Ումի՞ց է Ռուսաստանը պաշտպանելու Հայաստանին

    • Քաղաքականություն - 17 Հունվարի 2013, 17:15
Ընտրություններից հետո ինչպե՞ս կդասավորվեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները: Ինչպիսի՞ շարունակություն կստանա երկու երկրների միջեւ հարաբերությունների լարվածությունը: Հիշեցնենք, որ ի վերջո Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ վեհաժողովում բացահայտ մեղադրել է Ռուսաստանին Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մեջ, իսկ Վիկտոր Խրիստենկոն ի պատասխան Հայաստանը Ռուսաստանի էքսկլավ է անվանել:

Հունվարի 15-ին պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հարաբերություններն Հայաստանի անվտանգության առանցք է անվանել: Ընդ որում, նա ասել է դա տարածաշրջանային իրավիճակի վերլուծության համատեքստում՝ ընդգծելով, որ ցանկացած պահի Հայաստանին սպառնում է Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը:

Ինչպես հայտնի է, հայ-ռուսական ռազմական պայմանագրերում պարտավորություններ չկան, համաձայն որի, Ռուսաստանը պետք է պատերազմի մեջ մտնի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի, առավել եւս Ղարաբաղի վրա: Մեկնաբանելով հանգամանքը, որ Ռուսաստանը դարձել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, Ռուսաստանի ղեկավարներից ոչ ոք  չի հայտարարել, որ դա վերաբերում է Ադրբեջանի կողմից հարձակմանը:

Լիովին հավանական է, որ այդ դեպքում Ռուսաստանը գործի կդնի ՀԱՊԿ-ը, սակայն ՀԱՊԿ փաստաթղթերում հազիվ թե միջամտություն է նախատեսվում, եթե հարձակում տեղի ունենա Ղարաբաղի վրա, որը չի մտնում ՀԱՊԿ մեջ: Ավելի շուտ, ՀԱՊԿ-ը կօգտվի դրանից, որպեսզի տարածաշրջան մտցնի «խաղաղարարներին»:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն այսուհետ համարվում է Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության երաշխավորը՝ հասկացնել տալով, որ Ղարաբաղի վրա հարձակումը կհամարվի պատերազմի հայտարարում Հայաստանին: Եվ Ռուսաստանը պարտավոր կլինի միջամտել: Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր ստորագրել: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ է նախատեսվում այդ պայմանագրով, սակայն չի բացառվում, որ խոսքը հենց Ղարաբաղի մասին է, որը կմտցվի Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի անվտանգության գոտի:

Փաստորեն, Հայաստանն ու Ռուսաստանը կխորացնեն ռազմական համագործակցությունը: Հնարավոր է, դա կապված է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Ռուսաստանի ծրագրերի ձախողման հետ: Չի բացառվում նաեւ, որ պատճառը Հայաստանի հանդեպ Եվրոպայի ոչ բավարար ջերմ վերաբերմունքն է: Պաշտոնական Երեւանը, թերեւս, սպասում էր, որ Եվրոպան ավելի ագրեսիվ «կպայքարի» Հայաստանի համար, «կգնի» իրեն Ռուսաստանից, սակայն ինչպես ասում է Շտեֆան Ֆյուլեն, Եվրամիությունը արեւելյան գործընկերների հարցում գերադասում է «ռազմավարական համբերության» քաղաքականությունը:

Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի եվրոպական կուրսը կարելի է ավարտված համարել, եւ այդ կուրսը մաքուր քաղաքական հնարք էր: Հայտարարելով եվրոպական ինտեգրացիայի մասին՝ Սերժ Սարգսյանը չեզոքացրել է մրցակիցներին, ովքեր հանդես էին գալիս արեւմտամետ դիրքորոշմամբ, ավանսով ստացել է Արեւմուտքի աջակցությունն ընտրությունների ժամանակ: Այժմ թեկնածուների գրանցումն ավարտվել է, եւ կարելի է թուլանալ ու նոր պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ: Առավել եւս, Ռուսաստանը, հնարավոր է, հասկացել է, որ զինելով Ադրբեջանին, խախտել է տարածաշրջանային հավասարակշռությունը, եւ Հայաստանը ստիպված է լինելու օգնության համար դիմել Արեւմուտքին:

Հնարավոր է, նոր պայմանագիրն ավելի պարտավորեցնող լինի Ռուսաստանի համար եւ ինչ-որ չափով ավելի իրավահավասար, քան նախորդները: Սակայն, մեծ հաշվով, Հայաստանը կրկին կհայտնվի հետխորհրդային ստագնացիայի մեջ՝ եւս առնվազն 5 տարով:


Ամենաընթերցվածը