Մեկնարկեց սեփականության վերաբաշխումը

    • Մեկնաբանություն - 23 Սեպտեմբերի 2016, 10:04
Ստանձնելով վարչապետի պաշտոնը, Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, մեծ է ստվերը, եւ այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել հավելյալ արժեք: Նա ասել էր, որ լինելու են համակարգային փոփոխություններ:

Վարչապետը փաստացի բարձրացրել է Հայաստանի ներկայիս տնտեսա-քաղաքական համակարգի երկու խորքային հարցը՝ ստվեր եւ սեփականություն: Այդ խնդիրների լուծման մեխանիզմն էլ հայտարարվել է հավելյալ արժեքի ստեղծումը:

Տեսակետները տարբեր են, թե ինչ է նկատի առնվում այս հայտարարությունների տակ: Դրանցից առավել հիմնավոր են թվում երկուսը. Առաջին՝ համակարգային փոփոխություն ասելով, վարչապետը նկատի է ունեցել համակարգի տրանսֆորմացիան նոր իրավիճակում: Երկրորդ՝ ստեղծվում է զուգահեռ համակարգ, թողնելով ներկայիս համակարգը «ազատ նավարկության»:

Խորքային առումով, այս երկու տարբերակները ոչ միայն չեն բացառում միմյանց, այլ կարող են լինել նույն գործընթացի փոխլրացնող մեխանիզմները: Երկու դեպքում էլ առանցքային են ստվերի ու սեփականության խնդիրները, հաշվի առնելով ներկայիս համակարգի բնույթը:

Այս խնդիրների լուծման տարբեր ձեւեր կան, որոնք կիրառվել են տարբեր երկրներում՝ արյունալի ռազբորկաներից մինչեւ խաղաղ հանգուցալուծում: Համակարգին «մնալու» համար կարծես թե առաջարկվում է հեռանալ խաղաղ ճանապարհով, համենայնդեպս նման եզրահանգման են բերում Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հայտարարությունները: Օրինակ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը ներկայացվեց որպես «առաքինություն»:

Բացի այդ, կարծես թե այդ տրամաբանության շրջանակներում են տեղի ունենում կառավարության կազմի ու կառուցվածքի փոփոխությունները: Քրեա-օլիգարխիայի կառավարությունը հեռացվում է, փոխարենը նշանակվում են նոր մոտեցումներ ունեցող կառավարիչներ:

Մոտեցումների, մեթոդաբանության այս «բախումն» արդեն իսկ նկատելի է կառավարության երկու նիստերից, որոնք վարել է նոր վարչապետը: Երեկվա նիստում երկու հատկանշական հայտարարություն հնչեց, որոնք բնութագրում են այս համակարգային գործընթացները: Վարչապետը հայտարարեց, որ վերջ է տրվելու «պրիմիտիվ գողությանը» բարդ մեխանիզմներ ստեղծելու միջոցով: Իսկ էներգետիկայի ու բնական պաշարների նոր նախարարը նշել է երեք առաջնահերթ խնդիրները, որոնց թվում նշել է ընդերքի (հանքերի) գույքագրումը:

Այսինքն, դրվել է ստվերի ու սեփականության խնդիրը եւ տրվել է այդ խնդիրների լուծման մեկնարկը:

Ո՞ր տարբերակով կզարգանան իրադարձությունները Հայաստանում, նկատի ունենալով հիմնային՝ սեփականության վերաբաշխման ընթացքը: Կհաջողվի՞ ապահովել խաղաղ «տրանսֆորմացիան»: Մի բան ակնհայտ է, որ այս գործընթացն այլեւս անխուսափելի է. համակարգը խոր ճգնաժամի մեջ է, որը սպառնալիք է դարձել թե ներքին, թե արտաքին իրողությունների համատեքստում: