Զինված ապստամբության մասին հայտարարություն՝ հանրության թիկունքում տարվող բանակցություների ֆոնին

    • Մեկնաբանություն - 17 Հուլիսի 2016, 14:56
Առավոտյան 5-ից «ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուր տարածվեց, որ Երևանում ապստամբություն է սկսվել։ Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո դա թվաց ինչ-որ մեկի բորբոքված երևակայության արդյունքը, բայց մի շարք լրատվամիջոցներից, իսկ ժամը 10։30-ի մատույցներում նաև «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ զինված անձինք ներթափանցել են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։

«Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով»։ Սա մի հատված է «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունից։ Խմբավորումը պահանջում է նաև ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին։

Վերլուծության որևէ հիմնավոր փորձի համար դեռ վաղ է, բայց կարելի է արձանագրել երեք բան։

1. Գործող վարչակարգի մեղքով հայկական ուժերն ապրիլին 800 հա հողային կորուստ են ունեցել, որին հաջորդել են իշխանության տարբեր ներկայացուցիչների ակնարկները Արցախի հարցում միակողմանի զիջումների մասին։ Դրանք կարող են հրահրել ասիմետրիկ պատերազմ վարչախմբի դեմ՝ ապակայունացնելով երկրի իրավիճակը, վտանգելով սահմանները։

2. Վարչակարգը, որ ընտրությունների շարունակական կեղծման, ընդդիմադիր դաշտի քայքայման միջոցով զրկել է Հայաստանի քաղաքացիներին կենսական խնդիրները քաղաքական, սահմանադրական ճանապարհով ներկայացնելու և լուծելու հնարավորությունից, պատասխանատվություն է կրում եղբայրասպան բախումների համար։

3. Ակնհայտորեն սնանկ է խոսքի ազատության բարելավման վերաբերյալ վարչակարգի ինքնագովեստը. հենց երկրում իրավիճակը սրվում է, հանրությունը տեղեկատվական շրջափակման մեջ է հայտնվում։ Հայկական հեռուստատեսությունները լուռ են, երբ արդեն նույնիսկ երկրի տարածքում հասանելի արտասահմանյան, մասնավորապես ռուսական ալիքներն են հաղորդում տեղի ունեցածի մասին (բնականաբար՝ իրենց ձեռնտու մեկնաբանությամբ)։ Պարբերաբար ընդհատվում է «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումը Էրեբունու ոստիկանության բաժնի մերձակայքից։ Որոշ ժամանակահատված անհասանելի էր «ֆեյսբուքը», որը Հայաստանի միակ հանրային ֆորումն է։

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ էր ճնշում առցանց մեդիան, ինչքան ուժը պատեր, բայց հեղաշրջման փորձի ընթացքում ստիպված եղավ սոցցանցերի ապավինել իր կողմնակիցներին ոտքի հանելու համար։ Հայաստանում վարչախմբի կողմնակիցներին փողոց դուրս հանելու թեման զավեշտի ոլորտից է, չարժե նույնիսկ խոսել, բայց արձանագրեմ, որ հայկական հեռուստատեսություններով մինչև կեսօր միայն մի արտակարգ թողարկման հանդիպեցի.

«Հաջողակների ակումբը» ներկայացնում է «Արտահերթ թողարկում». հերթական սուպերշահողը Ռոզա Հարությունյանն է Գյումրիից, նա 50X MONEY վիճակախաղով շահել է 5 միլիոն դրամ, իսկ հաջողակ տոմսը գնել է շուկայի շրջիկ վաճառողից»։

Ամենաընթերցվածը