Սերժ Սարգսյանն իր վրա է վերցրել խնդիրը

    • Մեկնաբանություն - 20 Սեպտեմբերի 2016, 19:36
Հայաստանում վարչապետի փոփոխությունից հետո ամենից հաճախ հնչող եւ թերեւս ամենահրատապ հարցադրումներից մեկն այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանին հաջողվելու է արդյունավետ պայքարել կոռուպցիայի, հովանավորչության, մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ: Միարժեք է, որ առանց դրա Հայաստանում հնարավոր չէ հասնել թե տնտեսական բեկման, թե նաեւ հանրային մթնոլորտի շոշափելի փոփոխության, ինչը պետք է լինի ծավալուն բարեփոխումների հենարանը:

Հայաստանի վարչապետի մասով այդ հարցադրումները տեղին են քաղաքական իմաստով, բայց զուտ տեխնիկական կամ գործառութային առումով, որքան էլ տարօրինակ հնչի, վարչապետը չունի անմիջական պատասխանատվություն կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի հարցում: Առավելագույնը, որ վարչապետը կարող է անել, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է, որը պետք է արժանանա ԱԺ մեծամասնության հավանությանը:

Կոռուպցիայի, մենաշնորհների, օլիգոպոլիաների, հովանավորչության դեմ գործնական պայքարի մեխանիզմը իրավապահ համակարգն է, դատարանները, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որոնք իրենց գործունեությամբ պետք է հնարավորինս չեզոքացնեն համակարգային այդ երեւույթները:

Բայց պարզ է, որ Հայաստանում այդպես չէ: Հենց այդ համատեքստում է, որ դրվում են հարցադրումները վարչապետի առաջ, քանի որ Հայաստանի իշխող համակարգը գործում է սահմանադրական «դիսֆունկցիայի»՝ ֆունկցիոնալ խանգարման պայմաններում, արատավոր երեւույթների, անօրինականության դեմ պայքարի մեխանիզմները չեն գործում այնպես, ինչպես ամրագրված է Սահմանադրությամբ:

Այստեղ է, որ առաջ է գալիս վարչապետի պատասխանատվությունը՝ որպես քաղաքական ֆիգուր:

Իսկ Կարեն Կարապետյանը քաղաքական ֆիգուր չէ, ի տարբերություն օրինակ Հովիկ Աբրահամյանի: Ընդ որում, հենց այստեղ է նաեւ կոռուպցիայի եւ համակարգային այլ իրողությունների համար Աբրահամյանի անձնական պատասխանատվության տարբերությունը՝ թե իր նախորդ Տիգրան Սարգսյանի, թե իր հաջորդ Կարեն Կարապետյանի համեմատ:

Բանն այն է, որ թե Սարգսյանը, թե Կարապետյանը համակարգային բեւեռ չեն, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի: Նրա պատասխանատվությունը ոչ թե այն էր, որ իբրեւ վարչապետ վատ էր պայքարում համակարգային այդ արատների դեմ, այլ այն, որ այդ արատների դեմ գործնականում ոչինչ չէր անում իբրեւ իշխանության բեւեռներից մեկը, որն ուներ համակարգային զգալի ազդեցություն:

Այդ համատեքստում էր Աբրահամյանի անձը դիտարկվում նաեւ միջազգային հարթակներում, որպես ազդեցիկ բեւեռ, որը կարող է համակարգը բերել ինչ որ վիճակի: Բայց Հովիկ Աբրահամյանը չարեց դա, ինչի հետեւանքով էլ չունեցավ նաեւ միջազգային լեգիտիմություն:

Կարեն Կարապետյանից այդ սպասելիքը չկա, որովհետեւ նա իշխանության բեւեռ չէ: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը նրան ներկայացնելով ՀՀԿ խորհրդին, փաստացի որեւէ բան չի ասել կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը Սերժ Սարգսյանն իր վրա է վերցրել 2016-ի փետրվարին: Փետրվարի 12-ին ներկայացնելով ԱԱԾ նոր տնօրենին, նա հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարն առավել աշխուժացնելու մասին: Պարզ է, թե ինչ նկատի ունի Սարգսյանն առավել աշխույժ պայքար ասելով: Նրա համար այդ պայքարը գործիք է ավելի շուտ ներիշխանական պայքարում ուժերի բալանսի փոփոխություն ապահովելու, քան կառավարման արդյունավետությունն էապես բարձրացնելու համար: Չի բացառվում, որ հենց այդ գործիքի կիրառումով նաեւ Սերժ Սարգսյանը կարողացավ հասնել Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը:

Ի դեպ, այդ իմաստով մայիսին Աբրահամյանի «հակակոռուպցիոն» հայտնի ելույթն ըստ երեւույթին Սերժ Սարգսյանին դիմադրելու, հակագրոհելու հուսահատ եւ ուշացած փորձ էր, որը չունեցավ հաջողություն:

Կարեն Կարապետյանի վրա դրված չէ կոռուպցիայի դեմ համակարգային եւ խորքային պայքարի խնդիր: Բացառված չէ, որ դա նաեւ Կարապետյանի պայմաններից է վարչապետի պաշտոնը ստանձնելու հարցում համաձայնության համար, քանի որ այդ խնդիրը լուծելը նրա ուժերից վեր է լինելու անգամ ամենամեծ ցանկության դեպքում:

Կոռուպցիայի խնդիրը թերեւս ընդհանրապես առկա չէ նոր վարչապետի օրակարգում, իհարկե խորքային իմաստով, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին նա անկասկած կխոսի, կգրի նաեւ կառավարության ծրագրում:

Բայց, դրված խնդիրը կամ ակնկալվող ռազմավարությունը թերեւս բոլորովին այլ է՝ ոչ թե պայքարել առկա համակարգի դեմ՝ քանի որ այդ համակարգի հետ որեւէ առնչություն ունեցող մեկը անկարող է լինելու իրականացնել այդ պայքարը այն մասշտաբով, ինչը անհրաժեշտ է բեկման համար, այլ «շրջանցել» համակարգը՝ նոր ներդրումների ներգրավման միջոցով, պայմանականորեն՝ կառուցել «զուգահեռ համակարգ»:

Ընդ որում, ոչ միայն չի բացառվում, այլ նույնիսկ շատ հավանական է, որ այդ «զուգահեռ» ձեւավորվող համակարգն էլ ունենա իր կոռուպցիոն առանձնահատկությունները, պարզապես «որակապես» այլ՝ ավելի «լոկալացված» «փակ ակումբային» բնույթի:

Այդ տրանֆորմացիան կախված է «զուգահեռ համակարգի» ձեւավորման դինամիկայից: