«Oգտակար գյավուր Պուտինը», կամ Հայաստանի տեղը սլավոնա-թյուրքական միասնությունում

    • Մեկնաբանություն - 03 Հուլիսի 2016, 14:08
Նախ ճշտեմ, որ «սլավոնա-թյուրքական միասնություն» արտահայտությունը իմ երևակայության արդյունքը չէ, այլ՝ մեջբերում Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինի հարցազրույցից։ Որը հրապարակվել է ընդամենը 10 օր առաջ՝ հունիս 23-ին։ Ահա բուն հատվածը, որտեղից քաղված է արտահայտությունը.

«Եթե Եվրասիայում Թուրքիայի և Ռուսաստանի միությունը հաջողվի, կառաջանա այսպես կոչված սլավոնա-թյուրքական միասնություն»։

Հարցազրույցը բազմաթիվ հրապարակումներից մեկն է, որոնք նախապատրաստում էին ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումը, հիմնականում հայ քաղաքական ու վերլուծական մտքի ուշադրությունից դուրս։

Նույն տեղում Վ. Լեպյոխինը խոսում է նաև այն մասին, որ «Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակադրությունը սկսվել է հռոմեա-կաթոլիկական հերետիկոսության առաջացման պահին, այսինքն՝ նոր դարաշրջանի առաջին դարերում»։

Կաթոլիկությունը հերետիկոսություն կոչելու և «նոր դարաշրջանի առաջին դարերում» Ռուսաստանին որևէ դեր վերագրելու համար պետք է ամբարտավանության ու տգիտության բացառիկ խառնուրդ. աշխարհում մեկ միլիարդից ավելի կաթոլիկ կա, իսկ Ռուսաստան անունով պետություն մ.թ. առաջին դարերում գոյություն չի ունեցել։ Բայց կարևորը դա չէ, այլ՝ որ նյութը ադրբեջանական մեդիայում հայտնվեց Հռոմի պապի հայաստանյան այցի նախօրէին՝ ազդարարելով, թե Ռուսաստանի թշնամին ուխտագնացություն է կատարում Ադրբեջանի թշնամի երկիր։

Իսկ այ Ադրբեջանը, ըստ Լեպյոխինի, կանդամակցեր ԵՏՄ-ին, եթե չլիներ վտանգը, որ այդ դեպքում Արևմուտքը հեղաշրջում կկազմակերպի Բաքվում, այսինքն՝ կհեռացնի Ալիևի կլանը իշխանությունից։ Այս ուղերձը հասցեագրված չէ Ադրբեջանի ժողովրդին, այլ կլանի առաջնորդին, քանի որ բացեիբաց զգուշացվում է, որ ԵՏՄ-ն Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ. Ռուսաստանը կարող է դուրս գալ տնտեսական ճգնաժամից միայն «լուրջ քաղաքական արդիականացումից հետո», բայց «ներկայում նման արդիականության նախադրյալ երկրում չկա»։

Այդպիսով, Ալիևին մի շարք արդարացումներ են մատուցվում, որպեսզի ԵՏՄ-ին չանդամակցի, այլ միայն ռուսամետ ճամբարում գտնվի, երբ Անկարան ու Մոսկվան կմերձենան, ինչը Էրդողանին շանս կտա Եվրամիության կողմից հասցվող հարվածներին Պուտինով սպառնալու։

Թուրքիան ու Ադրբեջանը շահում են, ակնհայտ է, իսկ ո՞րն է Ռուսաստանի օգուտը, եթե Ադրբեջանը ԵՏՄ չի մտնում, Թուրքիան էլ ՆԱՏՕ-ից դուրս չի գալու, երբեք… Երևի թե Արևմուտքին մանր-մունր վատություններ անելը, եթե դա կարելի է օգուտ համարել։

Կողմերի հաշվեկշռին նայելով, Ռուսաստանի այսօրվա ղեկավարի դերը իսլամական աշխարհի հետ հարաբերություններում կարելի է բնորոշել միայն հայտնի վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկու բառերով՝ «օգտակար գյավուր» («Полезный гяур Путин»)։

Անկարան ու Մոսկվան հաշտվեցին (Ալիևի միջնորդությամբ, հայտնում է ադրբեջանական մեդիան)։ Իրավիճակի նման զարգացումը հօդս է ցնդեցնում ինչպես Ռուսաստանի, որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի մասին հին հեքիաթը, այնպես էլ «լոլիկային դիվանագիտությունը», քանի որ թուրքական սննդամթերքը հայկականից արտոնյալ վիճակում վերադառնալու է ռուսական շուկա։

ԵՏՄ-ում, բացի Հայաստանից, մնացած երկրները կամ սլավոն են, կամ թուրք։ Ուրեմն, ո՞րն է Հայաստանի տեղը «սլավոնա-թյուրքական միասնության» մեջ։ Երևի՝ գծիկը։ Պետք է հնարավորին չափ շտապ լքել այդ տեղը, քանի երկու կողմը չեն սկսել գծիկը վերացնել։ Նախքան դրանց այնքան մոտենալը իրար, որ դառնան սլավոնաթյուրքական միասնություն։

Ամենաընթերցվածը