Մարգինալներ, որոնք 25 տարի առաջ խորտակեցին չարիքը

    • Մեկնաբանություն - 01 Նոյեմբերի 2014, 12:47
1993 թ. այս օրերին Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Զանգելանը, որով ամբողջացավ Արցախյան առաջին հաղթական պատերազմը, հաստատվեցին ԼՂՀ ներկայիս սահմանները եւ անվտանգ դարձան Հայաստանի արեւելյան սահմանները:

Ղարաբաղյան շարժման տարիներին մարգինալներ հռչակվեցին նրանք, ովքեր պայքարում էին ոչ թե իշխանության հասնելու համար, այլ պատրաստվում էին զինված դիմադրության: Դա մարդկանց մի փոքր խումբ էր՝ երկու-երեք տասնյակ մարդ, Ղարաբաղյան շարժման հիմնադիրները (Ղարաբաղ կոմիտեն ստեղծվեց հետո եւ պայքարում էր իշխանության գալու համար): Այդ մարդիկ անհավանական ծանր պայմաններում արեցին գրեթե անհնարը՝ կազմակերպեցին զինված դիմադրությունը, որն ի վերջո ավարտվեց հաղթանակով:

Անհավանական ծանր ժամանակներ, քանի որ հարկ էր հաղթահարել ռուս-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը եւ երեւանյան նոր իշխանության քաղաքականությունը, որն օրինակ Արցախին հորդորում էր մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրությանը: Երեւանից այդ նպատակով մարդիկ ուղարկվեցին Ստեփանակերտ, որոնց տեղական «մարգինալները» գնդակահարեցին, որպեսզի անշրջելի դառնար Արցախի ազատագրական շարժումը:

Այդ մարգինալներն էին, որոնք Ստեփանակերտում համարձակվեցին պատանդ վերցնել ռուսական գնդի բարձրաստիճան զինվորականների, որից հետո այդ գունդը հեռացավ, ազատելով հայերի ձեռքերը հոգեբանական ու այլ բնույթի կապանքներից:

Այդ «մարգինալներն» էին, ովքեր անշրջելի դարձրին արցախյան ազատագրական շարժման հաղթանակը, փաստի առաջ կանգնեցնելով ոչ այնքան Ռուսաստանին, Ադրբեջանին ու ընդհանրապես համաշխարհային հանրությանը, այլ նախեւառաջ երեւանյան ոչ մարգինալներին:

Նրանց մեծ մասը զոհվեց, մյուս մասը կա եւ ներկայում փորձում է կանխել Հայաստանի գաղութացման ընթացքը: Նրանք քիչ են, սակայն նրանք կրկին հաղթելու են: Որովհետեւ, հայկական միջավայրում գուցե օրինաչափորեն, գուցե «մենթալությամբ» պայմանավորված՝ հենց երկու-երեք տասնյակ «մարգինալներն» են համարժեք համաշխարհային քաղաքակրթական միտումներին ու տրամաբանությանը:

Նրանք արդեն իսկ հաղթել են, դատելով նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում ու Հայաստանի շուրջ:

Ամենաընթերցվածը