Նոր կյանքի ապագան եւ ծուղակը. ներքաղաքական մեծ սահմանազատում

    • Մեկնաբանություն - 20 Սեպտեմբերի 2016, 11:24
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունից հետո, որ անցկացվել է մի քանի հարյուր համայնքներում, հնչում են գնահատականներ, թե ՏԻՄ ընտրության արդյունքը ամենեւին չի նշանակում դրա կրկնություն խորհրդարանի ընտրությանը: Դա ասվում է ՏԻՄ մակարդակում որեւէ ընդդիմադիր ուժի հաջողության գնահատման համատեքստում: Իսկ սեպտեմբերի 18-ին հաջողության հասել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի թեկնածուն ՀՀԿ թեկնածուին հաղթել էր Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում:

Ընթացիկ աշնան ՏԻՄ ընտրությանը, որի մի մասն էլ տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ընդդիմադիր ուժերը մասնակցում են աննախադեպ աշխուժությամբ: Հատկապես մեծ է ինտրիգը Գյումրիի ու Վանաձորի Ավագանիների եւ քաղաքապետի ընտրության մասով:

Այդուհանդերձ, թեկուզ գյուղում, բայց ՔՊ թեկնածուի հաղթանակը եւս արժանացավ մեծ ուշադրության, գուցե ոչ այնքան ինքնին որպես ընդդիմադիր ուժի, որքան նորաստեղծ ընդդիմադիր ուժի հաջողություն, որը հանդես է գալիս ընտրական գործընթացում եւ ընդհանրապես ընդդիմադիր քաղաքական գործունեության կազմակերպման մոդելային նոր առաջարկներով:

Իհարկե իրավացի են նրանք, ովքեր ասում են, որ մեկ առանձին վերցրած համայնքում հաջողությունը դեռեւս որեւէ երաշխիք չէ խորհրդարանի ընտրության համար:

Երաշխիք չէ նույնիսկ մի քանի համայնքներում հաջողությունը:

Բայց, ընդհանրապես, ՏԻՄ ընտրությանն ընդդիմության մասնակցությունն ու հնարավոր որեւէ հաջողություն չպետք է դիտարկել խորհրդարանի ընտրության հաջողության «նախադրյալի» համատեքստում: Այդ նախադրյալի համատեքստում դիտարկումը բացի փոքր, համայնքային մասշտաբի հաջողությունն արժեզրկելուց, չի հանգեցնելու որեւէ այլ բանի: Ըստ այդմ, երբ ՏԻՄ ընտրության այդօրինակ արդյունքն արդեն իսկ գնահատվում է այդ համատեքստում եւ իմաստնորեն ասվում, թե դա այլ է, խորհրդարանի ընտրությունն այլ, ապա կամա թե ակամա դրանով իսկ տեղի է ունենում փոքր հաջողության վարկաբեկում:

Անկասկած է, որ փոքր հաջողությունը պետք չէ ուռճացնել եւ տուրք տալ պաթոսին, բայց, միաժամանակ աներկբա է, որ պետք չէ նաեւ արժեզրկել այդ հաջողությունը:

Դրա հետ պետք է աշխատել, եւ ոչ թե խորհրդարանի ընտրության համար, այլ պարզապես քաղաքական գործունեության շարունակության: Փոքր քայլերի կամ փոքր հաղթանակների մարտավարությունը չպետք է կառուցվի «փուլային» տրամաբանությամբ, թե այս փուլում փոքրին հասանք, որի շնորհիվ էլ հաջորդ փուլում կհասնենք մեծին կամ ամբողջին:

Օրինակ ՏԻՄ մակարդակում փոքր հաղթանակն ինքն իրենով պետք է լինի, դիտվի, ընկալվի որպես ամբողջություն, ոչ թե որպես իշխանափոխության կամ համակարգափոխության մեծ խնդրի կամ նպատակի մի մաս: Անկասկած, խորքային առումով դա այդպես է, այլ կերպ լինել չի էլ կարող: Բայց զուտ ընթացիկ աշխատանքի տեսանկյունից փոքր հաջողությունը չպետք է դիտարկվի որպես մեծ խնդրի մի մաս, այլ պետք է լինի ինքնին ամբողջական, լիարժեք ձեւակերպված խնդիր, իր մշակված լուծումներով:

Այդ իմաստով, օրինակ, ՔՊ խնդիրն է ներկայում ոչ թե Նոր Կյանքը դիտարկել ինչ որ հեռու կամ մոտիկ նպատակի ցատկահարթակ, հայտնվել այդ դիտարկումների ծուղակում, այլ Նոր Կյանքում դնել համակարգափոխության ամբողջական, լիարժեք խնդիրներ, ինչը առաջին հերթին ներառում է արժեքային, մտածողական լիովին նոր հարթության, հանրային համակեցության, համայնքային կյանքի լիովին նոր մշակույթի ձեւավորում:

Հենց այն կապվեց խորհրդարանի ընտրության հետ, որեւէ կերպ, անմիջապես հետեւելու է արժեզրկումը՝ վաղ թե ուշ, ամենաուշը խորհրդարանի ընտրությունից հետո: Իսկ շատերը թերեւս հենց այժմ են արդեն փորձում արժեզրկել, կապելով այն խորհրդարանի ընտրության հետ:

Եվ ՏԻՄ ընտրությանը քաղաքական որեւէ ընդդիմադիր ուժի մասնակցություն պետք է լինի թերեւս հենց այդ տրամաբանությամբ՝ այն չկապել խորհրդարանի ընտրությանը: Փոքր հաջողությունների կամ հաղթանակների մարտավարությունը չի կարող նշանակել մեծ խնդրի մասնատում փոքրերի, այլ պետք է նշանակի առանձին փոքր խնդիրների ձեւակերպում եւ լուծում՝ մեծ խնդրից անկախ: Այդ դեպքում փոքրը կծառայի մեծի լուծմանը քայլ առ քայլ մոտենալուն: Հակառակ դեպքում, մեծը միշտ արժեզրկելու է ցանկացած փոքրի: