Հիմնական մարտահրավերը սեպտեմբերի 22-ից

    • Մեկնաբանություն - 21 Սեպտեմբերի 2016, 09:02
Անկախության 25 տարիներն առանց վարանելու թերեւս հնարավոր է բնութագրել որպես բաց թողած հնարավորությունների քառորդ դար: Լինելով խորհրդային կայսրության փլուզման աշխարհքաղաքական եւ քաղաքկրթական կարեւոր գործընթացի առաջին շարքերում, Հայաստանն անկախության ձեռքբերումից հետո սկսեց աստիճանաբար նահանջել հետին շարքեր: Հայաստանը ձեռք բերեց անկախություն, իսկ անկախությունը Արցախից եւ բանակից բացի, գործնականում ոչինչ ձեռք չբերեց: Դա էլ իհարկե քիչ չէ: Ավելին, հսկայական բան է, սակայն առանց այլ ձեռքբերումների անընդհատ վտանգի տակ են լինելու նաեւ Արցախն ու բանակը: Անկախությունն ինքն այսօր վտանգի տակ է՝ առանց այլ ձեռքբերումների:

Այդ վտանգը չեզոքացնելու համար Հայաստանը պետք է օգտագործի անկախության ընձեռած հնարավորությունները՝ տարբեր բնագավառներում: Օգտագործի արդիականացման, համաշխարհային տնտեսական, տեխնոլոգիական, քաղաքական, մշակութային գործընթացներին համարժեք քայլելու, աշխարհում սեփական տեղը, դերը, դեմքը ունենալու համար:

Հայաստանն ունի այդ ներուժը, եւ անկախության 25 տարիները ցույց են տվել դա, եւ անկախությունն այդ տարիներին գործված սխալների եւ բացթողումների պարագայում պահպանվել է նաեւ հենց այդ ներուժի շնորհիվ: Հայաստանի մարդկային ստեղծագործական ներուժն է, որ չնայած միմյանց փոխարինած ռազմա-ֆեոդալական եւ քրեա-օլիգարխիկ համակարգերի հարստահարող, մսխող, ուզուրպացնող բնույթին, պահպանել է անկախությունն ու թույլ չի տվել, որ դրան սպառնացող ռիսկերը վերածվեն աղետի:

Այդ իմաստով, անկախության քառորդ դարը ինչ որ առումով պայմանականորեն նաեւ «կարանտինի» ժամանակահատվածն էր Հայաստանի հասարակության համար: Եվ խորհրդաշական է նաեւ, որ այդ ժամանակահատվածի եզրագծին Հայաստանը գտնվում է շատ կարեւոր եւ խորքային, առերեւույթ ընդամենը սովորական, ավանդական տնտեսա-քաղաքական վերադասավորումներ կամ վերաբաժանում հիշեցնող, սակայն բավական բարդ, բազմաշերտ, խորքային մի վերափոխման փուլում, որտեղ ռազմա-ֆեոդալական եւ քրեա-օլիգարխիկ համակարգի իշխանական սիմբիոզը այլեւս կանգնած է հանրությանն ու անկախությանը տեղի տալու անխուսափելի հրամայականի առաջ, պարզապես ընտրություն է կատարելու նահանջի ճանապարհի կամ տարբերակների միջեւ՝ նահանջել սահուն, առանց թե իր, թե Հայաստանի համար ցնցումների, թե Հայաստանի պետականության պատմության մեջ վերջնականապես մնալ պետական հանցագործի կնիքով:

Հայաստանի ստեղծագործական ներուժի դաշնակիցն է նաեւ համաշխարհային կյանքում տեղի ունեցողը, որտեղ խոշոր հաշվով տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզումից հետո հաստատված միջանկյալ աշխարհակարգի ավարտ եւ նոր, ու արդեն առավել երկարաժամկետ աշխարհակարգի ձեւավորման ու հաստատման գործընթաց, որի հիմքում կլինի տեխնոլոգիական հեղափոխությունը:

Այդ գործընթացը ուղեկցվում է չափազանց բարդ զարգացումներով, մարդկային ողբերգություններով, պատերազմներով, ահռելի ռիսկերով եւ մարտահրավերներով, այդ թվում նաեւ Հայաստանի համար: Բայց դրանից խուսափել հնարավոր չէ, դրան պետք է պատրաստ լինել թե հոգեբանորեն, թե որակներով: Դա է այդ գործընթացում ռիսկերը հաղթահարելու եւ հնարավորությունները օգտագործելու ճանապարհը:

Անկախության 26-րդ տարին Հայաստանը սկսում է այդ իրավիճակում, սկսում է ահռելի ներուժով, մեծ ռիսկերով եւ ոչ պակաս մեծ հնարավորությամբ: Սկսում է մեծ ներուժով, միաժամանակ նաեւ հանրային մեծ ապատիայի եւ հուսահատության չափաբաժնով, սոցիալ-հոգեբանական ծանր մթնոլորտով:

Եվ դա թերեւս անկախության քառորդ դարի սահմանագծի ամենաէական խնդիրներից մեկն է, ու նաեւ թյուր ընկալվող, կամա թե ակամա նենգափոխման ենթարկված խնդիր, երբ օրինակ ապագայի հանդեպ լավատեսությունը կամ դրական սպասումը կարող է ընկալվել կասկածելի եւ նույնիսկ իշխանահաճ:

Բանն այն է, որ հանրային տրամադրությունը, հոգեվիճակը նույնականացվել է իշխանության հանդեպ վերաբերմունքի հետ: Մինչդեռ դա ստեղծել է համընդհանուր ապակառուցողական մի մթնոլորտ, որը  բացի հանրային ներուժը կաթվածահար անելուց, արգելափակելուց, չի բերում ոչինչի: Արգելափակում, որից առ այսօր չի օգտվել ոչ ոք, 25 տարի իշխող համակարգից բացի, որի թերեւս վերջին շանսն ու հույսն էլ մնացել է հենց հանրային էներգետիկայի եւ ներուժի սոցիալ-հոգեբանական այդ արգելափակումը:

25-ամյակի գլխավոր մարտահրավերն այդ վտանգավոր եւ անհեռանկար նույնականացումը հաղթահարելը, հանրային ներուժն ու էներգետիկան այդ նենգափոխված հոգեվիճակից եւ արգելափակումից դուրս բերելն է, ստեղծագործական ներուժը ստեղծագործական ռեժիմի բերելն է:

Հայաստանի զարգացման եւ անվտանգության հեռանկարային հենքը լինելու է դա, այդ խնդրի առարկայական լուծումը, քանի որ ակնհայտ է, որ խնդիրը լուծելի չէ միայն պաթետիկ ճառերով կամ կենացներով: 25 տարի անկախությունը կարգավիճակ էր, այժմ հրամայական է այն հանրության եւ անհատի հոգեվիճակ դարձնելը, քանի որ այլ կերպ անկախությունը շարունակություն եւ զարգացում ունենալ չի կարող: