Ժպտացեք, պարոնայք, քիչ է մնացել

    • Մեկնաբանություն - 06 Հոկտեմբերի 2016, 09:48
Երեկ Ազգային ժողովում պատգամավոր Թեւան Պողոսյանը նկատեց, որ ի տարբերություն նախորդ քառօրյայի, այս անգամ կառավարության անդամների դեմքի արտահայտությունը փոխվել էր:

«Պարոն վարչապետ, ժպտալն ամենաշատը ձեզ է սազում, այնպես որ ըտենց մի նստեք: Գիտեմ, որ երկրի վիճակը շատ ծանր է, բայց սպասում ենք լավ ծրագրի՝ համակարգային փոփոխություններով», վարչապետին հորդորել է Թևան Պողոսյանը:

Երեկ ժպիտ կար միայն Վիգեն Սարգսյանի դեմքին, այն էլ երեւի այն պատճառով, որ մեկ օր առաջ էր նշանակվել, դեռ «տաք» էր:

Վարչապետն այս ընթացքում արդեն երկու անկեղծ հայտարարություն է արել: Առաջինը, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է:

Երկրորդ հայտարարությունը երեկ էր, երբ նրան հարցրին, թե ինչպես է պատրաստվում բարձր որակավորման կադրեր ներգրավել ցածր աշխատավարձի պայմաններում, առավել եւս, որ աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում:

«Պայմանավորվել ենք, չէ՞ անկեղծ խոսենք: Չգիտեմ, իրոք չգիտեմ», ասել է նա:

Արդն իսկ դրական է, երբ պետական բարձրագույն պաշտոնյան անկեղծ է: Իհարկե, պետական բարձրագույն պաշտոնյային վայել չէ, երբ չգիտե ինչ անել, բայց հայաստանյան իրականության պայմաններում այդ անկեղծությունն ավելի լավ է, քան որեւէ այլ պատասխան:

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության վիճակն ավելի ծանր է, քան «չափազանց ծանրը», եւ խնդիրը միայն տնտեսական իրողությունները չեն: Խնդիրը համակարգային խորը ճգնաժամն է մեր կյանքի բոլոր ոլորտներում: Սա նույնիսկ արդեն Ավգյան ախոռ չէ, երբ հերոսը գետի ջրերը շրջեց դեպի այն ու մաքրեց:

Ընդ որում, սա այն դեպքն է, երբ «հատակը» չի երեւում, երբ կարելի է ինչ որ մեկնակետ, զրոյական կետ սահմանել եւ այդտեղից էլ սկսել: Եթե խնդիրը միայն տնտեսությունը լիներ, հատակը կերեւար: Իրավիճակն ավելի լուրջ է, որովհետեւ անկումը տեղի է ունենում հանրային-քաղաքական մտքի, մտածողության, արժեհամակարգի շարունակական պարզունակացման եւ դեգրադացիայի պայմաններում:

Կառավարության նոր անդամներից մի քանի օր պահանջվեց իրավիճակին ամբողջությամբ ծանոթանալու եւ գիտակցելու համար: Առավել եւս «դրսից» մարդկանց համար պատկերն առավել քան հստակ ու ամբողջական է երեւում:

Ի՞նչ անել: «Ելք չկա միայն գերեզմանից», ասում է հին ռուսական ասացվածքը: Մնում է գտնել, եթե իհարկե այս մեռյալ հասարակական-քաղաքական համակարգը չի ձգտում արդեն ֆիզիկական չգոյության:

Մինչ այդ, Թեւան Պողոսյանի հորդորը չափազանց տեղին էր: Ժպտացեք, պարոնայք, քանզի բոլոր հիմարություններն արվում են դեմքի լուրջ արտահայտությամբ, կասեր Հիսուսին մարմնավորող բարոն Մյունհաուզենը ռուսական հայտնի ֆիլմից:

Ժպտացեք ու հիմարություններ աշխատեք չանել, ամեն ինչ լավ է լինելու: Քիչ է մնացել: Դրա առաջին նախադրյալն արդեն իսկ կա՝ իրավիճակի գիտակցումն ու անկեղծությունը: Վարչապետն ասում է, որ պետք է գտնել մարդկանց, որոնք միսիա են տեսնում: Սա էլ երկրորդ նախադրյալն է:

Ամենաընթերցվածը