Հայաստանը պատրաստ է. Ադրբեջանում հասկացան, թե ինչ է կատարվել

    • Մեկնաբանություն - 22 Սեպտեմբերի 2016, 09:29
ՀՀ ԱԳ նախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ Ադրբեջանում չկա մի կետ, որը հասանելի չլինի հայկական բանակի սպառազինության համար: Նա այդ մասին խոսել է զորահանդեսից հետո, որի ժամանակ ցուցադրվել են հեռահար խոցման սպառազինություն, ժամանակակից բարձրտեխնոլոգիական զինատեսակներ:

Ադրբեջանական բանակի հիմնական ստորաբաժանումները գտնվում են ներկայիս շփման գծից այնպիսի հեռավորության վրա, որ պատերազմի դեպքում դրանք կհայտնվեն հայկական բանակի սպառազինության թիրախում, եւ Ադրբեջանը փաստացի կկորցնի իր բանակը:

Մյուս կողմից, այս սպառազինությունն ավելի շատ զսպող նշանակություն ունի, եւ եթե այն ավելի վաղ լիներ հայկական բանակի տրամադրության տակ, հնարավոր է ապրիլյան պատերազմը չէր լինի:

Կարելի՞ է ասել, որ այսպիսով բացառվում է լայնածավալ պատերազմը: Մյուս կողմից, այս զենքն ակնհայտորեն նախատեսված չէ «լոկալ բախումների» համար, որոնք կարող են տեղի ունենալ պարբերաբար: Այն ունի առավելապես քաղաքական նշանակություն, այն առումով, որ Ադրբեջանի «ռազմական դիվանագիտությունը», որը տապալվել էր ապրիլյան պատերազմում բացառապես հայ զինվորի ու սպայի քաջության արդյունքում, ներկայում բացառվում է նաեւ հայկական սպառազինության մակարդակը հաշվի առնելով:

Բանն այն է, որ ինչպես նշել էինք մեր նախկին հրապարակումներում, նման սպառազինությունը Հայաստանին կարող էր տրամադրվել միայն այն պարագայում, եթե Ռուսաստանը «հեռանում» է Հարավային Կովկասից, կամ եթե Ղարաբաղի խնդրում տեղի է ունենում քաղաքական «վեկտորի» ու տրամաբանության փոփոխություն: Ըստ ամենայնի, այս երկու հանգամանքը կապված են միմյանց հետ, եւ ներկայում խնդիրը տեղափոխվել է հենց այդ հարթություն:

Ապրիլյան պատերազմը ծուղակ էր Ադրբեջանի համար, եւ ներկայում այս հանգամանքը ակնհայտ է դարձել: Միեւնույն ժամանակ, հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունն ակնհայտորեն չէր կողմնորոշվում, որ ապրիլյան պատերազմում տեղի է ունենում ղարաբաղյան կարգավորման տրամաբանության փոփոխությունը, այլապես չէր լինի տարածքների հարցում ամոթալի պահվածքը:

Ներկայում, այս սպառազինության ցուցադրությունից հետո, հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը զրկվում է հողեր հանձնելու հարցում իր «ալիբիից». Ապրիլյան օրերին հայկական կողմը գանգատվում էր զենքի բացակայությունից եւ այդպիսով հիմնավորում պարտությունը: Բացի այդ, քաղաքական վերջին շրջանի իրադարձություններից պարզ է դարձել, որ աշխարհը չի ստիպում հայկական կողմին հող հանձնել:

Ադրբեջանում այս հանգամանքն ավելի լավ են հասկանում, եւ այդ երկրի ԶԼՄ-ների երեկվա արձագանքից դա երեւաց: