Գեներալ Մանվելն անցավ. Ո՞վ է հաջորդը

    • Մեկնաբանություն - 20 Սեպտեմբերի 2016, 17:38
Հայաստանի տնտեսական վիճակը չափազանց ծանր է, հայտարարել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման առաջին օրը: Ախտորոշումը տրված է, սակայն ի՞նչ է մտադիր անել վարչապետն իրավիճակը շտկելու համար:

Տնտեսագետները տնտեսական ճեղքման երկու ճանապարհ են նշում՝ արտաքին եւ ներքին: Արտաքին ճանապարհը նախատեսում է Հայաստանի «բացումն» Իրանի եւ արեւմտյան ներդրումների համար, Հայաստանը լոգիստիկ տարանցիկ երկիր եւ բարձր տեխնոլոգիական ներդրումների ապահովման համար ազատական շուկա դարձնելը:

Սակայն այդ ճանապարհով գնալու համար Հայաստանը պետք է եվրասիական «յառլիկ» ստանա: Իսկ դրա հետեւանքով աշխարհքաղաքական կողմնորոշման փոփոխություն եւ տարածաշրջանային տրանսֆորմացիաներ կարող են տեղի ունենալ: Մինչեւ այժմ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ պահպանի Հայաստանի շրջափակումը, սակայն Մոսկվայում էլ հասկանում են, որ կարող են վերջնականապես խեղդել դաշնակցին:

Հայաստանը «բացելու» փորձեր, հավանաբար, կձեռնարկվեն: Օրինակ, այժմ Իրանի հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում: Հոկտեմբերին Սերժ Սարգսյանը ԱՄՆ կմեկնի՝ մասնակցելու պոտենցիալ ներդրողների համաժողովին: Հնարավոր է, որոշակի ներդրումներ հաջողվի ներգրավել:

Ավելի «պարզ» կարող է թվալ ներքին ռեսուրսի օգտագործումը՝ ազգային բարիքների օգտագործման որոշ օլիգարխների իրավունքի վերանայումը եւ հավելյալ արժեքի ստեղծումը, միաժամանակ՝ տնտեսական համակարգի ազատականացումը:

«Ներքին ռեսուրսի» օգտագործումը, սակայն, հղի է ներհամակարգային գզվռտոցով, որը կարող է արյունալի ռազբորկաների հանգեցնել: Օրինակ, գեներալ-պատգամավոր-օլիգարխ Մանվել Գրիգորյանը կիրակի օրը պաշտպանել է իր ընտանիքի քվոտան, եւ ոպեսզի կասկածներ չմնան, ցուցադրաբար ծեծել են այլընտրանքային թեկնածուին: Իշխանությունը կուլ է տվել դա՝ Էջմիածինը ճանաչելով Մանվելի քվոտա:

Էջմիածնում ընտրությունների պատմությունը եւ Մանվել Գրիգորյանի որդու «վերընտրությունը» խոսում են այն մասին, որ Հայաստանում արյունալի ռազբորկաներ տեղի կունենան, եթե սեփականության եւ քվոտաների վերաբաշխում սկսվի: Վերաբաշխումը գրեթե անխուսափելի է, որովհետեւ երկրում ավարտվում է իշխանական 10-ամյա ցիկլը, եւ սկսվում է իշխանության փոխանցումը «ցանցային կառավարությանը»:

Փաստացի, Կարեն Կարապետյանը ստիպված է լինելու ընտրել չարյաց փոքրագույնը, եթե իրոք պատրաստվում է շտկել տնտեսական ծանր վիճակը: Նա կամ պետք է Հայաստանը բացի Իրանի եւ արեւմտյան ներդրումների համար, կամ էլ օլիգարխիկ համակարգի դեմ գնա եւ պատրաստ լինի արյունալի ռազբորկաների:

Իհարկե, կա երրորդ տարբերակը՝ ոչինչ չփոխել եւ համակարգի տակ նոր բարձիկներ դնել, ինչպես փորձում էր Հովիկ Աբրահամյանը: Նրա անհաջող փորձը ցույց է տալիս, որ բարձիկները չեն աշխատում, եւ պետք է վիրահատական միջամտություն անել օլիգարխների հետ հարաբերություններում, որը փորձում է իշխանություն փոխանցել «երկրորդ սերնդին»:

Աշխարհում կա սեփականության խնդրի անարյուն լուծման փորձը: Ստեղծվել են սեփականության իրավունքի լեգիտիմացման մեխանիզմներ, որոնք միշտ չէ, որ կապված են իշխանության հետ: Հայաստանում 25 տարիների ընթացքում սեփականության «լեգիտիմացման» այլ մեխանիզմներ չեն ստեղծվել, բացի իշխանությունում մնալուց: Իսկ դա նշանակում է, որ սեփականության վերաբաժանումն անխուսափելիորեն հանգեցնելու է արյունալի բախումների: