Ռուսաստանը լքո՞ւմ է ԵՏՄ-ը. Աներեւակայելի քայլ

    • Մեկնաբանություն - 18 Սեպտեմբերի 2016, 11:45
Եթե Հայաստանում կառավարություն է փոխվում, համաշխարհային ջրհեղեղ էլ լինի, չի նկատվի, մինչև ալիքները Արարատի փեշերին չհասնեն։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մի հրամանագիր է ստորագրել, որը փաստացի նշանակում է, որ Ռուսաստանը դուրս է գալիս Եվրասիական տնտեսական միությունից։

Երկու օր առաջ կառավարության կայքում հայտնված հրամանագիրը սահմանում է, որ պետգնումներ կատարելիս արտասահմանյանների համեմատ առաջնությունը պետք է տրվի ռուսաստանյան «ապրանքներին, աշխատանքներին ու ծառայություններին»։

Մեդվեդևի ստորագրած չորս էջանոց փաստաթղթում ես իզուր փնտրեցի մի բառ, որը ցույց տար՝ արտասահմանյան ձեռնարկությունների իրավունքները սահմանափակելիս որևէ ձևով տարբերակվում են, ասենք, Եվրամիությունը, որ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի հանդեպ, և Եվրասիական միությունը, որը ստեղծվել է նույն Ռուսաստանի ճնշմամբ և նպատակ ունի միասնական հնարավորություններ ապահովել անդամ երկրների համար։

Արդյոք ՌԴ կառավարությունը կատարե՞լ է որևէ վերլուծություն ու պարզել, որ տեղական «ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները» նույնիսկ ԵՏՄ շրջանակներում մրցունակ չեն, թե՞ այդ միության անդամ երկրներին եղած-չեղած մասնակցությունից էլ զրկելու նպատակ կա, կարևոր չէ, կարևոր այն է, որ տնտեսական միության ներսում արվել է տնտեսական կապերը քայքայող աներևակայելի քայլ։

Ընդ որում՝ ոչ առաջինը։ Մի քանի օր ավելի վաղ տեղեկություն հայտնվեց, որ ռազմական ոլորտի պատվերների դեպքում ևս առավելությունը տրվելու է «հայրենական» ձեռնարկություններին։

Լուրը հաղորդեց РБК հեռուստաալիքը, բայց ուրիշ ռուսական ԶԼՄ-ներ չտարածեցին՝ հավանաբար մնացածը կարվի գաղտնիության քողի տակ։

Ինչպե՞ս կվերաբերվեն Մեդվեդևի հրամանագրերին ԵՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարները՝ Լուկաշենկոն մի քանի միլիարդ դոլար կպոկի՞, որ սկանդալ չանի, Նազարբաևը ատորագրությո՞ւն կվերցնի Պուտինից, որ Հյուսիսային Ղազախստանը անկախ չի հռչակվի իր մահից հետո… Թե՞ Ռուսաստանը ավելի շուտ կհասցնի հայտարարել ԵՏՄ վերացման մասին, պարզ չէ։  Նախադեպեր, համենայն դեպս, կան։

1991 թ. Ռուսաստանը Բելովեժյան թավուտի համաձայնագրով դուրս եկավ ՍՍՀՄ-ից, երբ դեռ Գորբաչովն այդ երկրի նախագահն էր։

Իսկ 1993-ին սովետական ռուբլու գոտուց ՌԴ-ը նույնիսկ ավելի շուտ դուրս եկավ, քան Հայաստանը, և ՀՀ այն տարիների (ազատական) ղեկավարության երկչոտության պատճառով թղթի թափոն դարձած դրամը լցվեց երկիր ու սրբեց տարավ որևէ բան արժեցող վերջին ապրանքները։

Ուրեմն, Հայաստանը պետք է Ռուսաստանի այս որոշումներին համարժեք քայլեր անի, որպեսզի վերջինը դուրս չգա ԵՏՄ-ից՝ համապատասխան հետևանքներով։ Ինչքան էլ որ նոր վարչապետը զբաղված լինի նոր կառավարություն ձևավորելով, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նախարարներն էլ՝ իրենց ժամանակավոր պարտականություններով։