Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում ազդարարել է Հայաստանի գլխավոր խնդիրը

    • Մեկնաբանություն - 22 Սեպտեմբերի 2016, 11:30
Հայաստանի զարգացման նախաձեռնությունների IDeA հիմնադրամի հիմնադիր, բարերար, ներդրող Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի Սկոլկովո կառավարման դպրոցում, որի հիմնադիրներից է նաեւ, հանդես է եկել դասախոսությամբ, որում շոշափելի է բարեփոխումների թեման:

Վարդանյանը թեման շոշափել է Ռուսաստանի խնդիրների եւ մարտահրավերների համատեքստում, սակայն այն, ինչ խոսել է նա բարեփոխումների հեռանկարի մասին, փաստացի գրեթե «մեկին-մեկ» համարժեք է Հայաստանում առկա բարեփոխումների խնդրին եւ այդպիսով  առնչվում է նաեւ Հայաստանում նոր կառավարության անելիքին, աշխարհքաղաքական եւ աշխարհ-տնտեսական հեռանկարներին, մասնավորապես կապված այսպես կոչված եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետ:

Ռուբեն Վարդանյանը Սկոլկովոյում հայտարարել է, որ Ռուսաստանը չունի բարեփոխումների համար անհրաժեշտ փող, եթե անգամ վաճառի ամբողջ նավթն ու գազը եւ նույնիսկ անտառները: Նրա խոսքով, անհրաժեշտ է դառնալ համաշխարհային տնտեսության մաս, ներգրավել ներդրումներ, այլապես մեկուսանալու դեպքում տապալումն անխուսափելի է: Ռուբեն Վարդանյանը խոսել է նաեւ նոր վերնախավի ձեւավորման անհրաժեշտության մասին:

Ներկայում Ռուսաստանի հետ տեղի է ունենում փաստացի հակառակը՝ Ռուսաստանի իշխանության քաղաքականությունը հանգեցրել է միջազգային մեկուսացման: Այդ քաղաքականությունը ոչ միայն չի փոխվում, այլեւ մեկուսացումն ավելի է խորանում: Ռուսաստանն անցել է նաեւ ինքնամեկուսացման քաղաքականության, իբրեւ ինքնապաշտպանություն կամ Արեւմուտքին հակադարձում: «Իմպորտոզամեշչենիե» հասկացությունը, որ առաջ է բերվել պրոպագանդիստական դաշտում, այլ բան չէ, քան ինքնամեկուսացման քաղաքականության տարր: Ռուսաստանն այդ ինքնամեկուսացման քաղաքականությանն է ծառայեցնում նաեւ հետխորհրդային տարածությանն առնչվող իր նախագծերը, այդ թվում ԵՏՄ-ն:

Այդ ամենն առնչվում է Հայաստանին, թե այն պատճառով, որ Հայաստանն էլ ԵՏՄ անդամ է, եւ թե առավել եւս այն պատճառով, որ Հայաստանի վրա ահռելի տնտեսա-քաղաքական ազդեցություն ունի Ռուսաստանը, նույնիսկ անկախ ԵՏՄ-ից: ԵՏՄ-ն դարձել է ընդամենն ազդեցության լծակներից մեկը:

Դրան զուգահեռ, չնայած ցուցադրվող Իսկանդերներին ու Սմերչերին, որոնք իհարկե ելնելով տարածաշրջանային իրողությունից՝ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են, Հայաստանի համար ոչ պակաս կենսական են տնտեսա-քաղաքական, քաղաքակրթական բարեփոխումները:

Դա խոստովանում է նույնիսկ իշխանությունը: Անկախության տոնի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը մտել է բարեփոխումների արագացված փուլ:

Առայժմ արագ փոփոխություններ տեղի են ունենում միայն կադրային ոլորտում: Իսկ կադրերից ամենագլխավորը՝ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը,  առաջին իսկ հայտարարությամբ հանրությանը հայտնել է, որ պետք չէ սպասել արագ փոփոխության:

Մյուս կողմից, օբյեկտիվորեն դա ռացիոնալ հայտարարություն է, քանի որ արագ փոփոխությունը փող արժե: Մինչդեռ Հայաստանում ակնհայտորեն լուծված չէ խնդիրը, թե ո՞վ է ֆինանսավորելու իրավիճակի արագ փոփոխությունը:

Այդ իմաստով, Սկոլկովոյում Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը չունի բարեփոխման փող, փաստացի վերաբերում է նաեւ Հայաստանին՝ Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող Հայաստանն առավել եւս չի կարող ունենալ բարեփոխման փող:

Իհարկե, Հայաստանի բարեփոխումները կարժենան ավելի էժան, հետեւաբար կպահանջվի ավելի քիչ փող: Սակայն ակնհայտ է, որ դրա համար Հայաստանը պետք է բացվի, հայտնվի ՌԴ մեկուսացման եւ ինքնամեկուսացման շրջանակից դուրս, Հայաստանը դրա համար պետք է հնարավորինս բաց հարաբերվի համաշխարհային տնտեսության հետ:

Միեւնույն ժամանակ, Հայաստանը գործնականում պետք է ցույց տա, որ փոխվում է: Ցույց տա ոչ թե կադրերով միայն, այլ նաեւ քայլերով: Ըստ այդմ, Հայաստանն արդեն իսկ այս վիճակում պետք է գտնի բարեփոխումների մեկնարկի համար անհրաժեշտ փողը, որպեսզի «փողը փող բերի» Հայաստան:

Իսկ ինչ է նշանակում բարեփոխումների փող: Դա «ծառայության համար վճար չէ»: Բարեփոխումների համար փող նշանակում է նոր որակի ներդրումներ, որոնք կփոխեն Հայաստանի տնտեսության կառուցվածքը, բայց դրանից բացի, կփոխեն նաեւ մարդկանց մտածողությունը:

Հայաստանում մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին խոսվում է վաղուց: Մեկը խոսում է, որովհետեւ հասկանում է խնդրի կարեւորությունը, մյուսը խոսում է, որովհետեւ նորաձեւ է խոսել այդ մասին: Հետեւաբար, խոսքն այլեւս արժեք չունի, քանի որ պարզ չէ, թե ով ինչի համար է խոսում: Հետեւաբար, խնդիրը դառնում է գործը: Մտածողությունը պետք է փոխվի գործով, այսինքն պետք է ստեղծվի այնպիսի տնտեսական միջավայր, հանրային համակեցության տնտեսական այնպիսի հենք պետք է ձեւավորվի, որը հանրությանը կբերի մտածողության փոփոխության, որը նոր մտածողությունը գործնականում կդարձնի սոցիալ-տնտեսապես շահեկան եւ հեռանկարային, որը կձեւավորի նոր մտածողության կրողների ստեղծագործական ներուժի իրացման տարբեր դաշտեր ու հարթակներ:

Օրինակ, աներկբա է, որ Ռուբեն Վարդանյանն ինքը Հայաստանում հենց այդպիսի ներդրողներից է: Բայց աներկբա է նաեւ, որ միայն նրա ներդրումը, կամ մեկ-երկու այդպիսի ներդրողը չեն կարող ձեւավորել բարեփոխման կայուն միջավայր, որը մրցունակ կլինի առկա «քրեա-օլիգարխիկ» մտածողությամբ ներծծված տնտեսական հենքի հանդեպ: Անհրաժեշտ է նոր որակի ներդրումների լայն ալիք:

Եվ դա Հայաստանի նոր կառավարության, եւ ընդհանրապես որեւէ նոր կառավարության առանցքաին խնդիրն է, եթե կա համակարգային փոփոխության անկեղծ մտադրություն:

Բանն այն է, որ առկա համակարգի «վարչահրամայական» եւ առավել եւս «ռադիկալ-հեղափոխական» փոփոխության հնարավորությունը թե զրոյական է, թե ներքին առումով վտանգավոր, ու նաեւ աշխարհաքաղաքական առումով «ոչ լեգիտիմ»:

Այլ տարբերակ չկա, քան ապահովել Հայաստանն այլ որակի ներդրումներով:

Բայց դա պահանջում է ինքնիշխան քաղաքականության կամք, քանի որ անկասկած է, որ Հայաստանի որակական փոփոխությունը, համակարգային բարեփոխումը անխուսափելիորեն առնչվում է աշխարհքաղաքականությանն ու բերելու է պետական քաղաքականության, այդ թվում արտաքին քաղաքական եւ տնտեսական ուղղությունների փոփոխության: Առավել եւս, եթե չի բաեփոխվում եւ արդիականանում Ռուսաստանի տնտեսա-քաղաքական համակարգը:

Մյուս կողմից, այդ համակարգում եւս անխուսափելի են դառնում խորքային տրանսֆորմացիաները, որոնք առայժմ գուցե չունեն առերույթ դրսեւորումներ: Ի վերջո, Ռուսաստանի տնտեսական հասունացող կոլապսը չի կարող անզգալի լինել այդ երկրի իշխող համակարգի համար:

Եվ այդ իմաստով, օրինակ, եթե Ռուսաստանում հնչում են այնպիսի ելույթներ, ինչպիսին Ռուբեն Վարդանյանի ելույթը, դա արդեն իսկ կարող է խոսել այդ երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների մասին:

Իսկ դրանք կարող են արտացոլվել նաեւ Հայաստանի վրա, եւ թուլացող Ռուսաստանը կամ գիտակցաբար կարող է բաց թողնել Հայաստանը, գոնե Հայաստանի «բեռից» ազատվելու համար, կամ Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանի թուլացումից եւ իրեն թույլ տալ ավելին, քան մինչ այժմ:

Հնարավոր է նաեւ, որ ազդեցություն ունեն այդ երկու գործոններն էլ, որոնք էլ զգալիորեն արագացել են ապրիլի պատերազմից հետո, Ռուսաստանին դնելով նաեւ նոր ռազմա-քաղաքական իրավիճակի առաջ:

Այդ ամենով հանդերձ, Հայաստանի համար ամենագլխավորներից մեկը մնում է հարցը, թե ով է ֆինանսավորելու Հայաստանի բարեփոխումների, Հայաստանում որակապես այլ տնտեսական հենքի ձեւավորման «զուգահեռ» գործընթացը:

Դրանից հետո հնարավոր կլինի որոշակիորեն շոշափել Հայաստանի պետական քաղաքականության հարցում այդ գործընթացի ներքին ու արտաքին հնարավոր ազդեցությունը: