Այն, ինչից սարսափում են պաշտոնից հեռացողները Հայաստանում

    • Մեկնաբանություն - 07 Հոկտեմբերի 2016, 21:15
Պաշտոնից հեռացող օդիոզ պաշտոնյաների պարագայում հանրությանը հետաքրքրող եւ շատ քննարկվող հարցերից մեկը լինում է այն, թե իրականում որքանով է տվյալ պաշտոնյան իշխանության մեջ դադարել լինել ազդեցիկ, հարց լուծող, հարցեր որոշող, որքանով էր պաշտոնանկությունը զուտ ձեւական, քարոզչական, հասարակական տրամադրությունների վրա ազդելուն միտված:

Այլ կերպ ասած, ինչքանով է պաշտոնյան իշխանությունից զրկվում դե ֆակտո` դե յուրե զրկվելու պարագայում: Օրինակ, ՀՀԿ-ական հայտնի պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, արդեն մի քանի տարի է, ինչ Էրեբունի համայնքի ղեկավար չէ, սակայն փաստացի շարունակում է լինել համայնքի ամենաազդեցիկ դեմքը, դե ֆակտո ղեկավարը:

Կամ, երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ եղավ առաջին անգամ` աղմկոտ եւ ողբերգական պատմությունից հետո, նա փաստացի շարունակում էր մարզի ամենաազդեցիկ դեմքերից մեկը լինել եւ դե ֆակտո գործնականում չէր կորցրել իշխանությունը:

Ըստ այդմ էլ հանրության մոտ նրա երկրորդ պաշտոնանկությունից հետո առաջանում է հարցը, թե որքանով է այդ պաշտոնանկությունը ձեւական եւ արդյոք Լիսկան այլեւս իշխանության մեջ չունի այն ազդեցությունն ու դերակատարումը, թեկուզ Սյունիքի մարզի մասով, որ ուներ մինչ մարզպետի պաշտոնից երկրորդ անգամ հեռացվելը:

Այստեղ իհարկե միարժեք պատասխան հարցը չունի: Որովհետեւ իշխանության այդօրինակ որոշումները չեն կայացվում «ունիվերսալ» սկզբունքների եւ մոտեցումների հիման վրա: Այդօրինակ որոշումները իշխանության հանգամանալից դիտարկումների, շահերի չափման, ռիսկերի գնահատման արդյունք են: Սուրիկ Խաչատրյանը հեռացվում է երկրորդ անգամ, բայց երկու այդ հեռացումները պատճառների եւ շարժառիթների առումով լիովին տարբեր են:

Ըստ այդմ, դե յուրե եւ դե ֆակտո հեռացումների խնդիրը պայմանավորված է նրանով, թե կոնկրետ ինչ խնդիր է դրել իշխանությունն իր այդ քայլում, ինչ պատճառներ ու մոտիվներ են դա պայմանավորում:

Դրա վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալ հասարակությունն իհարկե չի կարող, համապատասխան ծավալի եւ բնույթի տեղեկատվության անհասանելիության պատճառով:

Բայց, անհրաժեշտ է թերեւս նկատի ունենալ մի հանգամանք, որն անխուսափելի է երեւի թե բոլոր այդօրինակ դեպքերի համար:

Երբ պաշտոնյան հեռացվում է իշխանության դե յուրե լծակից, նա կորցնում է շատ կոնկրետ հնարավորություն, թեկուզ տեսական մակարդակում: Եվ որքան էլ այդ պաշտոնյան ստացել է հավաստիացումներ, որ այդ հնարավորության կորուստը չի օգտագործվի նրա դեմ, միեւնույն է, նա առնվազն այդ դե յուրե հնարավորության մասով կորցրել է իրավիճակի վրա ազդելու, իրավիճակը վերահսկելու, կառավարելու մի լծակ:

Դա առնվազն փոփոխություն է առաջացնում նրա հոգեբանության մեջ, նրա հանդեպ հոգեբանության մեջ: Եվ ժամանակն այդ պարագայում չի աշխատում նրա օգտին, այլ աշխատում է նրա դեմ: Դա բոլոր հակասահմանադրական, օրենքի եւ իրավունքի շրջանակից դորս ձեւավորվող եւ գործող իշխանություններին բնորոշ իրավիճակ է: Դա է պատճառը, որ նրանք չեն ցանկանում հեռանալ իշխանությունից, հեռանում են ստիպված: Դա զուտ իշխանատենչության խնդիր չէ: Նրանք կյանքն ավելի են սիրում, քան իշխանությունը: Եվ մեծ հաճույքով կթողնեն իշխանությունն ու կգնան կյանքը վայելելու: Պարզապես բոլորը գիտեն, որ առանց իշխանության չկա կյանք: Որովհետեւ իրենք չեն իրենց իշխանության տերը, այդ իշխանությունը սկսում է Հայաստանում, բայց խոշոր հաշվով չի ավարտվում Հայաստանով:

Այդ խնդիրն ընդհանրապես չունի աշխարհագրական տարածք: Եթե իշխանության սահմանն օրենքն ու Սահմանադրությունը չեն, ուրեմն այդ իշխանությունը սահման չունի, այսինքն մատչելի է բոլոր կողմերից: Ըստ այդմ, մնում է կամ վերցնել աշխարհը, կամ վախենալ աշխարհից:

Հայաստանի իշխող համակարգը չունի աշխարհը վերցնելու հնարավորություն, հետեւաբար մնում է վախենալ աշխարհից: Հայաստանի իշխանության համար պայքարի հիմքում իշխանատենչությունը չէ, այլ վախը: Հայաստանի իշխող համակարգը վաղուց է դուրս եկել «իշխանատենչության» տարիքից: Այդ համակարգը այլեւս բավական փորձառու է սեփական իշխանության բնույթը հասկանալու եւ վախենալու համար:

Հետեւաբար, իշխանության դե յուրե լծակից զրկվող որեւէ մեկը չի կարող առնվազն չվախենալ, առավել եւս, երբ տեսնում է, թե ինչ վախենալու բաներ են կատարվում աշխարհում:

Ամենաընթերցվածը