Երկիշխանություն Հայաստանում

    • Մեկնաբանություն - 24 Հուլիսի 2016, 11:43
Ինչ որ տեղի ունեցավ Հայաստանում վերջին 7 օրը, բացառիկ բան է։ Հետազոտելու ժամանակ չի եղել, բայց չեմ հիշում համաշխարհային պատմության ուրիշ մի դեպք, երբ զինված մարդիկ երկրի մայրաքաղաքում ռազմական նշանակության շենք գրավեն ու ոչ մի պատանդ չպահեն որպես իրենց անվտանգության երաշխիք։

Դա արդեն ստիպել է իշխող վարչախմբին, որ խուսափի ՊՊԾ-ը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործողությունները որակել ահաբեկություն։ Քրեական գործը հարուցվել է շենք «զավթելու» և «ապօրինի կերպով զենք» կրելու հոդվածներով։ Եվ դա տեղի ունեցավ հակառակ առաջին օրերի քարոզչական ալիքի, երբ «ահաբեկություն» պիտակը ակտիվորեն շրջանառվում էր վարչախմբին ծառայող հանրային դեմքերի կողմից։

Մեկ ուրիշ ձեռքբերում է, որ Արցախյան հարցում միակողմանի զիջումների ուղղությամբ ընթացող բանակցություններն ընդհատվեցին։

Երրորդ կարևոր զիջումը իշխանության կողմից, քրեական գործերն են իրենց դիրքը չարաշահած ոստիկանների հանդեպ։ Ենթադրում եմ՝ նրանց, ովքեր խեղճացել էին սարիթաղցիների առաջ, բայց հենց մենակ բռնացնում, ծեծում էին ցուցարարներին ու լրագրողներին։ Ոհմակային պահվածքի դասական օրինակ, որը վարչախմբի հանդեպ քաղաքացիների ատելության գլխավոր պատճառներից է։

Բայց դրական մի քանի նշանը չի նշանակում, թե երկրում իրադրություն է փոխվել. ի՞նչ է լինելու հետագան, ո՞րն է, ի վերջո, «Սասնա ծռեր» զինյալ խմբի ծրագիրը։

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերը» հնարավորություն ստացան շփվել լրագրողների հետ, և Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց խմբի գաղափարական դիրքորոշումները։

Նա բնութագրեց (28:40'-31։24') Հայաստանի այսօրվա վիճակը. «Մեզ չի հաջողվել այսքան տարիների ընթացքում պետություն ստեղծել, սա քվազի (գուգլե´ք, ում հետաքրքիր է – Վ. Մ.) պետություն է։ Այսպիսի պետություն չի լինում։ Այստեղ ինստիտուտներ չկան՝ կուսակցությունները կուսակցություն չեն, գործիչները գործիչ չեն, պաշտոնյաները պաշտոնյա չեն, ոմանք ուղղակի սրիկա են։ Այսպես հնարավոր չէ առաջ գնալ, մենք կորցնում ենք ամեն ինչ»։

Ճշգրիտ է։ Թեև սովետական տարիների նման ժողովրդի 99 տոկոսը միակ թեկնածուին չի ընտրում, բայց, ժողովրդավարություն ձևացնելով, թերուս, ագահ, բայց ճարպիկ մարդկանց մի խումբ զավթել է իշխանությունն ու թալանում է երկրի տնտեսությունը, բանակը, քաղաքացիների վերջին ունեցվածքը՝ իրեն ծառայեցնելով ուժային կառույցներն ու իրավապահ ամբողջ համակարգը։ (Հը, ի՞նչ եղավ կոռուպցիայի դեմ պայքարը, տանը մարդ կա՞, ձեն հանեք)։

Ինչպե՞ս են «Սասնա ծռերը» պատկերացնում շարժման կազմակերպումն ու ծավալումը։

Ըստ Վարուժան Ավետիսյանի, համակարգողները «պետք է չլինեն մեկը, երկուսը, երեքը, չորսը, ովքեր շարժումը կփորձեն ծառայեցնել իրենց անձնական և կուսակցական նպատակներին… չպետք է լինեն կուսակցությունները, այլ մաքուր կենսագրությամբ անհատներ՝ թե կուսակցական կենսագրությամբ, թե ոչ կուսակցական կենսագրությամբ, կարևոր չէ։ […] Սրտերով իրար հետ կապվում ենք, շարժումը կառուցվածքային ձևեր է ստանում, և կարճ ժամանակ հետո մենք կունենանք այն, ինչ երազում էինք։ […] Մենք ստեղծում ենք նոր պետություն, մենք վերակերտում ենք Հայաստանի Հանրապետությունը»։

Արդյոք չափից դուրս անիրական, գրական-գեղարվեստական չէ «սրտերով իրար հետ կապվելու» կազմակերպչական ձևը։ Կարծում եմ՝ ոչ։ Երբ պետական համակարգը կեղծված է, համակարգային կոչվող ընդդիմությունը «թուլափայական» ընդդիմություն է, որը չունի իրավիճակը փոխելու առաջարկներ, երկրի ինքնիշխանությունը օտար պետության ոտքերի առաջ չգցելու հպարտություն, պետք է սկսել դրանից, և մեծ ջանքեր ու ժամանակ կպահանջվի, որ Հայաստանում ձևավորվի ՆՈՐ ԶԱՅՐՈՒՅԹԻ գաղափարախոսությունն ու դրա մարմնավորման ձևերը մշակող մտավոր կորիզ։ (Ցանկալի է, միջազգային իրողություններին քաջատեղյակ, քաղաքացիական պայքարում թրծված «ֆեյսբուքյան սերնդից»)։

Կբավականացնի՞ Հայաստանում առկա ներուժը խնդիրը ողջամիտ ժամկետում լուծելու համար։ Չգիտեմ։ Բայց Վարուժան Ավետիսյանի հայտարարած նպատակները «Սասնա ծռերին» դարձնում են կենտրոն, որի շուրջ կարող է գոյանալ Հայաստանի նոր պատասխանատուների բևեռը, իշխանության նոր բևեռ։

Ոչ մեծ, բայց զինյալ ու վճռական խմբի հուսահատական քայլը հույսի դուռ է բացել երկրի համար։

Ամենաընթերցվածը