Ում է Սերժ Սարգսյանը փոխանցելու իշխանությունը

    • Մեկնաբանություն - 17 Սեպտեմբերի 2016, 17:47
Հայաստանում իշխանության հերթական 10-ամյա ցիկլը ավարտվում է: Սկսվել է ընդունման-հանձնման գործընթաց, եւ պետք է այն հնարավորինս անցավ ու անկորուստ անցկացնել:

Սերժ Սարգսյանն ու նրա թիմը պատրաստվում են փոխանցել իշխանությունը: Ու՞մ բաժին կհասնի իշխանությունը եւ դրա հետ միասին նաեւ ազգային բարիքը եւ հավելյալ արժեքը տնօրինելու «իրավունքը»: «Իշխանության փոխանցումը» նշանակու՞մ է Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացում, թե՞ խոսքը որոշակի տրանսֆորմացիայի եւ վերածնման մասին է:

Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունը փոխել է իշխանության ավանդական կառուցվածքը: Եթե մինչեւ հիմա իշխանությունն անձնականացված է եւ կառուցված բուրգի սկզբունքով, որի գլխին նախագահն է, ապա նոր Սահմանադրությունը լիովին այլ կառուցվածք է նախատեսում:

Խոսքը ցանցային համակարգի ստեղծման մասին է, որտեղ բարձրագույն իշխանությունը ֆորմալ մեկ կրող չունի, իսկ ազգային բարիքների շրջանակում հավելյալ արժեքի ստեղծման իրավունքը բաշխվում է նրանց միջեւ, ովքեր կարող են «ցանցի» մեջ մտնել:

Ցանցային կառուցվածքն այն է, ինչ վաղուց գործում է արեւմտյան դեմոկրատիաներում: Ցանցը չի փոխվում՝ չնայած իշխանության ֆորմալ կրողների փոփոխությանը: Իսկ նրանք, ում ձեռքում իրական թելերն ու ցանցերն են, որպես կանոն, ստվերում են:

Հայաստանը դառնում է համաշխարհային ցանցային համակարգի մաս: Սեփականությունն ու կապիտալը նոր «ցանցային» ռեժիմ տեղափոխելու համար Հայաստանին լավ մենեջեր է պետք: Այդ մենեջերի դերում ընտրվել է Կարեն Կարապետյանը:

Նրա գլխավոր գործառույթն իշխանության «անընդհատությունը» ապահովելն է, քանի դեռ սեփականությունը չի վերաբաշխվել: Բացի այդ, նա «վեր է կանգնած» Հայաստանի օլիգարխիկ խմբավորումներից, նա պարտավորություններ չունի նրանց առաջ, եւ նրանք պետք է վարչապետի «արբիտրաժային» որոշումները լուռ եւ հնազանդ ընդունեն:

Կարապետյանը պատահական չի հայտարարել, որ «ոչ ոքից բիզնես չի խլվելու»: Բիզնեսը, անկասկած, չեն խլի, սակայն ազգային բարիքնը տնօրինելու իրավունքը հին օլիգարխներից փոխանցվելու է նրանց, ովքեր կարողանան «ցանցային իշխանություն» մտնել: