ՊԵՏՔ Է ՎԵՐՑՆԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ

  • Քաղաքականություն - Հինգշաբթի, 15 Հուլիսի 2010, 14:06
Սարդարապատ շարժման ստեղծած այլընտրանքային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնախմբի հուլիսի 14-ի հյուրը դիվանագետ, Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էր: Նա խոսում էր Հայաստանի համար կարեւոր արտաքին գործընթացների եւ դրանցում առկա մարտահրավերների մասին: Արա Պապյանը հատկապես կենտրոնացել է Նախիջեւանի խնդրի վրա, ասելով, որ եթե Հայաստանի իշխանությունը գոնե մոտ 25 տարի հեռուն նայի, ապա կհասկանա, որ Հայաստանի համար լրջագույն խնդիր է դառնալու Նախիջեւանը, որի հետ այժմ Թուրքիան իրականացնում է ինտեգրման լուրջ քայլեր:
 
Արա Պապյանը նշել է, թե Թուրքիան կարող է Նախիջեւանի միջոցով Հայաստանի համար ռազմական սպառնալիք հանդիսանալ, որի պարագայում սակայն մեր սահմանի անվտանգությունը հսկող ռուսները չեն միջամտի, ասելով, թե դա հայ-թուրքական սահմանը չէ, որի անվտանգությունն իրենք ապահովում են: Արա Պապյանը նշել է նաեւ, որ Նախիջեւանի պարագայում բոլորովին այլ կլիներ հայ-իրանական հարաբերության որակը, քանի որ կա երկաթուղու հանգամանքը: Օրինակ, այժմ առկա մտադրությունները, թե հայ-իրանական երկաթուղի կկառուցվի Զանգեզուրով, Արա Պապյանն այդքան էլ իրատեսական չի համարում, նշելով, թե դա նախ տնտեսապես ձեռնտու չէ քանի որ մոտ 5 միլիարդ դոլար է պահանջում, ապա եւ ռելիեֆի առումով էլ դա չաշխատող գաղափար է, քանի որ թեքությունները նպաստավոր չեն երկաթուղու համար: Թող 5 միլիարդը տան ինձ, եւ ես Նախիջեւանը վերցնեմ, ասում է Արա Պապյանը, նկատի ունենալով միջազգային իրավա-քաղաքական դիվանագիտական ճանապարհները:
 
Արա Պապյանը նշել է նաեւ, որ Հայաստանն անպայմանորեն պետք է բարձրացնի Նախիջեւանի հարցը միջազգային դիվանագիտական ասպարեզներում, քանի որ դա ազգային անվտանգության կարեւորագույն հարց է: Պապյանը նաեւ նշել է, որ օրինակ ԽՍՀՄ տարիներին, երբ երկիրը ղեկավարում էր Անդրոպովը, կային Նախիջեւանի հետ կապված ծրագրեր: Ըստ նրա, հետագայում էլ, դեռեւս 1987 թվականին, երբ Ղարաբաղի շարժումը չէր սկսել, Հայաստանի “ռայկոմների” նկուղներում ռուսերեն թռուցիկներ էին պատրաստվում կապված Նախիջեւանի հետ` պահանջատիրական կարգախոսներով, փորձ անելով առաջացնել հանրային շարժում եւ այդ ժողովրդական պահանջատիրության հիմքով էլ լուծել Նախիջեւանի հարցը:
 
Ըստ Արա Պապյանի, դա անում էր խորհրդային իշխանության անդրոպովյան թեւը, երբ նրա ազդեցությունը մեծանում էր ԽՍՀՄ իշխանության մեջ: Մինչեւ հիմա էլ, ըստ Արա Պապյանի, ռուսական իշխանության մեջ կա երկու կարծիք` տնտեսական թեւը համարում է, որ շահը թուրք-ադրբեջանական ուղղությունն է, իսկ ուժային թեւը համարում է, որ անվտանգության շահը հայկական ուղղությունն է:
 
Արա Պապյանը նշել է նաեւ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն օրինակ ասում է, որ Ղարաբաղի պատերազմի տարիներին հայկական զինուժը չի մտել Նախիջեւան, որովհետեւ վախենում էին, որ ռուսները չէին պաշտպանի այդ օպերացիան, իսկ այն ժամանակվա ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովն էլ ասում է, որ իրենք Հայաստանի իշխանությանը ասել են, որ կարող են մտնել Նախիջեւան: Թե որն է ճիշտը, չի իմացվի, ասում է Արա Պապյանը: