Սերժ Սարգսյանին ժամանակ է տրվել

    • Մեկնաբանություն - 30 Սեպտեմբերի 2016, 16:23
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն դասավորվել: Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:

«Առաջնորդները»՝ Սարգսյանը եւ Ալիեւը, ներկայում զբաղված են իշխանության ձեւավորման գործընթացներով: Ընդ որում, Սարգսյանն այսպես ասած մեկ քայլ առաջ է Ալիեւից: Հայաստանում նոր Սահմանադրությունն ընդունվել է մոտ մեկ տարի առաջ, Ալիեւն ընդունեց օրերս: Երկու դեպքում էլ աղմուկ եղավ, որ այդպիսով «առաջնորդները» ցանկանում են երկարաձգել իրենց իշխանությունը:

Սակայն իրավիճակն իհարկե խիստ տարբեր է. եթե Հայաստանում դա կատարվում է որոշակի վերափոխումների ճանապարհով, համենայնդեպս կան ընդդիմադիր կուսակցություններ, քաղաքացիական կառույցներ եւ այլն, Ադրբեջանում միանշանակ տեղի է ունենում «խանական» համակարգի ամրացում, սահմանադրորեն վերացվել են բոլոր այն հոդվածները, որոնք գոնե տեսականում սահմանափակում են իշխող ընտանիքի լիազորությունները:

Բացի այդ, Ադրբեջանում երկարաձգվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը, իսկ Հայաստանում այդ պաշտոնը դառնում է փաստացի ներկայացուցչական:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացն այդ թվում իշխանության ձեւավորման լծակ ու միջոց է թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Ակնհայտ է, որ երբ հայտարարվում է, որ ներկայում պայմաններ չկան կարգավորման համար, նշանակում է «առաջնորդներին» հնարավորություն է տրվում ավարտին հասցնել իշխանության ձեւավորման գործընթացը:

Ի՞նչ իրավիճակ է ստեղծվելու այդ գործընթացներից հետո: Ադրբեջանը գնում է լիակատար ամբողջատիրական համակարգի հաստատման, եւ նոր Սահմանադրությունը վերջին տարիներին այդ երկրում քաղաքացիական ու ժողովրդավարական ազատությունների հետեւողական սահմանափակման «ամփոփումն» ու օրինականացումն է:

Սակայն դա Ադրբեջանի գործն է, թեեւ, շատ առումներով, առնչվում է նաեւ ղարաբաղյան գործընթացին, եւ առաջին հերթին՝ քաղաքակրթական առումով: Հայաստանի ու Արցախի առավելությունը հենց այստեղ է, որը սակայն երկու տասնամյակ շարունակ կրճատվում եւ Ադրբեջանին չի «հասնում» միայն այն պատճառով, որ այդ երկիրն ու նրա իշխող էլիտաները չեն կարողանում հաղթահարել իրենց հակաքաղաքակրթական ու բարբարոսական բնույթը, որն արդեն չեն կարողանում թաքցնել նաեւ արտաքին շահագրգիռ կողմերը:

Սակայն սա չի կարող մխիթարանք լինել հայկական կողմի համար, քանի որ Հայաստանից ու Արցախից սպասելիքներն ավելի շատ են ու առարկայական: Հայաստանում ներկայում հայտարարվել են փոփոխություններ, որոնք թե ներքին ու թե արտաքին պահանջ են: Ընդ որում, իշխանությունն այդ փոփոխությունների առաջ է կանգնեցվել բուռն իրադարձությունների ու չափազանց թանկ կորուստների գնով, որից հնարավոր չէ «պրծնել»: Դժվար է ասել՝ կա՞ այդ բանի գիտակցումը, սակայն դա արդեն կարեւոր չէ:

Սերժ Սարգսյանի իշխանությանը ժամանակ է տրվել, եւ վերջնարդյունքից կախված է լինելու այդ թվում ղարաբաղյան խնդրի այս կամ այն կերպ «կարգավորումը»: Ընդ որում, տրվել է առանց տարկետման իրավունքի ու արդարացումների հնարավորության: Այսինքն՝ ստեղծվել է արտաքին ու ներքին բարենպաստ իրավիճակ եւ ֆոն` ԱՄՆ-ն «ճանաչել» է ստատուս քվոն, Ռուսաստանը տվել է զենքը, երկուսի վերջնագրով ցրվել է քրեա-օլիգարխիայի կառավարությունը, եւ որեւէ արդարացում եւ այս կամ այն խնդրին «հղումներ» չեն կարող արվել: