խաղողագործների պարտքի խնդրով, արեց մի քանի հատկանշական հայտարարություն` գյուղատնտեսության զարգացման հեռանկարի վերաբերյալ: Նա փաստացի արձանագրեց կարեւորը` պետության դերն ու առաքելությունը չի կարող լինել գյուղի, գյուղացու խնամակալությունը: Պետությունը պետք է ստեղծի գյուղացու համար տնտեսվարման, բիզնեսի նպաստավոր պայմաններ:

Ներկայում, մարզպետարանների տեսքով, պետությունը տարեկան կորցնում է ահռելի միջոցներ, որոնք կարող են ուղղվել հենց գյուղատնտեսության զարգացման հիմքերի ներդրմանը, գյուղացուն խնդրարկուի կարգավիճակից դուրս բերելուն:

Կամ, գործնականում նույն տրամաբանությամբ է խնդրին մոտենում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կրկին արձանագրելով առանցքային խնդիրը` պետությունը չպետք է լինի մշակույթի խնամակալ: Պետությունը կարող է իրականացնել մշակութային ծրագրեր, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է ունենա մշակույթ, որն ինքնաբավ է, կարողանում է պահել ինքն իրեն, մրցունակ է, կենսունակ, մոտիվացված է ոչ թե իշխանությունից ինչ որ բան ստանալու համար քծնանքի մրցության, այլ ստեղծագործելու հարցում:

Դա ահռելի նշանակություն ունի Հայաստանում հանրային մշակույթի, հասարակական հարաբերությունների մշակույթի համար:

Կրկին խոսքն արմատական բերափոխումների մասին է, որի համար անհրաժեշտ է փող, ներդրումներ, որոնք կձեւավորեն որոշակի ինստիտուցիոնալ միջավայր, ենթակառուցվածքային ելակետ: Փողը Կարեն Կարապետյանի կառավարության գլոբալ խնդիրն է` փողն ու ՀՀԿ-ն: Ընդ որում, դրանց լուծումները կարող են փոխկապակցված լինել:

Հայաստանում կան ֆինանսական ներդրում պահանջող մի շարք ելակետային հարցեր, որոնք կլինեն ապագային միտված, որոնք «ձուկ տալու փոխարեն» կապահովեն «ձուկ որսալու» հնարավորություն: Զարգացման այլ ճանապարհ պետությունը չունի:

Հայաստանի պետությունը տարիներ շարունակ ասում է, որ փող չունի: Ունի ահռելի պարտք: Միեւնույն ժամանակ, տարեկան ոչ քիչ փողեր է ծախսում ահռելի պետական կառավարման համակարգը պահելու, կառուցվածքային մի շարք ավելորդ օղակները` ինչպիսին օրինակ մարզպետարաններն են, պահպանելու համար:

Այդ խնդիրը անկասկած կբերի բյուջետային աշխատանքից զրկված քաղաքացիների սոցիալական դժգոհության: Դա իհարկե բավական ցավոտ հարց է: Բայց բարեփոխումը, կառուցվածքային վերափոխումը շատ կարեւոր է նաեւ հենց այդ քաղաքացիների, նաեւ նրանց զավակների համար, քանի որ խնայվող փողով ենթակառուցվածքային նոր, արդիական միջավայրի ձեւավորմանն ուղղված ներդրումները հնարավորություն են ստեղծելու նաեւ հենց այդ մարդկանց եւ ամենակարեւորը` նրանց զավակների համար, նրանց համար են նաեւ ձեւավորելու մոտիվացիոն նոր միջավայրը, այդ միջավայրում մրցունակ անհատ դառնալու հեռանկարը:

Ամենաընթերցվածը