Կադրեր ավելացնելով կօժանդակենք ոչ թե մեր, այլ ԱՄՆ-ի ՏՏ ոլորտին

    • Հարցազրույց - 02 Նոյեմբերի 2012, 09:18
Մեր զրուցակիցն է «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, օրերս կառավարության նիստում վարչապետը, անդրադառնալով ՏՏ ոլորտին, նշել է, որ ոլորտում հատկապես սուր է կադրերի պակասի խնդիրը: Տարեկան 15-20 տոկոս աճ է գրանցվում, սակայն աշխատուժի պակաս կա, հանձնարարություն կա նոր կադրեր պատրաստելու: Իսկապե՞ս կադրերի խնդիրն է ոլորտի համար առաջնային:

Ըստ կառավարության վիճվարչության, աճը ոչ թե 15-20, այլ 10.6 տոկոս է:

Նոր կադրեր պատրաստելն առաջին մղումն է, որը հարցը չի լուծի: Տեսեք թե այդ հարցն ինչպես լուծվեց Երևանի ջրմուղում: Տասը տարի առաջ օրական երկու ժամ ջուր ունեինք, այսօր գործնականում բոլորը օրը քսանչորս ժամ ջուր ունեն, թեև Երևան մտնող ջրի քանակը մի կաթիլ չի ավելացել: Կորուստներն են վերացրել: Ջրի հաշվիչներ դնելուց հետո ջրմուղը գտել և փոխել է ծակ խողովակները, բնակիչներն էլ ավել գումար չմուծելու համար փոխել են փչացած ծորակները, որոնցից անընդհատ ջուր էր հոսում: Եթե առանց կորուստները վերացնելու ավելացնեին Երևան մտնող ջուրը, միևնույն է, երկու ժամ ջուր կունենայինք:

Նույնը կադրերի դեպքում է: Այսօր կադրեր ավելացնելով կօժանդակենք ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի ՏՏ ոլորտին: Ուրեմն լուծումը կորուստները, այսինքն՝ կադրերի արտահոսքը կանխելու մեջ է:

Սա կադրերի պակասի միակ պատճառը չէ: Երկրորդ, ոչ պակաս կարևոր պատճառը, կադրերի որակն է: Եթե այսօր մենք հաշվենք, թե քանի ուսանող է ավարտում ԲՈՒՀ-երի ՏՏ ֆակուլտետները, նույնիսկ արտահոսքի պայմաններում մենք պետք է կադրերի ավելցուկ ունենայինք: Խնդիրն այն է, որ շրջանավարտների ճնշող մասը բացարձակ չեն բավարարում աշխատանքի շուկայի պահանջներին և աշխատում են ոչ մասնագիտությամբ: Ասածիս վկայությունն է այն փաստը, որ այսօր ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններն իրենց ֆակուլտետներն են ստեղծում, իսկ փոքրերն իրենց մոտ նոր ընդունվողների երկար վերապատրաստումներ են կատարում: Եվ վերապատրաստման ծավալներն անընդհատ մեծանում են:  

Այսօր մեր ԲՈՒՀ-երի և ՏՏ ընկերությունների միջեւ ավելի սերտ համագործակցություն է անհրաժեշտ: Ընկերությունները պետք է հնարավորություն տան իրենց առաջատար մասնագետներին դասավանդել ԲՈՒՀ-երում: Նաև պետք է լուրջ վերաբերվեն ուսանողների աշխատանքային պրակտիկային:

Ձեր վերջին հարցազրույցներից մեկում որպես կարևոր հարցերից մեկը նշեցիք կառավարության՝ ՏՏ ոլորտի կադրերի վրա ուշադրություն դարձնելու, նրանց թիվն ավելացնելու, կրթության ապահովման անհրաժեշտությունը և այլն:

Այո, բայց դա ես ասացի որպես երկրորդ կետ: Իսկ առաջինը ես նշեցի բարենպաստ բիզնես մթնոլորտ ապահովելն ամենալայն իմաստով: Ամենալայնի մեջ մտնում են գործոններ, որոնք շատ ավելի որոշիչ են բիզնեսի հաջողության և կադրերին երկրում պահելու համար:

Օրինակներ բերեմ: Լավ ծրագրավորողը, որը 2-3 հազար դոլար աշխատավարձ է ստանում, աշխատանքից հետո ցանկանում է երեխայի հետ այգի գնալ: Այգիներ չկան, եթե մի կերպ սրճարանների արանքում մի նստարան է գտնում, չորս կողմից ռուսական գողական երաժշտությունն է վրա տալիս: Իսկ նա գիտի, որ Երևանում կանաչ գոտիները 3 տոկոս են, իսկ Եվրոպայի քաղաքներում՝ 30-40 տոկոս: Տուն են գնում, հեռուստացույց հնարավոր չէ միացնել սերիալների պատճառով, կամ էլ ինչ որ անգրագետ պատգամավոր իրենց գլխին բարոյախոսություն է կարդում: Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել: Այս վիճակը ֆոն է դարձել և կամաց-կամաց դուրս է մղում մարդկանց իրենց երկրից: Եթե բանվորները գնում են ընդամենը սոված չմնալու համար, ապա բարձրորակ մասնագետները գնում են մարդավայել կյանքի համար:

Ես չեմ արդարացնում գնացողներին, բայց պետք է իմանալ, որ բոլորը պայքարող չեն լինում: Մարդկանց զգալի մասն ուղղակի ուզում է հանգիստ, մարդավայել կյանք և գնում է այնտեղ, որտեղ նրան այդ հնարավորությունը տալիս են: Ուրեմն մեր երկիրը պետք է կարողանա մեր մարդկանց տալ այդ հնարավորությունը:

Պարոն Խաչատրյան, դրա համար քաղաքական կա՞մք է հարկավոր:

Ես գործարար եմ, գիտեմ  բիզնես խնդիրները՝ ինչ է պետք հիմնարկը զարգացնելու համար, ինչ է պետք աշխատողներին: Ես շատ լավ գիտեմ իրենց հույզերը, պահանջները, ցանկությունները: Իսկ թե ինչպես դա պետք է իրականացնեն իշխանությունները` ճիշտն ասած լավ չեմ պատկերացնում:

Ասում եք` քաղաքական կամք: Դե, եթե կաշառք չվերցնելու համար, կամ ծառերը չկտրելու համար քաղաքական կամք է պետք, ուրեմն դա:

Մենք տեսանք, որ իշխանությունները կամովին դա չեն անում: Պարտադրանք է պետք: Հիմա, մարդիկ իրենց գնալով են պարտադրում: Ես կցանկանայի, որ նրանք մնալով և պայքարելով պարտադրեին, ինչի ծիլերը մենք արդեն տեսնում ենք:

Ամենաընթերցվածը