Կարեն Կարապետյան. Ձախողման և հաջողության շանսեր

    • Մեկնաբանություն - 11 Սեպտեմբերի 2016, 11:53
Նոր վարչապետի ձախողման հավանականությունն իհարկե ավելի մեծ է. կարո՞ղ է հազարոտնուկի մի ոտքը ինքնուրույն քայլ գցել, ինչքան էլ մոտ լինի գլխին։

Մյուս կողմից, ավտորիտար երկրներում պատահում է, որ իշխանական բուրգի անդամը դառնա փոփոխությունների կնքահայր։

Ամենավառ օրինակը Նիկիտա Խրուշչովն էր՝ Ստալինի մերձավոր շրջապատից, որը ստալինականության մղձավանջից ազատեց ՍՍՀՄ-ը։

Ճիշտ է, Խրուշչովը պետության առաջին դեմքն էր, իսկ Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանն է նշանակել,- շատ հետաքրքիր է՝  նրան հայտարարելով «փոփոխությունների խորհրդանիշ». այսինքն, վերևում դեռ կա «կնքահայր», առանց որի փոփոխություններ հնարավոր չեն։

Այստեղ կարծես շրջանը փակվում է, և իրավիճակը անհուսալի դառնում, բայց ամառը Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որը թույլ չի տալու ոչ մեկին հանգիստ նստել. իշխանությանը՝ վայելել ժողովրդից խլածը, ընդդիմությանը՝ իշխանությունից մուրացածը։

«Սասնա ծռերի» ապստամբական գործողությունը բարձրացրել է նշաձողը։ Այն օրեցօր բարձրացնում է նաև նոր սերունդը, որն իր ներուժով մի կարգ բարձր է հնից։

Ինքնապահպանության բնազդը պետք է թելադրի վարչակարգին Հայաստանի զարգացմամբ զբաղվել, իսկ ընդդիմությանը՝ քաղաքական տեքստեր ձևակերպել բոլորովին անպտուղ դարձած հայհոյանքների փոխարեն։

Ի վերջո, կան նվազագույն քայլեր, որը վարչակարգը կարող է կատարել Կարեն Կարապետյանի խմբավարությամբ և երկրում մթնոլորտը փոխել։

Ամենաակնհայտ քայլը հակակոռուպցիոն օրենսդրության խստացումն է։ Այսօրվա օրենքները ոչ միայն արտոնում են պետական պաշտոնյաների «զոքանչային հարստությունը», այլև որդիների ու հորեղբոր տղաների բիզնեսների «օժանդակումը», ինչը խժռում է պետգնումների հսկայական մասը՝ արգելելով այդ գումարների հատկացումը արտակլանային բիզնեսին։

Մյուս ազդեցիկ գործոնը, որը կարող է օգնել Կարեն Կարապետյանին, անձնական օրինակն է։ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության արշալույսին մի բեմականացում արեց՝ խոշոր գործարարների հետ «փակ հանդիպում» կազմակերպելով, որն իբր պետք է փոխեր խաղի կանոնները, բայց հետագայում նույնիսկ հաշվետվություն չներկայացրեց դրա երևակայական կամ իրական արդյունքների մասին։

Կարեն Կարապետյանից «փակ հանդիպումները» չեն ակնկալվում, այլ նոր մտածողություն։ «Ֆլորենս» ռեստորանային համալիրը, որ նա բացել է որպես քաղաքապետ պաշտոնավարելիս, նշանակում էր պատառ խլել մյուս կլաններից բաժանված ու վերաբաժանված սպասարկման ոլորտում։ Բայց կա նոր տեխնոլոգիաների ոլորտը, որը Հայաստանի անկախ գործարարների առաջնահերթությունն է, կան մտավոր մրցունակ արտադրանքի կղզյակներ. այստեղ թեկուզ անձնական ներդրումներ կատարելն ու դրսից ներդրումներ ապահովելը հաջողության հիանալի գրավականներ են։

Կարեն Կարապետյանը Հայաստան է գալիս Ռուսաստանից՝ դա նրա թույլ և ուժեղ կողմն է։

Թույլ՝ որովհետև այդ երկրի վերջին սկանդալները կապված են գողության հետ. գրագողության մեջ բռնել են ՌԴ Հետաքննության կոմիտեի նախագահ Բաստրիկինին, իսկ կոռուպցիայի դեմ պայքարող բարձրաստիճան ոստիկանից առգրավել 123 միլիոն դոլարին հավասար կանխիկ գումար։

Ուժեղ՝ քանի որ նրա հանդեպ Մոսկվան որոշ ընթացք կարող է չեզոք լինել։

Բայց կա մեկ ուրիշ կարևոր հանգամանք. Ռուսաստանում է ապրում նաև Ռուբեն Վարդանյանը, որի հայաստանյան նախաձեռնությունները համապատասխանում են զարգացած երկրների լավագույն միտումներին։

Դիլիջանի միջազգային դպրոցը մեզ դուրս է բերում Արևմտյան բարձրորակ կրթության խղճուկ նմանակողի վիճակից ու դարձնում այդ կրթությունը ստեղծողներից ու արտահանողներից մեկը։

«Ավրորա» մրցանակաբաշխությունը հավերժական վշտացյալ, սգավոր, ուրիշներից օգնություն աղերսող հայությանը վերածում է ուրիշ տառապյալ ազգերին սփոփողի ու օգնության ձեռք մեկնողի։

Եվ, ի վերջո, կա ևս մի նվազագույն պահանջ, որը կատարելով նոր վարչապետը կհայտարարի հաջողության հասնելու իր կամքի մասին՝ ժամանակակից լեզվով ու մտածողությամբ իրականացման հստակ ժամկետներով ամրապնդված գործունեության ծրագիր, որը լուրջ բարեփոխումներ պահանջող հայ հանրության համար չափելի կդարձնի նրա շանսը։

Ամենաընթերցվածը