Գողերին ժամանակ են տվել

    • Մեկնաբանություն - 28 Սեպտեմբերի 2016, 10:39
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում նոր օրենսդրության համաձայն ապօրինի հարստացումը կքրեականացվի: Ըստ այդմ՝ իրական սեփականատերերի բացահայտման գործընթաց է լինելու, հատկապես գնումների գործընթացում իրական սեփականատերերի հարց է կարևորվելու, ասաց նախարարը:

Իսկ հաջորդ քայլը, ըստ Արփինե Հովհաննիսյանի, հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հարցն է լինելու, նաև անհրաժեշտության դեպքում այդ հակակոռուպցիոն մարմնին վերաբերող օրենսդրության ներկայացումը: Նա որոշ մանրամասներ է հայտնել այդ օրենսդրությունից, ըստ որի այնպիսի մեխանիզմներ պետք է ստեղծվեն, որպեսզի հնարավորինս բացառվեն «սողոսկելու» հնարավորությունները:

Մեկ տարուց ավել կառավարությունում գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, որը հանրության մոտ ավելի շատ ծաղր է հիշեցնում, քան մամին, որի խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է: Իրականում այդ խորհուրդը մի կողմից իշխող համակարգի տարբեր խմբավորումների միջեւ պայքարի գործիք էր, մյուս կողմից՝ շղարշ արտաքին գործընկերների, հատկապես ֆինանսական դոնորների համար, թե Հայաստանում պայքար է մղվում կոռուպցիայի դեմ:

Այդ խորհրդի աշխատանքի վերաբերյալ մի քանի նիստերն ու հայտարարություններն ընդամենը խեղկատակություն էին հիշեցնում. Օրինակ, երկար ժամանակ վարչապետն ու նախարարները փորձում էին «պարզել», թե արդյոք Հայաստանում մենաշնորհներ կան:

Հայաստանում սեփականության ու կապիտալի խնդիրը իշխող համակարգի ներքին գործընթացների հիմնական շարժիչն ու առանցքն է: Այս խնդրի շուրջ է կառուցվում պետական քաղաքականությունը բոլոր ոլորտներում: Իշխանության ձեւավորման հիմքում այս խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն է՝ քվոտաների, «զոնաների» ու պետական միջոցների ռեկետի հստակ վերաբաշխումը:

Միեւնույն ժամանակ, այս մեխանիզմը բացառել է խնդիրն այլ հարթության մեջ լուծելը, այսինքն՝ սեփականության լեգալացումն ու օրինականացումը: Բանն այն է, որ այդ դեպքում սեփականությունն այլեւս դուրս կգար «վերահսկողությունից», ինչն էլ նշանակում է իշխող համակարգի ձեւավորման տրամաբանության կտրուկ փոփոխություն՝ դրանից բխող հետեւանքներով:

Փոխարենը, համակարգը փորձել է սեփականության խնդիրը «լուծել» տարատեսակ օրենքների ու խորհուրդների միջոցով, ինչը սակայն առայժմ ակնհայտորեն չի ստացվում:

Այսպիսով, սեփականության խնդիրը մնում է բաց, եւ այդպիսով՝ պայթյունավտանգ: Առավել եւս իշխանության անցման ներկայիս փուլում, երբ համակարգը հայտնվել է խորքային ճգնաժամի մեջ, սրվել են ներքին խնդիրները, իսկ արտաքին շահագրգիռ կողմերը խոսում են վերջնագրերի լեզվով:

Այս համակարգն ակնհայտորեն ի վիճակի չէ լուծել խնդիրը: Ճգնաժամը խորացել է չափից ավելի, ռեսուրսներ չկան այն կարգավորելու համար, բացակայում է ինտելեկտուալ եւ մոտիվացիոն ֆոնը, որը բավականացնում է միայն «պրիմիտիվ գողությանը»: 

Այս համակարգում անօրինական է ոչ միայն առաջին միլիոնը, այլեւ հետագա բոլոր միլիոնները, քանի որ առաջին միլիոնից հետո չի գտնվել բավարար խելք ու մոտիվացիա այն հանրային բարիք ստեղծելու նպատակով ներդնելու համար:

Փոխարենը, ժամանակի ընթացքում կոռուպցիոն սխեմաները տարածվել են հանրային ավելի ու ավելի մեծ շերտերի մեջ, այդպիսով այն վերածելով համակարգային երեւույթի: Դա նկատելի է պետական տարբեր մակարդակի ու ոլորտների մարմինների պաշտոնյաների հայտարարագրերից, որտեղ հսկայական նվիրատվություններ, փոխառություններ, շահաբաժիններ ու այլ «հոդվածներ» կան: Թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե «թղթերով ամեն ինչ կարգին է», սակայն այդ թղթերն իրականում ավելի են մատնում կոռուպցիայի մասշտաբներն ու ընդգրկումը:

Աշխարհում կա սեփականության խնդրի լուծման հարուստ փորձ: Մի տեղ դա լուծվել է արյունալի զարգացումների արդյունքում, մեկ այլ տեղ՝ լեգալացման ու առանց ցնցումների մեթոդներով: Հայաստանում կարծես թե փորձում են գնալ այս երկրորդ ճանապարհով, տրանսֆորմացնելով քվոտաների ու արտոնությունների համակարգը, որպեսզի թղթերով ամեն ինչ կարգին լինի:

Արդարադատության նախարարի մեկնաբանությունները դա են նշանակում, փաստացի ժամանակ է տրված՝ պատրաստվել ու հարմարվել առաջարկվող նոր «թղթերին»: Ով պատրաստ չլինի առավել «բարդ մեխանիզմներին» ու խաղի նոր կանոններին, ինչպես ասել էր Կարեն Կարապետյանը, նա դուրս է մնալու նոր ձեւավորվող համակարգից:  

Ամենաընթերցվածը