Տգեղ ու ողբերգական հեռացում

    • Մեկնաբանություն - 18 Սեպտեմբերի 2016, 10:00
Էջմիածնի ավագանու եւ քաղաքապետի ընտրության նախօրեին գեներալ Մանվելի որդին՝ Էջմիածնի գործող քաղաքապետն ու թեկնածուն, փաստացի մնաց առանց մրցակիցների: Մեկի հետ «զրուցել» էին ավելի վաղ, որից հետո նա ինքնաբացարկ էր հայտարարել, մյուսին երեկ ծեծի են ենթարկել, որից հետո նա գանգուղեղի վնասվածքով հայտնվել է հիվանդանոցում: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նա կրակել է քաղաքապետի մեքենայի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել ծեծը:

Հայաստանում հայտարարվել են փոփոխություններ, սակայն իշխող համակարգի համար այդ գործընթացը հանգում է «սերնդափոխությանը», այսինքն՝ իշխանության ժառանգաբար փոխանցումը: Ընդ որում, որոշակի դեպքերում տեղի է ունենում այդ իշխանության ֆորմալացում: Օրինակ, գեներալ Մանվելը Էջմիածնի ոչ ֆորմալ «տերն» էր, հիմա նրա որդին ֆորմալ ղեկավարն է եւ կշարունակի ղեկավարել:

Հիվանդանոցում հայտնված թեկնածուն ավելի վաղ հայտարարել էր, թե իր նպատակը Էջմիածինը Մանվելից ու մանվելիզմից մաքրելն է: Դա նրան կարծես թե չհաջողվեց, եւ նաեւ խնդիր է, թե ինչ էր նա հասկանում «մանվելիզմի» եւ դրանից քաղաքը մաքրելու տակ:

Հայաստանում զենքով ու բռնությամբ խնդիրների լուծման իշխանության «մենաշնորհը» կարծես թե վերանում է, հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո: Հայաստանում արմատավորվում է այն գիտակցությունը, որ որ դրանից բացի այլ ելք չկա: Ավելորդ է ասել, թե սա ինչ կործանարար հետեւանքներ կարող է ունենալ: Միեւնույն ժամանակ, չի երեւում, որ իշխող համակարգը համարժեք է գնահատում այս իրողությունը:

Առավել եւս ներկայում, երբ տեղի է ունենում «իշխանության փոխանցման» գործընթացը առաջիկա բավական երկար ժամանակահատվածի համար, որի ժամանակ անխուսափելի են վերաբաշխումներն ու նոր «ստատուս» քվոյի ձեւավորումը: Հանրությունը դուրս է մղված իշխանության ձեւավորման գործընթացից, միեւնույն ժամանակ այս տարիների ընթացքում հանրության մի զգալի հատված ներգրավվել է քվոտավորված կոռուպցիոն բուրգում, եւ նրա համար նոր ստատուս քվոյի ձեւավորումը դարձել է «կյանքի ու մահվան» խնդիր: Այլ մեխանիզմներ իշխանությունը չի առաջարկել, թեեւ հանուն ճշմարտության պետք է ասել, որ նոր վարչապետն առաջարկեց «հավելյալ արժեքի» ստեղծման միջոցով լուծել կամ մեղմել այս խնդիրը:

Սակայն, մինչ այդ, երեւում է դեռ շատ ջրեր են հոսելու: Ընդ որում, ամենաանսպասելի դրսեւորումներով, քանի որ Հայաստանում իշխանության խնդիրը զուտ ներքին խնդիր չէ եւ ունի միջազգային լայն «համատեքստ»: Այս հանգամանքն ավելի է սրում իրավիճակը, քանի որ քրեական օլիգարխիայի համակարգը խոր ճգնաժամի մեջ է եւ հասել է մի իրավիճակի, երբ բացարձակապես անհամարժեք է դարձել ներքին ու արտաքին իրողություններին:

Այսպիսով, տեղի է ունենում երկու «զուգահեռ» գործընթաց, արդեն հեռացվել եւ հեռացվելու են մարդիկ, որոնց դիրքերը թվում էին անսասան, եւ որոնք այդպես էլ չեն հասկանալու, թե որտեղից է գալիս հարվածը:

«Մանվելիզմը», այսինքն Հայաստանի համակարգն արդեն անցյալում է, խնդիրն այն է, թե ինչպես է դա «ձեւակերպվելու» կամ ինչ մեխանիզմ է ընտրվելու: Դա կախված է համակարգի ներկայացուցիչների պահվածքից: Ճիշտ ընտրությունը մեծ առաքինություն է, ինչպես օրինակ բնութագրվեց Հովիկ Աբրահամյանի հեռացումը: