Նոր վտանգավոր ակտեր ազգային համաձայնության անվան տակ

    • Մեկնաբանություն - 18 Սեպտեմբերի 2016, 19:53
Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրավիճակ է փոխվել, եւ պետք է ակտիվ մասնակցել ընտրություններին: Իրավիճակի փոփոխություն ասելով նա նկատի ունի ընտրությունների վերահսկողության հուշագրի ստորագրությունը:

Հուշագիրը Հայաստանում «ազգային համաձայնության» հերթական ակտն է: Պատահական չէ, որ հենց հուշագրի ստորագրման օրն է հայտարարվել նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման մասին: Հուշագիրը ստորագրած ուժերը դեմ չեն վարչապետի թեկնածությանը:

Հայաստանում ամեն մեկն իր ձեւով է հասկանում «ազգային համաձայնությունը»: Համաձայնության մեջ մտած ոչ իշխանական ուժերի համար դա նշանակում է ապագա խորհրդարանում եւ կերակրատաշտի մոտ տեղերի որոշակի երաշխիքներ:

Իշխող կուսակցության համար ազգային համաձայնությունն իշխանության ձեւավորման քարտ բլանշ է, որտեղ չկա նախագահ, սակայն կա «դատավոր», «գորշ կարդինալ», որին պատկանելու է իրական իշխանությունը:

«Ազգային համաձայնության» ամենակարեւոր գործառույթը երկրի ինքնիշխանության հաշվին իշխանություն եւ կարողություն «գնելու» հնարավորությունն է: Առանց «ազգային համաձայնության» դժվար է հանձնել ինքնիշխանությունը: Իսկ «հուշագիրը» թույլ է տալիս խուսափել ավելորդ աղմուկից եւ հանրային դժգոհությունից:

Իրականում «ազգային համաձայնությունը» արդեն բազմիցս «ամորտիզատորի» դեր է խաղացել ինքնիշխանության առեւտրի ժամանակ: 2014 թվականին խորհդարանը միանգամից մի քանի օրենք է ընդունել, որոնք սահմանափակում են ինքնիշխանությունը: Դրանք են գազի պայմանագիրը, ՀԱՊԿ համաձայնագրի լրացումը, որը թույլ չի տալիս Հայաստանում «երրորդ երկրների» ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը եւ ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը:

Այդ երեք ակտերի արդյունքն էր ապրիլյան պատերազմը, տնտեսական կոլապսը, որը վերջապես ընդունվել է ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ ինքնիշխանության գրեթե լիակատար կորուստը:

Նոր «ազգային համաձայնության» ձեռքբերումն, ըստ ամենայնի, հղի է ոչ պակաս վտանգավոր հետեւանքներով: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրներ: Այդ զենքի ռազմական բնութագրիչները, ինչպես նաեւ դրա «կառավարման վահանակի» ռուս զինվորականների ձեռքում լինելը խոսում են այն մասին, որ զենքը Հայաստանի պաշտպանության համար չէ:

Հայաստանը դարձել է հզոր ռուսական զենքի բազա դրանից բխող բոլոր հետեւանքներով: Դա հնարավոր է դարձել «ազգային համաձայնության» եւ քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության առարկությունների բացակայության շնորհիվ:

Սերժ Սարգսյանը Բիշքեքում հայտարարել է, որ Հայաստանը ողջունում է Ռուսաստանի հետեւողական ջանքերն ուղղված Սիրիայում հումանիտար աղետի խորացման կանխագերլմանը եւ քննարկվում է այդ գործընթացում Հայաստանի ու հայկական սփյուռքի ներգրավման հնարավորությունը:

Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է «ռուսական ստորաբաժանման» կազմում սիրիական ճգնաժամին հնարավոր ներգրավվածության մասին: Հնարավոր է, այդ մասին հայտարարվի 1 ամիս անց` Երեւանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ, երբ կգա Պուտինը եւ հնարավոր կլինի իրագործել հերթական «ակտը»: