Աներևակայելի բացահայտումներ Արցախի հարցում

    • Մեկնաբանություն - 21 Օգոստոսի 2016, 12:45
Ապրիլյան պատերազմը շատ պղպջակներ ու փուչիկներ պայթեցրեց, և գործընթացը շարունակվում է։

Արցախի շուրջ բանակցությունները, որ ՀՀ բոլոր իշխանությունները, առաջին նախագահից սկսած, պարուրել են խորհրդավորության քողով, պայմանավորել դրանց քննարկումը «փորձագիտական մակարդակով» հարցին տիրապետել-չտիրապետելով, հետզհետե գաղտնազերծվում են։ Հետաքրքիր է, որ հիմնականում Մինսկի խմբի ամերիկյան համանախագահների ջանքերով։ Անցյալ տարի խմբի գործող համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ արեց Սարգսյանին ու Ալիևին իրենց ժողովուրդների հետ անկեղծորեն խոսել նախատեսվող զիջումների մասին, իսկ օրերս էլ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան գաղտնիքներ բացահայտեց իր նոր հոդվածում։

(Պատճառը կարելի է կռահել. եթե բանակցությունների «ծամոնը» այլևս չի կանխում պատերազմը, ինչ իմաստ ունի ծամել)։

Եվ ինչ պարզվեց։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարիներ շարունակ Մինսկի խմբում բանակցել է Ադրբեջանին... 7 շրջան հանձնելու թեմայով։

Ահա այսպիսի բացահայտում Քոչարյանի վերաբերյալ, ով, որպես պետական հեղաշրջման մասնակից, Տեր-Պետրոսյանին հեռացրեց իշխանությունից «պարտվողական քաղաքականության» համար և իրեն համարում էր Հայաստանի «միակ տղամարդը»։

Կա մի հանգամանք ևս։ Արդեն 20 տարի է, ինչ ՀՀ նախագահներին մենք չենք ընտրում, բայց պատասխանատվություն ենք կրում նրանց համար։

Քոչարյանն իր պաշտոնը թողնելուց հետո «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) տնօրեննների խորհրդի անդամ է։

Եվրոպայում, օրինակ, վերջերս մեծ սկանդալ բարձրացավ, երբ Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Բարոզուն աշխատանքի անցավ ամերիկյան Goldman Sach բանկում, թեև Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ունեն ջերմագույն հարաբերություններ։

Հավանաբար ճիշտ է, որ նման նուրբ հարցերը նաև օրենքով կարգավորվեն, բայց ՀՀ բարձրագույն պաշտոնյան չպետք իրավունք ունենա ուրիշ երկրի ծառայելու՝ նրա պաշտոնը ժամանակավոր է, բայց թոշակն ու պարտավորությունները երկրի հանդեպ՝ ցմահ։

Նախագահներին վայել է հիմնադրամներ ստեղծել և իրենց հեղինակության շնորհիվ օգուտ բերել հայրենիքին։ Սահմանամերձ գյուղերի աջակցության, նոր տեխնոլոգիաների, ներդրումների, քաղաքագիտության զարգացման հիմնադրամներ՝ ահա թե ինչ է այսօր շատ անհրաժեշտ Հայաստանին։ Միգուցե Ռ. Քոչարյանը զբաղվու՞մ է որևէ նման ծրագրով, բայց ես չգիտեմ, ինձ հուշեք։

Ըստ Բրայզայի հրապարակած տեղեկությունների, Սերժ Սարգսյանը կարող է նույնիսկ պարծենալ, որ զիջումների չափը «քոչարյանական» 7 շրջանից իջեցրել է 5-ի։

Քաղաքականությանը լրջորեն վերաբերվող մարդիկ կարող են հարցնել. բա ի՞նչ անեին Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը՝ «Ոչ մի թիզ հող» կարգախոսով բանակցությունների չես գնա, դա պատերազմի հայտարարություն է։

Այո, բանակցությունը ենթադրում է փոխզիջում, բայց ոչ այն տրամաբանությամբ, որով առաջնորդվել են ՀՀ երեք նախագահները. մեր կողմից տարածքի, այսինքն՝ նյութական զիջում, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի կարգավիճակի ճանաչում, որը հետագայում հեշտ ու հանգիստ կարող է մերժվել։ Դիցուք, Բաքվում իշխանափոխության հետևանքով։

Թարմ օրինակը Ուկրաինան է։ 1994-ի Բուդապեշտյան հուշագրով Ռուսաստանի նախագահ Ելցինը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ միասին երաշխավորեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը (միջուկային զենքից հրաժարվելու դիմաց), բայց նրան հաջորդած Պուտինն ինքը այդ երկրից խլեց երեք մեծ տարածք…

Այն, ինչ այսօր է քննարկվում Արցախի հարցում՝ ճակատի գծում հետաքննության մեխանիզմների ամրապնդումը, զգալի առաջընթաց է, բայց բավարար չէ։ Հայաստանը կարող է նույնիսկ միակողմանիորեն արտոնել վերահսկող սարքավորումների տեղադրումը, ընդլայնել միջազգային դիտորդների լիազորությունները։ Բայց վերահսկողության մեխանիզմներն ու երաշխիքները գրոշի արժեք չունեն, եթե չգործի վստահության մեխանիզմը. միայն սա կարող է փոխել բանակցային գործընթացի բուն փիլիսոփայությունը, որը մինչև հիմա փակուղային է եղել։

Իսկ վստահության մեխանիզմը Հայաստանի ու Ադրբեջանի բաց հաղորդակցությունը, սահմանային առևտուրը, մշակութային շփումներն են։ Հարաճուն ինտեգրացումն ու համագործակցությունը կարող են ամուր հիմք դառնալ հետագա երկխոսության համար։

Հնարավո՞ր է դա այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հազիվ թե։ Բայց քաղաքակիրթ աշխարհի համար հասկանալի այս մոտեցումը կարող է նույնիսկ մեր երկրներում իրավիճակ փոխել՝ բաց սահմանները պարտադրելու են նոր քաղաքական որակ, ի հայտ են բերելու նոր առաջնորդների։ 

Ամենաընթերցվածը