Ջոն Քերին ստատուս-քվոն պահելու ակնարկով զայրացրել է Մոսկվային ու Բաքվին

    • Մեկնաբանություն - 07 Հոկտեմբերի 2016, 16:26
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օրերս խոսելով արցախյան հակամարտության մասին, հայտարարել էր, որ կարգավորման հեռանկար չկա, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ չեն դրան: ԱՄՆ պետքարտուղարի այդ հայտարարությունը դիվանագիտական լեզվից բերելով «իրական քաղաքականության» դաշտ, փաստացի ստանում ենք դիրքորոշում առ այն, որ պետք է պահպանվի ստատուս-քվոն եւ լուծվի ընդամենը հրադադարի պահպանման ավելի կայուն երաշխիքի հարց:

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵԱՀԿ գործող նախագահող Գերմանիան արդեն տեւական ժամանակ, իսկ ապրիլի քառօրյա պատերազմից հետո բավական աշխույժ փորձում են դրա համար ներդնել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմ, ինչը փաստացի նշանակելու է ստատուս-քվոյի միջազգայնորեն ամրագրում եւ ինչ որ իմաստով նաեւ Արցախի սուբյեկտության ճանաչում:

Այդ մեխանիզմի գաղափարին դեմ են Ադրբեջանն ու Մոսկվան:

Ապրիլի պատերազմը Բաքվին եւ Մոսկվային դրեց բավական բարդ դրության մեջ, քանի որ հայկական բանակը թույլ չտվեց իրականացնել «կազանյան պլանի» պատերազմական տարբերակը: Միաժամանակ, հայկական բանակը դրանով իսկ ստեղծեց ռազմա-քաղաքական նոր իրավիճակ, թե Ադրբեջանին, թե նրան միլիարդավոր դոլարների սպառազինությամբ զինած եւ քաղաքական աջակցություն ցուցաբերած Մոսկվային դնելով նոր իրականության եւ փաստի առաջ, սահմանափակելով ռազմական դիվանագիտության, ռազմատենչության, շանտաժի հնարավորությունները:

Դրանից հետո եղավ Վիեննայի Վեհաժողովը` ԱՄՆ նախաձեռնությամբ, որտեղ օրակարգում էլ ավելի առաջնային պլան բերվեց հրադադարի մեխանիզմի հաստատումը: Բայց, մեկ ամիս անց, եղավ Ռուսաստանի նախաձեռնությամբ երկրորդ հանդիպումը, որում Մոսկվան փորձեց օժանդակել Բաքվին հրադադարի մեխանիզմը հետին պլան մղելու հարցում: Այդ խնդիրը նկատել էր նաեւ Ֆրանսիան, որի դեսպանը Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից անմիջապես հետո հայտարարեց Երեւանում, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության մեջ նշվում էր միայն մոնիտորինգի խմբի կազմն ընդլայնելու մասին, այդուհանդերձ իրենց համար առաջնային շարունակում է մնալ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումը:

Ֆրանսիայի դեսպանը նույն օրը հայտարարեց նաեւ, որ Փարիզը ջանք է գործադրելու երրորդ հանդիպումը կազմակերպելու համար: Ակնհայտ էր, որ այդ ջանքով Փարիզն ու Վաշինգտոնը փորձելու էին Ալիեւին բերել հրադադարի մեխանիզմին, Վիեննայի օրակարգին:

Հետաքրքիր է, որ երրորդ հանդիպումն այդպես էլ տեղի չի ունենում, չնայած ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան փորձում են կազմակերպել այն: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս հայտարարություն արեց այն մասին, որ հույս ունեն առաջիկայում կազմակերպել նախագահների նոր հանդիպում, ստանալ դրա համար նրանց համաձայնությունը:

Հատկանշական է, որ վերջին օրերին ինտենսիվացել են հրադադարի խախտումները արցախ-ադրբեջանական սահմանին: Արցախի ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կարծես թե ընտրել է իրավիճակի լարման մարտավարություն:

Չի բացառվում, որ Մոսկվան ու Բաքուն այդպիսով փորձում են կամ տապալել երրորդ հանդիպման եւ Վիեննայի օրակարգին վերադարձի նոր ջանքը, կամ պարզապես դրանով ազդել հնարավոր երրորդ հանդիպման օրակարգի ձեւավորմանը եւ զսպել հրադադարի մեխանիզմի ներդրման, այսինքն ստատուս-քվոն փաստացի միջազգայնորեն ամրագրելու հեռանկարը:

Ահա այդ ֆոնին բոլորովին պատահական չէ, որ Ջոն Քերիի հայտարարությունը դժգոհ արձագանքի է արժանացել Բաքվում եւ Մոսկվայում: Նախօրեին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էր դժգոհել ԱՄՆ պետքարտուղարի այդ դիրքորոշումից, իսկ այժմ էլ դրա վերաբերյալ դժգոհություն է հայտնում Ալիեւի աշխատակազմից հայտնի Նովրուզ Մամեդովը:

Ապրիլի պատերազմից հետո Բաքվի եւ Մոսկվայի ռազմական շանտաժի դիվանագիտությունը արգելափակվել է: Մոսկվան նույնիսկ ստիպված եղավ հիշել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորության մասին եւ մատակարարել որոշակի սպառազինություն, որը Հայաստանին օժտում է զսպման գործուն մեխանիզմով: Բայց, իհարկե լայնամասշտաբ պատերազմի զսպման, իսկ այն, ինչ առաջարկում են Վաշինգտոնը, Փարիզն ու Բեռլինը, օժտված է նաեւ լոկալ լարումները զսպելու ներուժով, ինչը փաստորեն դուր չի գալիս Մոսկվային ու Բաքվին, որոնք թերեւս հույս ունեն երբեւէ հաղթահարել ապրիլյան արգելափակումը եւ կրկին անցնել գործուն շանտաժի: