Բաքու, հունիս 2015

  • Մեկնաբանություն - 04 Ապրիլի 2015, 14:54
... Բաքու, հունիս 2015։ Եվրոպական խաղերի բացման արարողություն։ Բարձրաստիճան հյուրերի օթյակում է Ալիևը՝ շրջապատված Պուտինով, Էրդողանով, Մերքելով և Օլանդով։ Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ դիտում են մի քանի հարյուր միլիոն հեռուստադիտող աշխարհով մեկ։ Հեռուստադիտողներն ըմբոշխնում են գունազարդ ներկայացումը: Մարզադաշտում տոնական մթնոլորտ է։ Սկսվում է մասնակիցների շքերթը։ Հանդիսատեսները ծափահարություններով ողջունում են խաղերի մասնակիցներին։ Մարզադաշտ է մտնում Հայաստանի պատվիրակությունը։ Մթնոլորտը փոխվում է։

Հանդիսատեսները սկսում են սուլել, բղավել և աղմկել։ Բարձրացրած աղմուկը խլացնում է երաժշտությունը։ Հանդիսատեսներից ոմանք բարձրացնում են անգլերեն գրված հակահայկական պաստառներ, որոնք ռեժիսորները ցուցադրում են խոշոր պլանով։ Հեռարձակումը վարող տարբեր երկրների մեկնաբանները արձագանքում են մոտավորապես այսպես. «Ադրբեջանցի հանդիսատեսները այսպես են դիմավորում Հայաստանի մարզիկներին, որովհետև Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները...»։ Եվ այս ամենը տեսնում և լսում է մի քանի հարյուր միլիոն մարդ ամբողջ աշխարհում։

Սա մոտավորապես այն է, ինչ տեղի կունենա Բաքվում։ Հնարավոր են այլ դրվագներ.

- հայ մարզիկների ցանկացած ելույթ ուղեկցվում է սուլոցներով, աղմուկ-աղաղակով և մարզական մեկնաբաններն աշխարհով մեկ սփռում են ադրբեջանական քարոզչական կլիշեները.

- մեր պատվիրակության կամպուսի առջև անցկացվում են պիկետներ և նստացույցեր, այլ երկրների մարզիկներին և համաշխարհային մամուլի ներկայացուցիչներին բաժանվում են հակահայկական քարոզչանյութեր.

Չի կարելի բացառել նաև մերոնց նկատմամբ ֆիզիկական ներգործությունը և/կամ դրա հաջողությամբ կանխված փորձերը։

Ամեն դեպքում, Եվրախաղերում մեր մարզիկները հայտնվելու են ծանր պայմաններում։ Նրանք լինելու են ուժեղացված հսկողության տակ, ապրելու են հատուկ ստորաբաժանումներով շրջափակված մեկուսացված վայրում, խաղերի այլ մասնակիցների և բնակչության հետ շփման խիստ սահմանափակ պայմաններում, կարելի է ասել, կարանտինային պայմաններում /ինչպես, ասենք, էբոլայի ռիսկի գոտու գյուղերը/։

Կամպուսի և մարզադաշտերի միջև բոլոր տեղաշարժերն իրականացվելու են ոստիկանության ուղեկցությամբ, մարզադաշտերում՝ հանդերձարաններից մինչև հարթակ, բոլոր տեղերում հայաստանցիների հայտնվելն ուղեկցվելու է անհարկի լարվածությամբ։

Նույնը սպասում է նաև պատվիրակության անդամներին։ Բնական է, որ հայ երկրպագուների հոսք Բաքու չի լինելու։ Առավելագույնը, Բաքու կգնա խիստ սահմանափակ քանակությամբ մարզական ֆունկցիոներների պատվիրակություն, որը, ինչպես և մարզիկները, կհայտնվի նույն կարանտինային պայմաններում, իսկ մարզադաշտերում նրանց ամեն անգամ հայտնվելը թշնամաբար կընկալվի տեղացիների կողմից և կարող է ուղեկցվել տարբեր միջադեպերով։

Օլիմպիադայի համընդհանուր ուրախության և տոնի կամ ինչպես դիպուկ նշել է Amnesty International-ի տարածաշրջանային տնօրենը, Ադրբեջանի բեմադրած փայլով և գլամուրով միջազգային շոուի ֆոնին, մերոնք մարգինալացվելու են և հայնտվեն «juden sind hier unerwuenscht» տհաճ կարգավիճակում։ Ստեղծվելու է մի վիճակ, երբ բոլոր մասնակիցները լարվեն մերոնց ներկայությունից /կամ էլ կարեկցեն/ և խուսափեն շփումներից։

Չնայած այսպիսի զարգացումների վտանգի առկայությանը` ՀԱՕԿ-ը որոշել է մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին։ Այդ որոշումը, ըստ ամենայնի, կայացվել է մասնակցության հարցը մարզական և անվտանգության հարթությունների մեջ դիտարկելով։ Եվ այդ հարթություններում որոշումը միանգամայն ճիշտ է. մենք կգնանք և, չնայած բոլոր դժվարություններին, կմասնակցենք և կհաղթենք։

Բանն այն է, սակայն, որ Հայաստանի մասնակցությունն Ադրբեջանում կայացող մասշտաբային մարզական մրցումներին ընդհանրապես մարզական հարց չէ և այն պետք է դիտարկվի ավելի լայն համատեքստում։

Նախ, խաղերին մասնակցությունն առաջացնում է էթիկական հարցեր. որքանով է նպատակահարմար հայ մարզիկների մասնակցությունը խոշոր մարզական իրադարձությանն Ադրբեջանում, ուր հայ բնակչության նկատմամբ իրականացվել է էթնիկ զտման քաղաքականություն։

Գաղտնիք չէ, որ էթիկական նկատառումները հաճախ են միջամտել մարզական իրադարձություններին /օրինակ, 1974թ.-ին ԽՍՀՄ-ը հրաժարվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Սանտիագոյում կայանալիք հանդիպմանը մասնակցելուց, քանի որ տեղի ֆուտբոլային մարզադաշտում խոշտանգվել էին նախագահ Ալիենդեյի հազարավոր կողմնակիցներ/։Հենց էթիկական նկատառումներով վերջերս Բաքվի խաղերը բոյկոտելու կոչով հանդես եկավ Amnesty International-ը, որին շատ հավանական է կմիանա նաև Human Rights Watch-ը:

Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության/բոյկոտի հարցը պետք է դիտարկվի նաև ավելի լայն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վարվող տեղեկատվական պատերազմի համատեքստում։

Կասկած չկա, որ Ադրբեջանը լայնածավալ տեղեկատվական պատերազմ է վարում մեր դեմ։ Ավելին, Հայաստանի և հայերի դեմ տեղեկատվական այդ պատերազմը, կարծես թե, դարձել է Ադրբեջան պետության raison d'etre և Ադրբեջանը լուրջ հաջողությունների է հասել այդ ասպարեզում։ Բաքվի խաղերը այդ պատերազմի կարևոր հանգրվաններից են և դրանցում Հայաստանի մասնակցությունը/բոյկոտը պետք է անպայման դիտարկվի հենց այդ համատեքստում։

Տեղեկատվական պատերազմում ցանկացած մեդիա իրադարձություն լուրջ մարտահրավեր է և հակառակորդին հարված հասցնելու լավ հնարավորություն։ Առավել ևս, այնպիսի իրադարձություն, ինչպիսին Օլիմպիադան է, որի մեդիա լսարանի նվազագույն շեմը մի քանի հարյուր միլիոն է։

Արդի տեղեկատվական պատերազմներում կարևոր չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում և տեղի ունեցել է այդ բանն ընդհանրապես, կարևոր է, թե ինչպես է այն մատուցվում և, որպես արդյունք, ինչպես է իրադարձությունն/տեղեկատվությունն ընկալվում հանրության կողմից։ 

Ի տարբերություն, ասենք, Սևծովյան Խորհրդարանական Վեհաժողովի կամ Ծանրամարտի առաջնության, Եվրոպական խաղերը դառնալու են 2015թ. հիմնական մեդիա իրադարձություններից մեկը և լայնորեն լուսաբանվելու աշխարհով մեկ։

Խաղերի ընթացքում ցանկացած միջադեպ լայնորեն լուսաբանվելու է պրայմ-թայմում՝ հավաքելով հարյուր միլիոնների լսարան։ Ուստի, այդ խաղերը, հաշվի առնելով մասշտաբը և մեդիա ուշադրությունը, Ադրբեջանը փորձելու է օգտագործել ամբողջ աշխարհով հակահայկական աղմուկ բարձրացնելու համար։

Հաջողության շանսերն էլ բավականին լուրջ են։ Լրագրողները մշակվելու են, ստանալու են տարատեսակ քարոզչական նյութեր, միացվելու է «հյուրասիրության մեքենան», և կարելի է վստահորեն ասել, որ Բաքու ժամանած եվրոպացի/ռուս/այլ լրագրողները իրենց ռեպորտաժները համեմելու են տարբեր անբարենպաստ մեկնաբանումներով, իսկ լուրերի ամենաչեզոք մեկնաբանությունները կհնչեն մոտավորապես այսպես՝ «ադրբեջանցիները հայերին համարում են ագրեսոր, դրա համար էլ տեղի ունեցավ այս միջադեպը», «ըստ ադրբեջանցիների՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, դրա համար էլ տեղի ունեցավ սա» և այլն։ Եվ այդ ամենը կտևի մի քանի շաբաթ և կցուցադրվի ամբողջ աշխարհով՝ Եվրանյուզից, ռուսական և եվրոպական ազգային և միջազգային հեռուստաալիքներից մինչև CNN, ССTV և Ալ-Ջազիրա։

Ամենատհաճը, որ այդ ամենը տեղի կունենա Մեծ Եղեռնի հիշատակման միջոցառումներից հետո, և այդպիսով, փորձ կկատարվի վերացնել հայերի նկատմամբ առաջացած դրական վերաբերմունքը և զգացմունքները։

Սակայն գոյություն ունի մեկ այլ սցենար՝ նվազեցնել հակահայ քարոզչության տարածումը և հակառակը՝ Խաղերն օգտագործել միջազգային հանրությանը մեր դիրքորոշումը հասցնելու համար։ Դրան կարելի է հասնել հիմնավորված բոյկոտի միջոցով։ Ընդ որում, բոյկոտը պետք է ունենա ոչ թե լղոզված պատճառաբանում /անվտանգության երաշխիքի բացակայություն, և այլն/, այլ հստակ և կարծր քաղաքական հիմնավորում։ Այդպիսի հիմնավորումն ակնհայտ է. Հայաստանը բոյկոտում է Եվրոպական խաղերը, քանի, որ դրանք անց են կացվում

- մի երկրում, ուր հայ բնակչության նկատմամբ իրականացվել է էթնիկ զտման քաղաքականություն, ինչի արդյունքում շուրջ 500,000 խաղաղ բնիկ հայ բնակչություն ենթարկվել է բռնության և տեղահանվել է Բաքվից, Գանձակից, Խանլարից, Դաշկեսանից և այլ բնակավայրերից, դառանալով փախստական.

- մի քաղաքում, ուր 25 տարի առաջ բռնությունների և տեղահանման է ենթարկվել շուրջ 300,000 խաղաղ բնիկ հայ բնակչություն և այդ ոճրագործություններ իրականացնողները չեն պատժվել։

Այսպիսի ձևակերպմամբ բոյկոտը, բացի նրանից, որ լիովին հիմնավորված է էթիկական առումով, թույլ կտա Հայաստանին վերցնել նախաձեռնությունը և օգտագործել Եվրախաղերն ի նպաստ մեր օրակարգին.

