Փակվում է արտագաղթի եւ տրանսֆերտների նախարարությունը

    • Մեկնաբանություն - 22 Սեպտեմբերի 2016, 20:48
Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Փոփոխություններից մեկը կլինի էկոնոմիկայի նախարարությունը ներդրումների եւ բիզնեսի աջակցության նախարարություն վերանվանելը:

Խոսելով նոր նախարարների աշխատանքի արդյունավետության գնահատման մասին՝ Կարապետյանը նշել է նաեւ, որ չափանիշ է լինելու ներդրումների ներգրավումը: Այսինքն, կարելի է հաստատել, որ նոր կառավարության առաջնահերթությունը ներդրումներն են լինելու:

Մինչ այժմ որո՞նք էին կառավարության առաջնահերթությունները: Դատելով տարեցտարի ներդրումների պակասելուց՝ կառավարության խնդիրներն այլ են եղել: Եթե դատենք եկամուտների ու ֆինանսական հոսքերի կառուցվածքով, պետք է արձանագրենք, որ Հայաստան հիմնականում եկամուտ են ապահովում երկու ոլորտ՝ աշխատանքային միգրացիան եւ հանքերի շահագործումը:

Կառավարությունն աշխատել է, որ երկրում աշխատատեղեր չստեղծվեն, որ մարդիկ հեռանան ու երկիր փող ուղարկեն: Ավելին, պետությունը դրանով իր վրայից գցել է միգրանտների ընտանիքների նկատմամբ սոցիալական պարտավորությունները:

Վերջին տասնամյակի Հայաստանի կառավարությունը կարելի է անվանել աշխատանքային միգրացիայի եւ տրանսֆերտների մեծ նախարարություն: Կարեն Կարապետյանի հայտարարությունը նշանակու՞մ է, որ այդ նախարարությունը փակվում է:

Եկամտի երկրորդ աղբյուրը, որտեղ ներդրումների կարիք չկա, սակայն կարելի է խոշոր եկամուտներ ստանալ, ընդերքի շահագործումն է: Պետությունն ազգային բարիքների շահագործումից փոքր ռոյալթի է ստանում, իսկ մնացած եկամուտն ու գերշահույթները հոսում են անհատների գրպանները: Եթե անգամ պաշտոնյաները ստանում են եկամտի ընդամենը մի մասը, դա արդեն բավարար է առասպելական հարստություն կուտակելու համար:

Պատահական չէ, որ էներգետիկայի ու բնական պաշարների նոր նախարարը երեք առաջնահերթությունների թվում նշել է ընդերքի գույքագրումը:

Հարստանալու այլ միջոցներ էլ կան, օրինակ, նույն Կարեն Կարապետյանը նախարարներին մեղադրել է բյուջետային միջոցների «պրիմիտիվ գողության» եւ տարատեսակ սխեմաների մշակման մեջ, որոնք արժանի են այլ կիրառության: Հայաստանի բոլոր ճանապարհներին տեսախցիկների տեղադրումը այդ միջոցների թվու՞մ է: Չէ՞ որ Հայաստանում անխափան եւ ներդաշնակ աշխատում է միայն մեկ համակարգ՝ տուգանքները:

Փորձագետները նշում են վերջին տասնամյակի Հայաստանի կառավարության աշխատանքի գլխավոր առանձնահատկությունը՝ առանց ներդրումների հեշտ եկամտի ստացում: Երկրում՝ բիզնեսում, զարգացման մեջ գումարներ չեն ներդրվում, սակայն մշակվել են գումար աշխատելու կատարյալ համակարգեր:

Դրա վկայությունն է Հայաստանում տոտալիզատորների, վարկային կազմակերպությունների բուռն աճը, որոնք ազարտի, փողի վրա են գումար աշխատում, այլ ոչ թե արտադրության եւ մտքի ուժի:

Նոր վարչապետը պատրաստվու՞մ է փոխել այդ տրամաբանությունը եւ ներդրումների միջոցով փող աշխատելու մշակույթը ներդնել: Չէ՞ որ նեևրդրումները միայն կապիտալ չեն, այլ նաեւ աշխատանք, գաղափար, օպտիմալացում: