«Երեխաներն ինքնակրթությամբ ինչ կարողանում են, սովորում են»

  • Հարցազրույց - 27 Մարտի 2013, 18:37
Մեր զրուցակիցն է «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը

Ինչու՞որոշեցիք մասնավոր գործունեությունից բացի նաեւ կրթական ծրագրեր իրականացնել Ձեր կազմակերպությունում աշխատող մասնագետների համար, այն էլ անվճար: Այսինքն, մեր կրթական համակարգն իրականում չի՞ ապահովում կրթության անհրաժեշտ մակարդակ, թե՞ սա մի գիտելիք է, որը պետք է սովորել կրթություն ստանալուց հետո:

Մեր ընկերությունում ուսումնական աշխատանքները կարելի է խմբավորել մի քանի ուղղությունների:

Առաջինը` երբ վաճառում ենք մեր համակարգերը. խոսքը վերաբերվում է ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Բանկ համակարգերին: Որպեսզի Պատվիրատուն կարողանա շահագործել այդ համակարգերը, նրա աշխատակիցների համար կազմակերպվում է համակարգերի ուսուցումը: Դա արվում է մեր ուսումնական կենտրոնում կամ Պատվիրատուի մոտ:

Երկրորդ ուղղությունը` աշխատանքն է ծրագրավորում և տնտեսագետություն սովորող լավագույն ուսանողների հետ: Ծրագրավորող ուսանողների համար կազմակերպում ենք կարճատև դասընթացներ, որտեղ նրանց ծանոթացնում ենք բնագավառի նորություններին: Տնտեսագետ ուսանողներին մենք ուսուցանում ենք հաշվապահության և բանկային գործի ավտոմատացում, ինչն արվում է կոնկրետ ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Բանկ համակարգերի հիման վրա: Արդյունքում ուսանողները շատ կարևոր գիտելիքներ են ստանում: Մենք էլ ամենալավերին հրավիրում ենք աշխատանքի:

Երրորդ ուղղությունը` երբ աշխատանքի ենք ընդունում երիտասարդ մասնագետների հերթական խումբը, նրանց տալիս ենք կոնկրետ այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են աշխատանքի համար: Սա բավական ծավալուն աշխատանք է:

Եվ չորրորդ ուղղությունը` մեր աշխատակիցներն անընդհատ մասնակցում են որակավորման բարձրացման դասընթացների և հանձնում են քննություններ:Սա պարտադիր է բոլորի համար, իրենց աշխատանքի ամբողջ ընթացքում:

Այս ուղղություններից առաջինը և չորրորդը այս կամ այն չափով կան Տեղեկատվական Տեխնոլոգիաների բնագավառում աշխատող բոլոր ընկերություններում:

Իսկ երկրորդ և երրորդ ուղղությունները, այո, այն պատճառով են, որ ԲՈՒՀ-երը  իրենց ուսանողներին չեն տալիս աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները: Սա առավել վերաբերվում է ծրագրավորողներին: Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտները շատ ավելի պատրաստ են աշխատանքի, քան ԲՈՒՀ-երի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների շրջանավարտները:

Ստացվում է՝ երկրորդ կրթությո՞ւն  եք ապահովում:

Ծրագրավորողների դեպքում այդպես է: Հայաստանում գործնականում Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի բոլոր ձեռնարկություները զբաղվում են ուսանողների վերապատրաստմամբ: Ընդհանրապես ասած, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների շրջանավարտների մակարդակի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություների պահանջների մեջ ճեղքվածք կա: Եվ այդ ճեղքվածքն անընդհատ ավելի է մեծանում: Հատուկ շեշտում եմ, սա Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի բոլոր ձեռնարկությունների կարծիքն է:

Բուհերում  կա՞ն առարկաներ, որոնք կարելի է ընդհանրապես հանել դասացուցակից եւ այնպիսի առարկաներ ներմուծել, որոնց դեպքում կազմակերպությունները ստիպված չեն լինի բուհերի գործառույթ իրականացնել:

Առաջին Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ստեղծվել է 40 տարի առաջ ԵՊՀ-ում՝ բաժանվելով մաթեմատիկայի ֆակուլտետից: Այդ ֆակուլտետն այդպես էլ չդարձավ ինֆորմատիկայի ֆակուլտետ, այլ մնաց մաթեմատիկայի ֆակուլտետ: Հետո նույնպիսի ֆակուլտետներ ստեղծվեցին մյուս ԲՈՒՀ-երում: Այդ ֆակուլտետներում ինֆորմատիկա, ծրագրավորում անցնում են շատ քիչ: Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի համամասնությունը գուցե 75 եւ 25 տոկոս է: Այդ 25 տոկոսն էլ շատ վատ մակարդակի է: Այդ ֆակուլտետների շրջանավարտների գրեթե 100 տոկոսն աշխատում է Տեղեկատվական Տեխնոլոգիաների ձեռնարկություններում որպես ծրագրավորող, իսկ իրենք մաթեմատիկոս են պատրաստում:

Անհրաժեշտ է հակառակը՝ 25 տոկոս մաթեմատիկա և 75-ը ինֆորմատիկա: Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտն այնքան է բարդացել, նորությունների հոսքն այնպիսին է, որ երեք-հինգ տարին մեկ կրթական համակարգը պետք է վերանայվի, առարկաները թարմացվեն, դասախոսները պետք է վերապատրաստվեն: Անհրաժեշտ է նաև, որ դասախոսների թվում շատ լինեն Տեղեկատվական Տեխնոլոգիաների ձեռնարկություններում աշխատող առաջատար մասնագետներ:

Որտե՞ղ է լուծումը:

Ես արդեն ասացի, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների շրջանավարտների մակարդակի և մեր պահանջների մեջ ճեղքվածք կա, որն անընդհատ մեծանում է: Եվ մենք զբաղված ենք ուսանողների և նոր ընդունված աշխատակիցների վերապատրաստմամբ, որի ծավալները ևս անընդհատ մեծանում են: Բայց կազմակերպության ներսում, ամեն նոր ընդունված փոքր խմբի համար, այդ ծավալներով վերապատրաստումը ավելի ու ավելի աննպատակահարմար է դառնում: Լուծումը ԲՈՒՀ-երում Տեղեկատվական Տեխնոլոգիաների ձեռնարկությունների համար ճիշտ ուսումնական ծրագրերով մասնագետներ պատրաստելու մեջ է: Մենք դիմեցինք երեք համալսարանների համապատասխան ֆակուլտետների ղեկավարներին և ընբռնում չգտանք: Ըստ երևույթին, ներսում մեծ իներցիա և դիմադրություն կա:

Հիմա մենք որոշել ենք կազմակերպել ինֆորմատիկայի երկամյա դասընթացներ: Կազմել ենք դասացուցակ, կազմված բացառապես ինֆորմատիկայի առարկաներից: Դասընթացները կլինեն շատ հագեցած, կդասավանդեն մեր մասնագետները և հրավիրված դասախոսներ: Դասընթացներին կընդունվեն լավագույն դիմորդները տարբեր ԲՈՒՀ-երից և նաև արդեն ավարտածներից: Դասընթացները կլինեն անվճար, գուցե որոշ ուսանողներ կրթաթոշակ կստանան:

Մենք սրանով ուզում ենք գործնականում ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի մեր բնագավառի համար նախատեսված կրթական ծրագիրը, ապացուցենք դրա առավելությունը եղածների նկատմամբ: Գուցե այսպես համոզենք ԲՈՒՀ-երին փոխել ուսումնական ծրագրերը:

Բայց ինչու՞ դուք պետք է ուսուցում ապահովեք, եթե պետությունը հսկայական գումարներ է ծախսում պետական բյուջեից կրթության համար, ուսանողները գումար են վճարում բարձրորակ կրթություն ստանալու համար: ՀՀ ԿԳ նախարարը հպարտանում է իր գործերով, որ դու՞ք հետագայում ուսանող կրթեք:

Իհարկե, դա մեր գործը չի, կառավարության և նախարարություննեերի գործն է: Բայց վիճակը իմ նկարագրածն է: Մեր երկիրն է, անհրաժեշտությունը տեսնում ենք, անում ենք:

Հայաստանում կառավարությունը չի ընդունում հետադարձ կապ: Իրենք ինչ որ բան են անում, իրենք իրենց գնահատում են և միշտ գերազանց են նշանակում:

Տեսեք, Տեղեկատվական Տեխնոլոգիաները հայտարարել են գերակա ճյուղ, մեծ գումարներ են ծախսում, գործուղումների են գնում, Ամերիկայում ներկայացուցչություն են բացում ու ասում են՝ տեսեք ինչ գերազանց ենք աշխատում: Այն, որ այսօր գործարարության մթնոլորտը շատ վատն է, որ ՏՏ ձեռնարկությունները մասնագետներ չեն գտնում, եղածներն էլ գնում են, որևէ կերպ նրանց ինքնագնահատականի վրա չի ազդում:

Ճի՞շտ է արդյոք, որ մի կազմակերպությունում կայացած ծրագրավորողը չի կարողանում անմիջապես աշխատել այլ կազմակերպությունում առանց լուրջ վերապատրաստման:

Դա փոքր երկրին, փոքր շուկային հատուկ թերություններից մեկն է: Տեղեկատվական Տեխնոլոգիաների բնագավառն իրարից էապես տարբերվող սեգմենտների է բաժանվում: Ամեն սեգմենտում մենք ունենք մեկ կամ երկու ձեռնարկություն: Եվ քանի որ այդ ձեռնարկություններում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններն իրարից շատ են տարբերվում, ապա մեկից մյուսը տեղափոխվելու համար նոր վերապատրասման կարիք է լինում:

Այդ պատճառով, ավելի պահանջված մասնագետ պատրաստելու համար, մեր դասընթացներում դասավանդելու ենք կարևոր բազային առարկաները:

Ինչպե՞ս եք վերաբերվում ուսանողական միգրացիային, որովհետեւ մինչեւ կրթական համակարգի խնդիրները լուծում ստանան, նախարարն իր խոսքերով խրախուսի, որ ուսանողները մեկնեն այլ երկրներում կրթություն ստանալու, միգուցե երկիրը դատարկվի՞ երիտասարդ կադրերից:

Սկսենք «Լույս» հիմադրամից: Աշխարհում նման հիմնադրամ չկա, որ պետությունն իր միջոցներով իր լավագույն ուսանողներին ընտրի, ուղարկի դուրս ու ասի՝ «դե հայրենիքը չմոռանաք»: Այդ հիմնադրամների նպատակը լավագույններին ընտրելը, կրթելն ու երկրում աշխատեցնելն է: Բոլորը պայման են դնում, որ սովորելուց հետո պետք է վերադառնաս ու քո երկիրը զարգացնես:

Մեր երկրի նման երկրները ոտքի են կանգնել, երբ նրանց լավագույն երիտասարդները սովորել են առաջավոր երկրներում, տեսել են այդ երկրների դրականը, վերադարձել են և գիտելիքներ ստացած, լավ օրինակը աչքի առաջ զարգացրել են իրենց երկիրը: Եվ մարդն ինչքան ավելի օժտված է, այնքան իրեն ավելի պարտավոր պետք է զգա, ոչ թե մտածի, թե հեշտությամբ այլ երկրում գործ կճարի:

Մեզ Հայաստանում այնպիսի մթնոլորտ է պետք, որ ոչ ոք չպատկերացնի իր կյանքը Հայաստանից դուրս: Դա բոլոր ավագների գործն է:

Բայց վերադառնալուց հետո էլ տասնապատիկ խոչընդոտների առաջ են կանգնում եւ չգնահատված դառնում:Իրենց երկիրն է, պետք է պայքարեն և հաղթահարեն բոլոր խոչընդոտները: Ամեն մեկն իր բաժին բեռը պետք է կրի:

Տես ինֆոգրաֆիկան

Ամենաընթերցվածը