Կարեն Կարապետյանի վերջնագիրը

    • Մեկնաբանություն - 20 Սեպտեմբերի 2016, 10:12
Հայկական մամուլն անդրադարձավ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին: Ներկա է եղել իշխող համակարգը գրեթե ողջ կազմով, բացառությամբ Հովիկ Աբրահամյանի: Ըստ մամուլի՝ նա մեկնել էր Դուբայ, եւ պատճառներից մեկն էլ այն էր, որ նման «ներկայանալի» միջոցառմանը, որտեղ եղել է իշխող համակարգը ողջ կազմով, ինքը կարող էր հայտնվել անհարմար վիճակում:

Սակայն ամենահետաքրքիրը ԶԼՄ հրապարակումներում այն էր, որ կառավարության փոփոխությունը հետաձգվել էր հենց այդ հարսանիքի պատճառով, քանի որ այդ դեպքում այն կարող էր «հարամվել»: Այսինքն, նախարարների մի մասը պաշտոնաթող կլիներ եւ հայտնի չէ՝ ներկա կլիներ հարսանիքին, թե ոչ:

Իշխող համակարգի հարսանիքներն ավելին են, քան հարսանիքները, դրանք ուղղված են համակարգային կապերի խորացմանն ու բյուրեղացմանն արյունակցական, քավոր-սանիկային թելերով:

Ներկայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այդ հարսանիքը ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն:

Ըստ տեղեկությունների, նոր վարչապետ Կարեն Կարապետյանի մեքենան եղել է ընդհանուր «հերթում», թույլ չեն տվել «արտահերթ» անցնել: Այդպիսով, նոր վարչապետին ցույց են տվել իր «տեղը»:

Կարեն Կարապետյանն իր պաշտոնամուտին մի քանի հայտարարություն արեց, որոնք վերաբերվում են Հայաստանի համակարգային իրողություններին: Մասնավորապես, կառավարության կազմը 90 տոկոսով փոխելու մտադրության ու ստվերի մասին: Հայաստանի իշխող համակարգի հիմքը եւ բազան հենց ստվերն է, իսկ կառավարության 90 տոկոսը փոխելու մտադրությունը նշանակում է առնվազն համակարգային վերադասավորություն: Սա փաստացի վերջնագիր է համակարգին:

Հարսանիքին ներկա էր հենց այդ «90 տոկոսը»: Կարեն Կարապետյանն ունի՞ այդ ազատությունն ու հնարավորությունը:

Ներկայում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարականից առաջ պայման է դրել մի քանի նախարարի մնալու մասին: «Անձեռնմխելի» են ՀՅԴ նախարարները: Իր հերթին, Սամվել Կարապետյանը, ով ոչ միայն Բեգլարյանի որդու, այլեւ համակարգի այլ հարսանիքների քավորն է, նոր վարչապետի մոտ միջնորդել է Գագիկ Բեգլարյանի համար:

Եթե այս բոլոր «միջնորդություններն» անցնում են, նշանակում է՝ կառավարությունում փոխվելու է 10 տոկոսը: Ասում են՝ Կարեն Կարապետյանը գանգատվել է կադրերի պակասից, իսկ ում առաջարկում է նախարար՝ հրաժարվում են:

Նոր կառավարության ձեւավորմանը քիչ ժամանակ է մնացել, եւ նոր վարչապետը կանգնած է բավական լուրջ փորձության առաջ՝ ինչ տեսք է ունենալու այդ կառավարությունը գոնե արտաքնապես:

Ներկայիս կառավարությունը 2014 թ. քրեա-օլիգարխիայի ներիշխանական հեղաշրջման արդյունք է եւ ոչ մի կապ չունի այն խնդիրների հետ, որոնք հայտարարվեցին նոր վարչապետին նշանակելիս: Ավելին, այդ կառավարությունը ձեւավորվել էր հենց այդ խնդիրները չեզոքացնելու համար:

Մյուս կողմից, Հայաստանում համակարգային ճգնաժամ է, որի աղբյուրը հենց համակարգն է: Խնդիրը դրա ապամոնտաժումն է, որը խոշոր հաշվով դարձել է միջազգային խնդիր, որը նկատելի է դառնում 2014 թ. սկսած տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանական շղթայից: Համակարգն ինքը հասել է այնպիսի իրավիճակի, երբ այլեւս չի զգում իր գլխին կախված վտանգը եւ հեռանալու անհրաժեշտությունը: Իսկ այդ դեպքում սպասվում են խոշոր ցնցումներ, քանի որ նրա առջեւ այլեւս վերջնագիր է դրված:

Կարեն Կարապետյանը հարսանիքի ժամանակ անցավ առաջին փորձությունը՝ ներկա լինելով 90 տոկոսի հավաքին որպես «շարքային հյուր»: Ո՞ւմ վերջնագիրն ավելի զորեղ կլինի: