Հայաստանից արտահանվող մղձավանջը

    • Մեկնաբանություն - 10 Հուլիսի 2016, 11:12
Ո՞վ է լսել Արտաշես Գեղամյանի հուլիսի 4-ի ելույթը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում։ Համոզված եմ՝ ոչ ոք։ Հայաստանում նա ոչ մեկին հետաքրքիր չէ։

Բայց այդ ելույթը լսել են եվրոպական երկրների պատվիրակները։ Գերմանիայի, Ֆրանիսայի, ուրիշ փոքր ու մեծ երկրների։

Նրանցից քանի՞սը գիտի, որ Գեղամյանը Հայաստանում ոչ մեկին հետաքրքիր չէ։ Հազիվ թե՝ շատերը։ Մեծ մասը կարող է կարծել, որ հայ հասարակությունը բաղկացած է գեղամյաններից, որոնցից ամենագեղամյանին պատվիրակել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով։

Այդ վեհաժողովը, որն ընթանում էր Թբիլիսիում, Հռչակագիր ընդունեց, որում երկար դադարից հետո Հայաստանի համար շահեկան ձևակերպումներ կային։

Հայաստանը, ի դեմ պատվիրակության ղեկավար Գեղամյանի, Հռչակագրին դեմ քվեարկեց (ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն ու ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը ձեռնպահ մնացին)։

ԵԱՀԿ անդամ 57 պետություններից Հռչակագրին դեմ քվեարկեցին երկուսը՝ Ռուսաստանն ու Հայաստանը։

Հռչակագրում Ռուսաստանի քաղաքականությունը դատապարտող կետեր կային՝ այդ երկրի պատվիրակության պահվածքը կարելի է բնական համարել։

Իսկ ի՞նչ պահանջներ էր ներկայացրել Հայաստանը, որ հետո, դժգոհ մնալով, դեմ քվեարկեր։

Մեր երկիրը, հանձին Գեղամյանի, առաջարկեց, որ ուսումնասիրվեն ԵԱՀԿ ծիրի բոլոր հակամարտությունների նախապատմությունները (իսկ ինչպե՞ս՝ ստեղծվեն պատմաբանների հանձնաժողովնե՞ր, հայ-թուրքականի նման) և «հանգամանալից ուսումնասիրվի դրանց հաղթահարման հնարավորությունները ոչ միայն հակամարտող կողմերի, այլև մեծ տերությունների շահերի համադրման ճանապարհով»։

Ով կասի ինձ՝ որտե՞ղ է գրվել այդ ելույթի տեքստը։ ԱԳՆ նոր շենքո՞ւմ։ Բաղրամյան 26-ո՞ւմ։ Իմ կարծիքով, բացառված է, որ այն Հայաստանում գրված լինի։ Տեքստի նույնիսկ հպանցիկ վերլուծությունն է դա ցույց տալիս։ Այսօր աշխարհում մի երկիր կա, որն ինքն իրեն «տերություն» (держава) է հորջորջում՝ Ռուսաստանն է, մյուսներն իրենց կոչում են պետություն, ազգ, երկիր։

Պատճառն այն է, որ ժամանակակից փիլիսոփայության, մշակութաբանության և, որպես հետևանք՝ քաղաքականության մեջ, կարևորվում է ուրիշը, տարբերը, փոքրը։ Այդ մոտեցման առարկայական դրսևորումն է Երկրորդ աշխարհամարտից հետո տեղի ունեցած ապագաղութացումը, որի վերջին ալիքը 1980-ականների կեսերին ազատագրեց Արևելյան Եվրոպան Մոսկվայի ցանկապատած «սոցիալիստական ճամբարից»։

Օրերս էր, որ Հայաստանը մասնակցեց Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությանը։ Ուրեմն, ինչպե՞ս, ինչո՞ւ է նույն երկրի երկայացուցիչը մյուս պետություններին կոչ անում հաշվի նստել «մեծ տերությունների շահերի» հետ։ Ընդ որում, սա քաղաքագիտական բնույթի սակավաթիվ կոչերից է, որ հնչում է իշխանության ներկայացուցիչների բերանից, մյուսներին քաղաքականությամբ զբաղվելու համար խելք էլ պետք չի…

Եվրոպան փորձում է Հայաստանին օգնել, հայ-ադրբեջանական սահմանագիծն անվտանգ պահել Բաքվի ագրեսիաներից, այս շաբաթ ՆԱՏՕ-ի վեհաժողովում ևս հայանպաստ վերաձևակերպումներ եղան Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Իսկ հայ պատվիրակներն իրենց գործ են գտել՝ դիմադրում են։

Հնարավո՞ր է, որ Արևմուտքին հաջողվի։ Հայաստանը դուրս բերել տնտեսական ու քաղաքական փոսից, նախադեպեր կա՞ն, երբ դա արվել է երկրի կամքին հակառակ։ Ես նման բան չեմ հիշում։

Առայժմ իսկական մղձավանջ է, ինչ կատարվում է. կարևորագույն ոլորտները՝ արտաքին քաղաքականությունը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու հաղորդակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը հանձնված են մարդկանց, որոնք մարմնավորում են ստրկամտությունը, թերուսությունն ու կոռուպցիան։ Եվ երբ միջազգային ֆորումներ են տեղի ունենում, այդ մղձավանջն արտահանվում է։ 

Ամենաընթերցվածը