Սերժ Սարգսյանին ասել են, թե ում ձեռքն է պետք բռնել

    • Մեկնաբանություն - 23 Սեպտեմբերի 2016, 16:53
Հոկտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է անցկացնել ներդրումային համաժողով, որի կազմակերպիչը Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկն են: Այդ համաժողովին ծրագրվում է մի շարք խոշոր ընկերությունների մասնակցություն: Նախատեսվում է, որ ելույթ է ունենալու նաեւ Սերժ Սարգսյանը:

Մի քանի շաբաթ առաջ հրապարակումներից մեկում հավանական էի համարել, որ ներդրումային համաժողովին Սերժ Սարգսյանը կմեկնի նոր կառավարությամբ, այդպիսով փորձելով պոտենցիալ ներդրողներին հաղորդել փոփոխության ազդակ:

Նոր կառավարությունը փաստացի արդեն կա, եւ այդ կառավարությունն էլ համաժողովին է ուղղում իր ազդակը՝ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ այդ նախարարության խնդիրն է լինելու ներդրողի ձեռքից բռնած շրջելը:

Ինչպիսի՞ ազդեցություն կունենան այդ ազդակները հոկտեմբերին Նյու Յորքում հավաքվող ներդրողների վրա՝ նոր կառավարությունն ու ներդրողի ձեռքից բռնելու «փիլիսոփայությունը»:

Բանն այն է, որ Հայաստանի արտաքին գործընկերները Հայաստանի իշխանությանը տալիս են բոլորովին այլ ազդակներ, գրեթե բաց տեքստով ասելով, որ Հայաստանում պետք է բռնել բոլորովին այլ ձեռք՝ գողերի ձեռքը: ԱՄՆ ու Եվրամիության բարձրաստիճան դիվանագետները բազմաթիվ հայտարարություններ են անում այն մասին, որ արտաքին ներդրումների ներգրավման համար Հայաստանն ունի կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի անհրաժեշտություն: Դա այլ բան չէ, քան պարզապես բռնել գողերի ձեռքը:

Եթե պետությունը բռնում է գողի ձեռքը, ապա գործնականում արդեն չկա ներդրողի ձեռքը բռնելու կարիք՝ ներդրողն ինքը կկարողանա քայլել: Ներդրողների քայլերին խանգարում են գողերը, գողությունը:

Այդ առումով, Նյու Յորքի համաժողովին ընդառաջ Հայաստանից ստացվել է առայժմ մեկ ազդակ՝ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ «պրիմիտիվ գողությունը» կանխելու համար պետք է ձեւավորեն բարդ մեխանիզմներ: Ընդ որում պարզ էլ չէ՝ խոսքը վերաբերում էր միայն պետական կառույցներում ավիատոմսերի գնմա՞ն համակարգին, թե՞ ընդհանրապես պետական կառավարման գործընթացի ամբողջ շրջանակին:

Մինչեւ Նյու Յորքի համաժողովը կլինի՞ գողերի ձեռքից բռնելու այլ, ավելի ծանրակշիռ ազդակ: Ընդ որում, ամենեւին պարտադիր չէ, որ այդ ազդակը տա նոր կառավարությունը: Ֆունկցիոնալ առումով դա նույնիսկ իրավապահների խնդիրն է:

Եթե այդ ազդակը չլինի, ապա քիչ հավանական է, որ համաժողովը Հայաստանի համար ունենա շոշափելի արդյունք: Առավել եւս, որ Հայաստանի ներդրումային հեռանկարի խնդիրը որքան տնտեսական, առնվազն այդքան էլ քաղաքական է, եթե ոչ ավելի:

Հայաստանի պարագայում ներդրումների զուտ առեւտրային գրավչությունը բավական թույլ է: Ըստ այդմ, նախ պետք է ներդրում այդ գրավչության միջավայրը ձեւավորելու ուղղությամբ: Իսկ դա արդեն կախված է նրանից, թե Հայաստանն ինչքանով է գրավիչ քաղաքականապես: Այստեղ գործոնները բազմաթիվ են եւ բազմազան: Մի կողմից Հայաստանը ներկա ժամանակում դիտարկվում է որպես ռուսական կցորդ, մյուս կողմից՝ հեռանկարում Հայաստանը դիտարկվում է իբրեւ տարածաշրջանային անվտանգության եւ զարգացման միջազգային կարեւոր գործընկեր, ինչը սակայն պահանջում է ինքնիշխանության կարեւոր ազդակներ:

Ընդ որում, այստեղ խոսքը միայն արեւմտյան ներդրողների մասին չէ, այլ գործնականում բոլորի, քանի որ ոչ մեկը ներդրում չի անի բարեփոխումների եւ առեւտրային, տնտեսական գրավչության հենք ձեւավորելու համար, եթե չկա ոչ մի երաշխիք, որ այդ հենքը ինքնիշխան է եւ ինքն է պատասխանատու ձեռք բերվող պայմանավորվածությունների համար:

Այդպիսով, ակնառու է, որ Նյու Յորքի համաժողովից առաջ Հայաստանի փաթեթը, կամ պատշաճ փաթեթը դեռեւս խիստ հեռու է բավարար լինելուց: