Նոր ուշագրավ ինտրիգ կառավարությունում

    • Մեկնաբանություն - 23 Սեպտեմբերի 2016, 13:28
Նոր վարչապետի նշանակումից հետո խոսակցություններ տարածվեցին, որ նա չի ցանկանում աշխատել ՀՅԴ նախարարների հետ: Հետո այդ խոսակցություններն առարկայացան կառավարության երկու նիստերին, որոնք արդեն անցկացրել է նոր վարչապետը: Նա բավական սուր երկխոսության մեջ մտավ Էկոնոմիկայի ու Կրթության եւ գիտության նախարարների հետ, ներկայում էլ կան խոսակցություններ, որ նա չի ցանկանում աշխատել Տարածքային կառավարման դաշնակցական նախարարի հետ:

Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին կառավարության մեջ ներգրավեց այս տարվա փետրվարին, նրանց տալով երեք պորտֆել: ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կնքեցին համաձայնագիր, ըստ որի երկու կուսակցությունները սկսում են համագործակցություն եւ ստանձնում ամբողջական պատասխանատվություն, այդ թվում կառավարության գործունեության համար:

ՀՅԴ-ին կառավարության կազմ մտցնելը Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն էր, որն ուղղված էր այդ թվում ներիշխանական հեղաշրջման արդյունքում ձեւավորված Հովիկ Աբրահամյանի կառավարության ապամոնտաժմանը: Աբրահամյանն ինքը պարբերաբար «բախումներ» էր ունենում ՀՅԴ նախարարների հետ, որի պատճառը հենց այդ հանգամանքն էր:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ի վերջո ցրվեց, եւ հիմա ՀՅԴ ներկայությունը նոր կառավարությունում անհասկանալի է դարձել այն առումով, որ չի երեւում դրա նպատակը, ՀՅԴ նոր դերը: Բացի այդ, ՀՅԴ-ն կարծես թե չի տեղավորվում հայտարարված փոփոխությունների, այդ թվում մեթոդոլոգիայի ու չափանիշների տրամաբանության մեջ, որն իր հետ բերել է նոր վարչապետը:

Իրենք՝ ՀՅԴ-ական նախարարներն էլ նշում են այս հանգամանքը, սակայն հղում են անում ՀՀԿ-ի հետ համաձայնագրին, դրանով կարծես թե հասկացնելով, որ իրենց «պարտավոր» են պորտֆելներ տալ:

Այս տեսակետից, ՀՅԴ-ն հայտնվել է բավական երկիմաստ, կարելի է ասել նույնիսկ ծիծաղելի իրավիճակում: Խնդիրն այստեղ բավական նուրբ է, քանի որ եթե ՀՅԴ-ն դուրս մնա նոր կռավարությունից, դա կլինի համաձայնագրի խախտում, սակայն նոր կառավարությունում այն կհայտնվի մեկուսացված վիճակում, քանի որ ոչ միայն չի համապատասխանում հայտարարված նպատակներին ու չափանիշներին, այլեւ դեմ է դրանց:

Այս մասին իր «հրաժեշտի» ասուլիսում փաստացի հայտարարել է Արծվիկ Մինասյանը: Նա նաեւ ասել է, որ ինքը կադրային քաղաքականության հարցում առաջնորդվել է երեք չափանիշներով՝ պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն, պատասխանատվություն: Արդյոք սա ակնարկ է տեխնոկրատների կառավարությանը, հատկապես երկորդ չափանիշը՝ դժվար է ասել:

Մյուս կողմից, հայրենասիրությունը բավական ունիվերսալ չափանիշ է, ընկալումները խիստ սուբյեկտիվ են: Օրինակ, ոմանց համար հայրենասիրություն կարող է ընկալվել «պրիմիտիվ գողությունը», քանի որ մարդիկ այդպիսով տուն են պահում: Ոմանց համար էլ՝ «բարդ մեխանիզմների ստեղծումը» այդ գողությունը բացառելու համար:

Նոր կառավարության ձեւավորումը կավարտվի հաջորդ շաբաթ, եւ ՀՅԴ հարցը դառնում է ուշագրավ ինտրիգ՝ թե ընթացքի, թե հանգուցալուծման առումով: