Թուրքիան հրաժարվեց Ղարաբաղից, նախընտրեց Սիրիան

    • Մեկնաբանություն - 28 Օգոստոսի 2016, 11:47
Անդրկուլիսային քաղաքական պայմանավորվածությունները սովորաբար տասնամյակներ հետո են բացահայտվում։ Պուտինի ու Էրդողանի օգոստոսի 10-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների արդյունքը երևաց երկու շաբաթ անց։

Ի՞նչ նվերներ պետք է պատրաստած լինեին կողմերը ռուս-թուրքական նոր մեղրամսի առթիվ։

Պուտինն անցյալ տարի հայտարարել էր, որ Էրդողանին ընդառաջ էր գնացել Թուրքիայի համար «ամենազգայուն հարցերում», այդ պատճառով ռուսական ինքնաթիռը խփելը համարում է «դաշույնի հարված թիկունքից»։ Այսինքն, ռուսական նվերները լինելու էին «զգայուն խնդիրների» ցուցակից՝ քրդական ինքնիշխանություն, Հայոց ցեղասպանության ճանաչում, տնտեսական աճ, որը Էրդողանի հպարտության առարկան էր (շատերը չեն պատկերացնում տնտեսական հարվածը, որ ստացել էր Թուրքիան. անցյալ տարի այնտեղ հանգստացել էր 3 միլիոն տուրիստ, այս տարի՝ մի քանի տասնյակ հազար, իսկ ՌԴ-ի հետ համագործակցող «հյուրանոցների 30%-ը պարզապես փակվել է», ըստ «Դոժդի») ։

Վերջին 15 տարվա փորձը ցույց է տալիս, որ Կրեմլի համար գին ունի իր ռազմական ներկայության ծավալումը հարևան երկրներում, արտահանման հնարավորություն ունեցող միակ ռեսուրսի՝ նավթագազային հումքի վաճառքը, ՆԱՏՕ-ի թուլացումը՝ իր սահմանների մոտ։

Այն, ինչ ձեռք բերեցին կողմերը, ցույց է տալիս թուրքական դիվանագիտության ուժը։

Էրդողանը քարտ բլանշ ստացավ ցամաքային ներխուժում կատարելու Սիրիա և արդեն ռազմական գործողություններ է սկսել Իսլամական պետության դեմ պայքարող տեղի քրդերի դեմ՝ նրանց և իր տարածքում ապրող ազգակիցների միավորումը թույլ չտալու համար։

Ցեղասպանության կետով ևս արդյունք կա՝ ռուսական ալիքները թուրք ձևացող ադրբեջանցի Ֆուադ Աբբասովի մասնակցությամբ թոք-շոուներ են կազմակերպում, որտեղ սա վախեցնում է ռուսներին, թե Հայոց ցեղասպանությունից հետո Գերմանիան ճանաչելու է չերքեզների ցեղասպանությունը Ռուսական կայսրությունում (հանրահայտ Ջեմ Օզդեմիրը ծագումով չերքեզ է)։ Իսկ ռուս մասնակից, Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարն այնքան է ցինիկանում, որ հայտարարում է, թե Գերմանիայի կառավարությունն իրականում դեմ էր Ցեղասպանության ճանաչմանը, և կանցլեր Մերկելն այդ օրը «խանութներում գնումներ էր անում», որպեսզի խուսափի կարծիք հայտնելուց (ТВЦ ալիքի «Իմանալու իրավունք» հաղորդաշարի լսարանն էլ սույն ծաղրը ողջունում է ծափահարություններով)։

Տնտեսական ոլորտ. ռուս զբոսաշրջիկներին թույլատրվել է վերադառնալ թուրքական լողափեր՝ «ամեն ինչ ներառված է» ծրագրով, որտեղ,- անտեղյակների համար ասեմ,- «ամեն ինչը» անվճար ալկոհոլն է։

Պուտինի ձեռքբերումները։

Հնչեց թուրքական Ինջիրլիք ռազմաբազան Ռուսաստանի կողմից օգտագործելու տեսական համաձայնություն, որի իրականացումը տարիներ կտևի, եթե առհասարակ որևէ գործնական քայլ արվի այդ ուղղությամբ (ԱՄՆ-ը դեռ այնտեղից պետք է իր միջուկային սպառազինությունը հանի, դիցուք)։

Էրդողանը նորից խոսեց «Թուրքական հոսքի» մասին... թեև ռուսական գազը Եվրոպա հասցնելու որոշումը Անկարայում չի կայացվում, այլ Բրյուսելում։

Պուտինի ամենամեծ երազանքը՝ հարևան երկրներում ռուսական ռազմական ներկայության ընդլայնումը, մնաց անկատար։ Թուրքիան ակնհայտորեն մերժել է Արցախի տարածքների դիմաց Ադրբեջանում ռուս խաղաղապահների տեղադրման գաղափարը, որը նրան հավանաբար մատուցվել է որպես նվեր, զիջում. դա հետագայում, երբ Միջին Ասիայի հետսովետական զառամյալ բռնապետները մահկանացուները կնքեն, խոչընդոտ կդառնա դեպի արևելք ծավալվելու թուրքական ծրագրերին։

Այսինքն, Ռուսաստանի հաջողությունները զուտ քարոզչական են, «Կիսելյովի աչքը լույս» շարքից, Թուրքիայինը՝ իրական։ Բարեբախտաբար, Էրդողանը Պուտինի «նվերներից» ընտրեց ոչ թե Ղարաբաղը, այլ քրդերին, Սիրիան։

Օրինաչափ հարց է ծագում՝ իսկ Հայաստա՞նը։ Հայաստանը դիտորդի դերում մնաց։ Չհաշված երկրի ներսում «Սասնա ծռերի» հանդեպ արտահայտված ահռելի համակրանքը, որը ցույց տվեց. ազգային կարևորագույն խնդիրները ոչ Անկարային է վերապահված լուծել, ոչ Մոսկվային, ոչ էլ այսօրվա Բաղրամյան-26-ին. վճռական պահին հայ հասարակությունը ոտքի է կանգնելու և դա թույլ չի տալու։ 

Ամենաընթերցվածը