“ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ” ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է

  • Հասարակություն - 09 Փետրվարի 2010, 10:05
Մոտ մեկ տարի առաջ, երբ մի խումբ երիտասարդ գիտնականներ, մտահոգված լինելով կենսագիտության հիմնախնդիրներով, ստեղծում էին “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը, նույնիսկ չէին կարծում, որ երիտասարդության շրջանում այն կստանա այսպիսի լայն արձագանք: Այս կարճ ժամանակահատվածում կազմակերպությունն իր շուրջը կարողացավ համախմբել կենսագիտության տարբեր ուղղություններով մասնագիտացող և գիտահետազոտական աշխատանք իրականացնող ավելի քան 90 երիտասարդ կենսաբաններին: Ասոցիացիային անդամակցում են ուսանողներ և երիտասարդ գիտնականներ Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից, Գյուղատնտեսական ակադեմիայից, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության, Կենսաքիմիայի, Կենդանաբանության, Բուսաբանության ինստիտուտներից և այլ հեղինակավոր գիտահետազոտական հիմնարկներից: Կազմակերպությանը անդամակցում են նաև հայազգի երիտասարդ գիտնականները ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից, Կանադայից և այլն:
 
Կազմակերպության հիմնական նպատակն է ժամանակակից կրթական և գիտահետազոտական տեխնոլոգիաների ներդրումը, զարգացումը և դրանց կիրառումը Հայաստանի Հանրապետությունում: Այն աջակցում է շնորհաշատ կենսաբանների շարունակական կրթության ապահովմանը, երիտասարդ գիտնականների մասնակցությամբ կենսաբանական  գիտական հետազոտությունների անցկացմանը և այլն: Մեր առջև դրված կարևորագույն խնդիրներից է նաև Հայաստանում էկոկրթվածության մակարդակի և երիտասարդության շրջանում կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Եվ ամենակարևոր նպատակը` մեր  անդամների մտահաղացումների և գաղափարների իրականացումն է:
 
2009թ. ընթացքում կազմակերպությունն իրականացրել է մի շարք միջոցառումներ: Մասնավորապես մարտի 2-4-ը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կայացել է Միջազգային ուսանողական կենսաբանական առաջին գիտաժողովը` կազմակերպված ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի, “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ կողմից: Գիտաժողովի ընթացքում բանավոր և ստենդային զեկույցներով հանդես եկան ավելի քան 70 մասնակիցներ Հայաստանի և արտերկրի տարբեր ԲՈՒՀ-երից և գիտահետազոտական հիմնարկներից: Գիտաժողովի վերջին օրն իրենց ուսանողական ծրագրերը ներկայացրեցին Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպություններ (Բրիտանական խորհուրդ, Irex Armenia, Tempus): Նախորդ տարվա ընթացքում “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվեցին Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքներ: Դրանց նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել Հրազդանի կիրճի կենսաբազմազանության պահպանման հարցին, ինչի նպատակով բացի մաքրման աշխատանքներից տարածվել և փակցվել են թռուցիկներ, որոնցում նշվել են կիրճում տարածված բուսատեսակները և կենդանատեսակները, որոնք գրանցված են Կարմիր գրքում: “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ և ԵՊՀ ՈՒսանողական գիտական ընկերության կողմից Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի հարակից տարածքում կազմակերպվեց կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված ֆոտոցուցահանդես: 2009թ. կենսագիտության ոլորտում նշանավորվեց Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներով: Այդ միջոցառումների շրջանակում Բրիտանական խորհուրդը և “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ համատեղ իրականացրեցին շարադրությունների մրցույթ Հայաստանում` նվիրված Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին: Darwin Now հայաստանյան մրցույթի երեք հաղթողները մասնակցեցին 2009 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը Լոնդնոնում կայացած ուսանողական միջազգային գագաթնաժողովին, որի ընթացքում տարբեր երկրներից ընտրված ուսանողները հանդիպեցին մի շարք հայտնի գիտնականների հետ, քննարկեցին Դարվինի և էվոլուցիոն տեսության դերն ու ազդեցությունը տարբեր բնագավառներում: Դարվինի 200-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ-ում առաջին անգամ իրականացվել է սոցոլոգիական հարցում, որի նպատակն է եղել պարզել հանրության վերաբերմունքը Չարլզ Դարվինի և “Էվոլյուցիոն տեսության” նկատմամբ: Հարցման արդյունքները շուտով կներկայացվեն հանրությանը:
 
Ասոցիացիան մի շարք հասարակական կազամակերպությունների հետ համատեղ իրականացնում է սեմինարների շարք “Կենսաբանությունը բոլորի համար” խորագրով: Սեմինարները նպատակ ունեն մատչելի ներակայացնել կենսաբանության, բժշկության և այլ հարակից ուղղությունների նվաճումներն ու խնդիրները: Կարևորելով կրթության և գիտության ոլորտում աջակցությունը երիտասարդներին` “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ, “Ակադեմիական Համագործակցության և Օժանդակության Հայկական Ասոցիացիա” հասարակական կազմակերպությունները ստեղծեցին BioNews կենսաբանության նորությունների համահայկական ցանցը, որին գործունեւության մի քանի ամիսների ընթացքում անդամակցել են ավելի քան 175 անդամ: Ցանցը հնարավորություն է տալիս տեղեկանալ միջազգային ուսումնական և գիտական ծրագրերին: Շնորհիվ այն բանի, որ “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ  միացել է Online Access to Research in the Environment (OARE) համակարգին, մեր ՀԿ անդամներին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվել ավելի քան 2000 էլեկտրոնային գիտական ամսագրերից: Շնորհիվ “Երիտասարդ կենսաբան” ամսաթերթի, որն անվճար տարածվում է ԲՈՒՀ-երում և գիտահետազոտական հիմնարկներում, երիտասարդները հնարավորություն են ստանում տեղեկանալ կենսագիտության նորություններին, իրականացվող միջոցառումներին և այլն:
 
“Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ-ն ունի վեբ-կայքը` www.yba.am, ուր զետեղված է կազմակերպությանը վերաբերող և երիտասարդներին հետաքրքրող տարաբնույթ ինֆորմացիա: Նախատեսվում է նաև ստեղծել ֆորում, որտեղ երիտասարդները կկարողանան շփվել և քննարկել իրենց հուզող խնդիրները: “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ բաց է երիտասարդների հիմնախնդիրներով մտահոգ անձանց և կազմակերպությունների հետ համագործակցության համար:
 
Արսեն Գասպարյան
Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ նախագահ

Ամենաընթերցվածը