Ադրբեջանում հայտարարվել է միակ հայի որսի մասին

    • Մեկնաբանություն - 19 Հունիսի 2016, 11:50
Ապրիլյան պատերազմից հետո թվում էր, թե Հայաստանն ինչ-որ արմատական քայլեր կանի։ Դրան սպասում էր նաև Ադրբեջանը, որի վկայությունն են հայկական հրետակոծությունների մասին լուրերի հանդեպ աննախադեպ ուշադրությունը ապրիլի վերջին։

Բայց հայկական կողմից հստակ նախապայմաններ չդրվեցին ու մասշտաբային գործողություններ չձեռնարկվեցին, և մայիսին Սերժ Սարգսյանի հետ Վիեննայի հանդիպմանը Ալիևը ներկայացավ Ադրբեջանի տարածքային  ամբողջականության հին դրույթով։

Դա մեզ համար զավեշտական է. ադրբեջանցիների՝ պատերազմի առաջին իսկ օրը գործած գազանությունները ցույց տվեցին, որ Բաքուն որևէ հայի անվտանգություն չի ապահովի իր «ամբողջական տարածքում», բայց որտե՞ղ, ո՞ր պաշտոնական հայտարարության մեջ երևաց, որ Հայաստանը դա համարում է հակամարտության կարգավորման հիմք։

Ուրեմն, զարմանալու հարկ չկա, որ Սանկտ-Պետերբուրգում Սարգսյանի-Ալիևի հանդիպմանն «ընդառաջ», Ադրբեջանը վերահաստատում է իր հայատյաց պահվածքը։

Բաքվում «Ֆորմուլա -1»-ի մրցումներին զուգահեռ ընթանում է բռնցքամարտիկների  որակավորման մրցաշար, որն իրավունք կտա մարզիկներին մասնակցել բրազիլական օլիմպիական խաղերին։ Այդ մրցաշարին հրաժարվել է մասնակցել ոչ միայն Հայաստանի հավաքականը, այլև հայ մարզիկներ տարբեր ուրիշ երկրներից։ Բայց Բաքվում որս են սկսել ու... հայտնաբերել են մի հայի։ Դավիթ Ալավերդյանին, որը իսրայելյան մարզիկ է։

Ընդ որում, նա Ալավերդյան է եղել անցյալ տարի՝ Բաքվի Համաեվրոպական խաղերում (ի դեպ, 1/8-րդ եզրափակիչում, 46-49 քաշային կարգում նա հաղթել է Հայաստանը ներկայացնող Արտյոմ Ալեքսանյանին), բայց 2016-ին Ադրբեջան է եկել Ալավերդով ազգանունով։

Եվ ահա, խոսելով Ադրբեջանի տված անվտանգության երաշխիքների մասին, միայն պատահաբար չհիշատակելով իբր Բաքվում ապրող 30.000 հայերին, գովաբանելով Իսրայելի ... «նրբանկատությունը», որ փոխել է տվել մարզիկի ազգանվան վերջավորությունը, haqqin.az ռուսալեզու կայքը, որը համարվում է Ալիևի խոսափողը, «հայտնաբերում» է հայազգի մարզիկին ու հայտարարում, թե որ օրը ում հետ է մրցելու։ Տեղադրում է լուսանկարը։ Որպեսզի հանկարծ ադբեջանցի «երկրպագուները» նրան անուշադրության չմատնեն, չմոռանան սուլել ու խանգարել։

Ո՞րն է այստեղ Ադրբեջանի օգուտը։ Ահռելի սպառազինության ու կողմնակալ «խաղաղապահների» հետ կապված Ալիևի հույսերը չեն արդարացել, և Բաքվին միջազգային մակարդակով ոչ ոք չի հավատում։ Այլընտրանքը հրադադարի վերահսկողության մեխանիզմների ներդրման Արևմուտքի առաջարկն է, որի իրականացումը կարող է վերացնել ամենօրյա արնահեղությունը, բերել տևական խաղաղության։

Նաև, որպես միջազգային պատասխանատվության համակարգ, այն միակ ուժն է, որը կարող է պարտադրել Ադրբեջանին մտածել Հայաստանի հետ ինտեգրացիայի ուղիներ փնտրելու մասին. դա հակամարտությունների կարգավորման միակ արդյունավետ փորձն է Երկրորդ աշխարհամարտից հետո։

Ամենաընթերցվածը