- միջազգային հանրությունը կանդրադառնա բոյկոտին և այսպիսով, կիրազեկվի շուրջ 500,000 հայ փախստականների խնդրին և Ադրբեջանի կողմից իրականցված էթնիկ զտումների մասին, մի խնդիր որը, կարծես թե, մոռացության է մատնվում։

- Եվրախաղերում ցանկացած հակահայկական քայլ /օրինակ, բացման արարողության ժամանակ ղարաբաղյան դեպքերը խեղաթյուրող հիշատակում/ կլինի միանվագ և արժանիորեն կհակակշռվի բոյկոտի պատճառաբանմամբ։ Այդ դեպքում, նույնիսկ մեզ համար շահեկան կլինի ղարաբաղյան կոնֆլիկտի ցանկացած հիշատակում, քանի, որ դրա լուսաբանումը կզուգակցվի բոյկոտի և դրա պատճառների հիշատակմամբ։

- հայ պատվիրակության ներկայությունն ինքնին պատրվակ է տարբեր քարոզչական «բողոքի ակցիաների» և դրանց լուսաբանման համար, իսկ բացակայությունը զրկելու է Ադրբեջանին այդ հնարավորությունից։

Հարկ է նշել, որ օլիմպիական և այլ մարզական իրադարձությունների բոյկոտը տարբեր խնդիրներին միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու և/կամ երկրների գործողությունների դեմ բողոքն արտահայտելու լայնորեն օգտագործվող քաղաքական միջոց է։ Իհարկե, մարզական բոյկոտների պատմության մեջ ամենահայտնին ԱՄՆ և մի շարք երկրների կողմից մոսկովյան Օլիմպիադայի բոյկոտն է՝ ի նշան բողոքի ընդդեմ Աֆղանստան խորհրդային զորքերի ներխուժման և, դրան ի պատասխան, ԽՍՀՄ և զորակցող երկրների կողմից Լոս-Անջելեսի խաղերի բոյկոտը։

Դրանք բոյկոտի միակ օրինակները չեն։ 1956-ին մի քանի եվրոպական երկիր բոյկոտել են Սիդնեյի Օլիմպիադան ի նշան ԽՍՀՄ կողմից Հունգարիա զորք մտցնելու դեմ բողոքի։ Չինաստանը բոյկոտել է Օլիմպիադան Թայվանի խնդիրների հետ կապված, մի շարք արաբական երկրներ՝ Սուեզի ջրանցքի դեպքերի կապակցությամբ։ 28 երկիր բոյկոտել են Մոնրեալի Օլիմպիադան, 3 երկիր՝ Սեուլինը։ 1936թվականին, չնայած ի նշան հրեաների նկատմամբ իրականացված հալածանքների դեմ բողոքի բոյկոտի հանրության կոչերին, ԱՄՆ-ը չբոյկոտեց Գերմանիայում անցկացվող Օլիմպիական խաղերը և դա համարվում է նախագահ Ռուզվելտի վարչակարգի ամենամեծ սխալներից մեկը։

Իհարկե, կարելի է ասել, որ բոլոր ճնշումներին հակառակ հայ մարզիկների փայլուն ելույթները, նվաճած մեդալները և եռագույնի ծածանումը Բաքվում կդառնա արժանի պատասխան բոլոր հակահայկական ակցիաներին։ Բայց, եկեք համաձայնվենք՝ հոգեբանական ճնշման և մարգինալացման պայմաններում մեդալ նվաճելը չափազանց ծանր է լինելու, իսկ ամենակարևորը՝ որքան էլ հիրավի հերոսական ջանքերով դրանք նվաճվեն, այդպիսի հաղթանակները կգնահատվեն միայն Հայաստանում և Ադրբեջանում /մի գուցե նաև Թուրքիայում, Վրաստանում և Ռուսաստանի հարավում/։

