Օբաման ցույց է տվել Արցախի խնդրի լուծումը

    • Մեկնաբանություն - 23 Սեպտեմբերի 2016, 11:39
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման խոսում է տարածաշրջանային անվտանգության հարցում Հայաստանի դերակատարման մասին: «Այսօր մենք կրկին փաստում ենք մեր համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար», ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում:

Միջազգային քաղաքականության առաջատարի գնահատմամբ, Հայաստանի անվտանգությունը կախված է պետության ժողովրդավարության եւ բարեկեցության աստիճանից, իսկ Հայաստանի անվտանգությունից էլ կախված է տարածաշրջանի անվտանգությունը:

Հատկանշական է, որ այդ համատեքստում ԱՄՆ նախագահը չի խոսում Արցախի խնդրից ու դրա կարգավորումից, Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգության նրա համայնապատկերում դա պայման կամ գրավական չէ: Եվ այդ համատեքստում՝ չխոսելով դրա մասին ու խոսելով Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգության հարցում Հայաստանի ժողովրդավարության եւ բարեկեցության նշանակության մասին, ԱՄՆ նախագահը փաստացի խոսում է Արցախի խնդրի կարգավորման միակ իրապաշտական հեռանկարի մասին:

Դա այն հեռանկարը չէ, կամ այն արհեստածին, կեղծ հեռանկարը չէ, որ երկու տասնամյակ շարունակ զանազան շարժառիթներով ու պատճառներով ներշնչվել է Հայաստանի հասարակությանը, թե անվտանգության, ժողովրդավարական եւ տնտեսական զարգացման, այսինքն բարեկեցության հեռանկարը պայմանավորված է Արցախի խնդրի «փոխզիջումային» լուծմամբ: Ընդ որում, իբրեւ այդ մոտեցման ծանրակշիռ փաստարկ, երկու տասնամյակ շարունակ բերվել է այն, թե հենց դա է ակնկալում «աշխարհը», եւ «աշխարհը» մեզ չի հասկանա ու չի ընդունի, երբ խոսենք այլ բանի մասին:

Մինչդեռ, ԱՄՆ նախագահի ելույթն է փաստական վկայությունն այն բանի, որ հենց աշխարհն է խոսում այլ բանի մասին՝ որ ժողովրդավարությունն ու բարեկեցությունն է լուծումը՝ անվտանգության խնդրի լուծումը, ընդ որում թե Հայաստանի, թե «լայն տարածաշրջանի» իմաստով: Իսկ «լայն տարածաշրջանի» իմաստը կարող է լինել միայն ներկայիս ստատուս-քվոն, որը միջազգային լեգիտիմության պայմաններում հաստատվել է 20 տարի առաջ եւ փաստացի պահպանվում է միջազգային լեգիտիմության պայմաններում, ինչի վերհաստատման նախաձեռնություն է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման գաղափարը, որ փորձում են Արցախի հարցում առաջ մղել ԱՄՆ եւ Ֆրանսիան եւ որին փաստացի դիմադրում են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան:

Ստացվում է տարօրինակ մի պատկեր: Թեեւ ներկայում Հայաստանի թե իշխող, թե ընդդիմադիր քաղաքական խմբերը հայտարարում են, թե չի կարող խոսք լինել որեւէ զիջման մասին, եթե դրա մասին չի խոսում Ադրբեջանը, այդուհանդերձ օրակարգային հենքի, պետական քաղաքականության եւ հանրային-քաղաքական մտածողության առումով շարունակում է ելակետ ընկալվել «փոխզիջումը» կամ ստատուս-քվոյի փոփոխությունը: Այդ պատկերը տարօրինակ է նրանով, որ Հայաստանի եւ տարածաշրջանի լայն անվտանգության եւ խաղաղության առանցքային նախադրյալ հանդիսացող ստատուս-քվոն միջազգային քաղաքականության օրակարգում ավելի լեգիտիմ է, քան Հայաստանի երկու տասնամյակի քաղաքական օրակարգում:

Ինչ խոսք, համանախագահ երկրների, այդ թվում ԱՄՆ դիվանագետները պարբերաբար խոսել են փոխզիջումների անհրաժեշտության, կարգավիճակի դիմաց տարածքի հանձնման անխուսափելիության մասին: Բայց մի՞թե որեւէ մեկը պատկերացնում էր, որ որեւէ համանախագահ կամ դիվանագետ հրապարակային հայտարարության մակարդակում պետք է ասի, թե Ադրբեջանը պետք է համակերպվի առկա իրականությանը: Պարզ չէ՞ արդյոք, որ այդ առումով այդօրինակ հայտարարությունը չի լինի ռացիոնալ, իրատեսական եւ չի նպաստի խաղաղության ու կայունության: Խնդիրն այն է, թե դիվանագիտական այդ հայտարարություններին զուգահեռ ինչ քայլեր են կատարվում եւ ուր են տանում այդ քայլերը:

Եվ ըստ այդմ տեսնում ենք, որ մի դեպքում կան ԱՄՆ եւ Ֆրանսիայի քայլերն՝ ուղղված հրադադարի մեխանիզմի հաստատմանն ու այդպիսով ստատուս-քվոյի փաստացի ամրագրմանն ու անվտանգության հարցում իրավիճակի շրջադարձին, մյուս դեպքում կա դրան հակադրվող ռուս-ադրբեջանական գործակցությունը:

Ապրիլի պատերազմն իհարկե էապես սահմանափակել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի հնարավորությունը՝ ակտիվ հակադրությունից նրանց ստիպելով անցնել պասիվ հակադրության ռեժիմի եւ մի կողմից իհարկե պահել հրադադարը, մյուս կողմից սակայն թույլ չտալ, որ այդ հրադադարը ամրագրվի միջազգային պատասխանատվություն ենթադրող կոնկրետ մեխանիզմով:

Այդ դիմակայության առաջիկա ռաունդը սպասվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի հարթակում: ԱՄՆ եւ Ֆրանսիան ձգտում են առաջ մղել Վիեննայի օրակարգը, որի առաջնայնությունը հրադադարի մեխանիզմն է, ինչպես Սանկտ-Պետերբուրգում ՌԴ հովանու ներքո կազմակերպված Սարգսյան-Ալիեւ հանդիպումից անմիջապես հետո Երեւանում հարկ համարեց հիշեցնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, երբ Սանկտ-Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության մեջ շրջանցվել էր այդ հարցը:

Այդ դիմակայության գործընթացում Հայաստանն այլ անելիք չունի, քան միջազգային լեգիտիմության եւ անվտանգության ամրացումը: Եվ ԱՄՆ նախագահ Օբամայի շնորհավորական ուղերձում բավական հստակ նշված է ճանապարհը՝ ժողովրդավարություն եւ բարեկեցություն, այսինքն համակարգային վերափոխում: Հայաստանից այլ բան չի պահանջվում բարենպաստ աշխարհքաղաքական միջավայրին համարժեք գտնվելու եւ ռիսկերն ու մարտահրավերները չեզոքացնելու համար: