Ինչից է վախենում նոր վարչապետը

    • Մեկնաբանություն - 22 Սեպտեմբերի 2016, 15:52
«Հանձնարարական՝ մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Պրիմիտիվ գողությունը վերացնենք, ձեր համակարգերում պիտի այդ ամեն ինչը բերեք կարգի, տոմսի վրայի… ինձ, որ պատմում են՝ ինչ սխեմա է օգտագործվում, ուղղակի ֆանտազիա է: Եթե էդ մարդիկ էդ խելքն օգագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավը կլիներ», ավիատոմսերի պետական գնումների համակարգի վերաբերյալ Դավիթ Հարությունյանի զեկույցից հետո ասել է նոր վարչապետ Կարեն Կարապետյանը:

Խոսելով «էդ խելքի» մասին, Կարապետյանը փաստացի չափազանց թափանցիկ ակնարկ է արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հասցեին:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի հայտարարությունը, թե քաղաքականության մեջ խելքն այդքան էլ կարեւոր չէ, դարձավ «թեւավոր» խոսք:

Եվ ահա, Կարեն Կարապետյանը փաստացի ակնարկում է, որ նախորդ կառավարությունը զբաղված է եղել «թեւավոր» գողությամբ, եւ եթե խելքը ոչ թե «պրիմիտիվ գողության», այլ քաղաքականության համար ծառայեր, ապա կլիներ բոլորովին այլ արդյունք:

Անվիճելի է Կարեն Կարապետյանի այդ ակնարկի իրավացիությունը:

Բայց, տվյալ պարագայում իհարկե շատ կարեւոր է,թե Կարեն Կարապետյանն իր «խելքն» ինչի համար է ծառայեցնելու՝ նախորդ վարչապետի եւ կառավարության հասցեին դիպուկ ակնարկների՞, թե՞ նրանց գործունեությունից էապես տարբերվող արդյունքի արձանագրման:

Հասկանալի է, որ Կարեն Կարապետյանն ունի մեկնարկի մի շարք խնդիրներ, ընդ որում գերակշռող առումով առայժմ օբյեկտիվ: Այդ իմաստով, մարտավարական առումով հասկանալի է նաեւ, որ Կարապետյանն այս կամ այն կերպ պետք է շեշտադրի իր ստացած անմխիթար ժառանգությունը: Այդ համատեքստում օրինակ նա հայտարարեց, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, թերեւս հասկացնելով, որ այդ չափազանց ծանր տնտեսությունն ինքը չի կարող կարճ ժամանակում վերածել ծաղկողի: Կարապետյանը թերեւս դեռ տեւական ժամանակ կփորձի տարբեր ակնարկներով եւ առիթներով շեշտադրել մեկնարկային այդ ծանր վիճակը, այդպիսով որոշակիորեն, գոնե քարոզչական դաշտում փորձելով թեթեւացնել այն իսկապես ահռելի պատասխանատվության բեռը, որ կա իր վրա հանրային սպասումների իմաստով:

Առավել եւս, որ նա կանգնած է մեկ այլ բավական նուրբ մարտահրավերի առաջ: Նրա տապալմանը, կամ նրանից հանրային մեծ հիասթափության ամենից շատ սպասում է ոչ թե օրինակ երկրի ընդդիմությունը՝ եթե կա այդպիսին, այլ իշխող կուսակցությունը:

Առավել եւս, որ Հովիկ Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում այդ կուսակցությանն առաջարկ ներկայացրեց, հայտարարելով, որ ակտիվորեն շարունակելու է «միասնականությանն» ուղղված ջանքը:

Այդպիսով, Աբրահամյանն ակնարկում էր, որ իր հեռացումը միայն իր հեռացումը չէ, այլ ՀՀԿ առնվազն մի քանի կարեւոր սեգմենտների: Իր հրաժեշտի ելույթը կառուցելով «միասնականության առաքելության» վրա, Հովիկ Աբրահամյանն ակնարկում էր, որ իր փոխարեն գալիս է «տարանջատման առաքելությունը»: Սերժ Սարգսյանի ելույթն էլ, որ հաջորդեց Աբրահամյանի ելույթին մի քանի ժամ անց, հաստատեց նրա ազդարարած ներհամակարգային «տագնապը»:

Բայց, մյուս կողմից, Սարգսյանի փաստարկն էր համակարգի համար զորեղ է, այն իմաստով, որ Աբրահամյանը չի կարողացել համակարգը հանել չափազանց ծանր դրությունից, եւ ստեղծվել է մի վիճակ, երբ համակարգը փրկելու համար հինը պետք է հեռանա: Սարգսյանը Կարեն Կարապետյանին ներկայացրել է որպես հնի հեռացման սահուն, անցավ եւ անկորուստ մոդել:

Բայց երբեք չի հեռանում բնազդը: Իսկ բնազդներից ՀՀԿ մոտ ներկայում մնացել է միայն վախը, ընդ որում՝ ամեն ինչից: Եվ այդ իմաստով, ՀՀԿ-ն վախենում է նաեւ Կարեն Կարապետյանի հաջողությունից:

Հետեւաբար, Կարեն Կարապետյանն էլ իհարկե ունի ՀՀԿ վախից վախենալու հիմք: Այդ տեսանկյունից, նախորդ կառավարության թողած «չափազանց ծանր» ժառանգությունն այդ վախի թե հաղթահարման, թե հակադարձման տարբերակներից մեկն է:

Բայց անկասկած է, որ անհրաժեշտ, սակայն ամենեւին ոչ բավարար տարբերակը: Քանի որ ՀՀԿ վախը Կարապետյանի համար անհաղթահարելի ռիսկի է վերածվելու, երբ կառավարության գործունեությունը հնարավորինս արագ եւ շոշափելի արդյունքի տեսքով չչեզոքացնի հանրության այն «վախը» կամ մտավախությունը, որ Հայաստանում ընդամենը հերթական անգամ փոխվում են մարդիկ, որպեսզի անփոփոխ պահեն որակն ու բարքերը: