Վարչապետի անակնկալը ՀՀԿ-ին

    • Մեկնաբանություն - 02 Հոկտեմբերի 2016, 18:24
«Պրիմիտիվ գողությունը դադարեցնելու» վերաբերյալ Կարեն Կարապետյանի կոչը լայն արձագանք է ունեցել, եւ դա բնական է: Առաջին անգամ պետական բարձրագույն պաշտոնյան գողության մասին խոսում է որպես փաստ, եւ դա նաեւ ինչ որ առումով հաղորդում է հանցագործության մասին:

Իրավապահները, ճիշտ է, տեղից չեն շարժվել, վարչապետի հայտարարությունն առայժմ իրավական հետեւանք չի ունեցել: Երեւում է՝ շփոթմունքի մեջ են, բացի այդ՝ հրահանգ չունեն: Սակայն վարչապետի այս հայտարարությունը վաղեմության ժամկետ ըստ էության չունի, եւ հարցը մնում է «օդում կախված»:

Այս օրերին ՀՀԿ բարձրաստիճան ֆունկցիոներները մեկը մյուսի հետեւից անհոդաբաշխ մեկնաբանություններ էին տալիս վարչապետի հայտարարությանը, հայտնվելով զավեշտալի վիճակում: Նրանցից մեկն ասում էր, թե գողությունը գողանալ բառը չէ, մյուսը՝ թե Կարեն Կարապետյանը փիլիսոփայության մասին է խոսել, երրորդ՝ գողություն ու գողեր չկան, վարչապետը երեւույթն է նկատի ունեցել, եւ այլն:

Վարչապետն իր հայտարարությունն արել էր ավիատոմսերի գնման խնդրի կապակցությամբ, սակայն նրան բոլորն էլ ճիշտ են հասկացել՝ թե հանրությունը, թե ՀՀԿ-ն: Գողությունն ամենուր է, հանրապետականներն էլ Նժդեհի սիրուն աչքերի համար չեն անդամակցել այդ կուսակցությանը, այլ՝ գողության իրավունք ստանալու համար:

Վարչապետը փաստացի տվել է ՀՀԿ-ի վերջնական ախտորոշումը, որից հետո պետք է լինի «բուժումը», կամ ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել՝ «ՀՀԿ-ին նոր ոգի տալը»: Եթե այդ ոգին իսկապես տրվի, այսինքն՝ «պրիմիտիվ գողությունը» վերացվի,- որովհետեւ հակառակ դեպքում չի լինի նոր ոգի, նորը ՀՀԿ-ի պարագայում այդ գողությունը վերացնելն է,- ՀՀԿ-ում քչերը կմնան, ընդ որում՝ շատ քչերը, թե շարքերում, թե հատկապես ղեկավար կազմում:

Բնականաբար, ՀՀԿ-ն կձգտի թույլ չտալ իրավիճակի նման զարգացումը: Օրինակ, այս պարագայում հնարավոր է «նոր ոգուց» քշվածների համախմբումը Հովիկ Աբրահամյանի շուրջ, ով տեղափոխվել ու հաստատվել է ՀՀԿ գրասենյակում:

Դա կլինի երկրորդ համախմբումը Հովիկ Աբրահամյանի շուրջ, 2014-ի ապրիլից հետո: Առաջին համախմբումը ցրելու համար պետք եղան «ԲՀԿ օպերացիան», ապրիլյան պատերազմը, Սասնա ծռերի հարձակումը, արտաքին գործընկերների վերջնագրերը, Մեդվեդեւի հուզիչ հեռագիրը:

Երկրորդ համախմբումը սակայն շատ ավելի դյուրին կլինի ցրելը՝ իրավապահներն ընթացք կտան վարչապետի վերոհիշյալ հայտարարությանը: Հեռանկարի առումով, հենց այստեղ է վարչապետի հայտարարության գլխավոր անակնկալը ՀՀԿ-ի համար:

Ամենաընթերցվածը