Անսպասելի հաղթանակ

    • Մեկնաբանություն - 05 Հոկտեմբերի 2016, 10:29
Երեկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկական վերածնունդ կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, գանգատվեցին, որ ժողովուրդը գնում ու ՀՀԿ-ին է ձայն տալիս:

Այս գանգատները նոր չեն եւ հետեւում են բոլոր տեսակի ընտրություններին: Զարմանալին այն է, որ այդքան ընտրություններից հետո քաղաքական կուսակցություններն այդպես էլ չեն հասկացել, թե ինչու է այդպես:

Նիկոլ Փաշինյանի «6000 վստահված անձ» մեխանիզմը փաստացի չաշխատեց այն առումով, որ «ժողովուրդը գնում ու ձայն է տալիս» ՀՀԿ-ին կամ իշխանությանը: Հնարավոր է՝ այդ պատճառով է նա նախատել հանրությանը: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում, թե որտեղից է գալիս այդ վստահությունը, որ ժողովուրդը ձայն է տալիս միայն ընդդիմությանը, եւ խնդիրն այդ ձայները պահելն է: Թեեւ, հանուն արդարության, Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ այն մասին, որ հնարավոր է՝ խնդիրը միայն ժողովրդի քվեարկությունը չէ, խնդիրը նաեւ ընդդիմության մեջ է:

Խնդիրն իսկապես ընդդիմության մեջ է, եւ առաջին հերթին՝ քաղաքական պայքարի, հաղթանակի ու պարտության, ընդհանրապես քաղաքականության իմաստի ընկալման մեջ: Այս հանգամանքը հատկապես ընդգծվեց ՏԻՄ ընտրությանը, երբ «ժողովուրդը գնաց ու ձայն տվեց ՀՀԿ-ին»: Ընդ որում, դա առավել ցայտուն ընդգծվեց հենց ՔՊ եւ ՀՎԿ-ի պարագայում:

ՔՊ-ն արդեն հաղթանակ է տարել՝ Նոր Կյանք գյուղում: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, սակայն, համարում է, որ պարտություն է կրել ՏԻՄ ընտրությանը, եւ հրաժարական է տվել: Կուսակցությունն, այսպիսով, համարում է, որ Նոր Կյանքում հաղթանակը փոքր ու աննշան մի բան է, եւ ինքը պարտություն է կրել:

Հայկական վերածնունդը բավարար արդյունքներ է ունեցել ՏԻՄ ընտրությանը եւ մասնավորապես Գյումրի ու Վանաձոր քաղաքներում: Վանաձորում հետաքրքիր իրավիճակ է առաջացել՝ եթե ՀՎԿ-ն աջակցի Լուսավոր Հայաստանի թեկնածուին, վերջինս կդառնա քաղաքապետ, եւ ՀՀԿ-ն կկորցնի իշխանությունը քաղաքում: ՀՎԿ-ն գանգատվում է, որ ժողովուրդը ձայն է տալիս ՀՀԿ-ին, սակայն Վանաձորում հրաշալի շանս ունի հաղթել ՀՀԿ-ին: Եթե ՀՎԿ-ն կատարի այդ քայլը, Վանաձորի քաղաքապետը կլինի նաեւ իր քաղաքապետը, քանի որ իր շնորհիվ է նա դառնում քաղաքապետ: Բացի այդ, ՀՎԿ հեղինակությունն ու արժեքը կտրուկ կբարձրանա:

Արդյոք սա իրական հաղթանակ չէ: Սակայն ՀՎԿ-ն առայժմ գանգատվում է ընտրողից եւ պայմաններ դնում Լուսավոր Հայաստանին:

Այս երկու դեպքը ցույց են տալիս, որ հայկական ընդդիմությունը շարունակում է մնալ պարզունակ պատկերացումների ու կաղապարների մեջ, իսկ իրական հաղթանակն անսպասելի է այնքան, որ փաստացի արժեք չունի:

Երկուսն էլ «առանձին վերցրած» մի համայնքում կարող են սկսել այն գործընթացը, որը բերելու է համակարգային փոփոխության: Նոր մոդելի կիրառումը համայնքներում կարող է դառնալ այն «վիրուսը», որը կվարակի ողջ համակարգը: Ամբողջ աշխարհում անխոցելի թվացող համակարգերն ապամոնտաժվել են հենց այդ մեխանիզմով: Արդյոք սա չէ քաղաքականության, հաղթանակի իմաստն ու արժեքը, քաղաքական ուժի անելիքը:

Հայկական ընդդիմությունը տարիներ ի վեր հայտարարում է, թե իրենց «մանր հարցերը» չեն հետաքրքրում, իրենք կարեւոր, գլոբալ հարցերով են զբաղված: Հենց այդտեղ էլ տեղի է ունենում պարտությունը, քանի որ ժողովրդին «գլոբալ հարցերը» խոշոր հաշվով չեն հետաքրքրում: Ժողովուրդը քվեարկում է խիստ պրակտիկ ու կոնկրետ, ցավոք կամ բարեբախտաբար:

Ամենաընթերցվածը