Այդ առումով, դժվար թե, անհատական ուժային մարզաձևում մեր մարզիկների մեծ ջանքերով նվաճած որևէ մեդալ դառնա համաշխարհային պրայմ-թայմ նորություն, ի տարբերություն պարզ ռեժիսորական հնարքով ժամանակին ցուցադրված անգլերեն ինչ-որ պաստառ /առանց նսեմացնելու 1918թ.-ին հայկական զորքի հեռացումից գրեթե 100 տարի անց Կասպյան ափերում Եռագույնը վերստին ծածանելու կարևորությունը/։ Այսպիսով, Բաքվում տարած այդ հաղթանակները և մեդալները միջազգային հանրային կարծիքի վրա կունենան զրո ազդեցություն, մինչդեռ մեր մասնակցությունը միջազգային տեղեկատվական դաշտում կառաջացնի ապատեղեկատվության և հակահայկական քարոզչության հեղեղ։

Եվ շատ դժվար է ասել, թե ինչն է լինելու ավելի դժվար և հերոսական. մասնակցել և Բաքվում նվաճել մեդալ, թե բոյկոտել խաղերը և Երևանում դիմակայել այն քաղաքական ճնշումներին, որոնց կենթարկվեն Հայաստանի մարզական պատասխանատուները միջազգային օլիմպիական ֆունկցիոներների և եվրոպական չինովնիկների կողմից, որոնք թափահարելով «спорт вне политики» կարգախոսը, վստահաբար կսպառնան պատժամիջոցներով։ Հիշենք, սակայն, որ այդ կարգախոսը հրապարակ է հանվել սառը պատերազմի տարիներին հենց մարզական իրադարձություններին քաղաքական մոտեցումը քողարկելու համար։ Հիշենք նաև, որ իրենց հարգող երկրները մարզական այս կարգի իրադարձությունները միշտ դիտարկում են քաղաքական հարթությունում։

Ոմանք կարող են ասել, թե մասնակցության որոշումն ընդունված է և արդեն ուշ է հարցը քննարկել։ Նախ, երբեք ուշ չէ։ Օրինակ, 1976-ի Օլիմպիական խաղերին երկու տասնյակ երկիր ետ կանչեցին իրենց մարզիկներին Մոնրեալից՝ բացման արարողության նախորդ օրը։ Եվ ամենակարևորը, ՀԱՕԿ-ը միշտ կարող է վերանայել իր որոշումը և, ընդառաջելով Բաքվի, Գանձակի և այլ բնակավայրերի հայ փախստականների խնդրանքին, որոշել բոյկոտել Բաքվի խաղերը։

Իհարկե, բոյկոտի դեպքում կտուժեն այն մարզիկները, որոնց մարզաձևերում Բաքվի խաղերը նաև ապագա Օլիմպիական խաղերի որակավորման ստուգում են լինելու։ Սակայն, հայ մարզիկները միայնակ չեն և տարբեր ժամանակներում նման ճակատագրի արժանացել են գրեթե բոլոր երկրների մարզիկները։

Բոյկոտը կլուծի շատ կարևոր խնդիր. միջազգային հնչեղություն ապահովել հայ փախստականների խնդրին և Ադրբեջանին զրկել խաղերն օգտագործել իբրև հակահայ քարոզչություն իրականացնելու հարթակ։

Սակայն, ամենկարևորն այն է, որ կհանդարտվեն Եվրախաղերի հետ կապված կրքերը, կանցնեն տարիներ, բայց բոյկոտը կմնա Ադրբեջանի վրա արժանի խարան հայերի դեմ գործած ոճրագործության համար և Բաքվի խաղերը հիշատակելիս միշտ կհիշեն Ադրբեջանից տեղահանված բնիկ հայ բնակչությանը։ Ճիշտ այնպես, ինչպես Մոսկվայի Օլիմպիադայի մասին խոսելիս միշտ հիշվում է ԽՍՀՄ ներխուժումը Աֆղանստան։

ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Ամենաընթերցվածը