Հայաստանում հեղափոխություն է

    • Հարցազրույց - 06 Օգոստոսի 2012, 13:59

Մեր զրուցակիցն է գրականագետ Սիրանուշ Դվոյանը

Սիրանուշ, քննարկվում է Մաշտոցի պուրակի դիմաց Համազգային թատրոնի շենքի կառուցման հարցը, թեև քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը մի քանի անգամ արդեն մերժել է այդ վայրում շինարարության առաջարկը: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ դեմ է հանրային տարածքում թատրոնի շենքի կառուցման գաղափարին: Ըստ Ձեզ, ինչո՞ւ նորից Մաշտոցի պուրակի շուրջ խնդիր առաջացավ:

Մինչև Համազգային թատրոնի շենքի խնդրին անդրադառնալը, ուզում եմ անդրադառնալ Մաշտոցի պուրակում տեղի ունեցածին: Ինքս ակտիվիստ չեմ եղել, ֆիզիկապես ներկա չեմ եղել ոչ մի միջոցառման, բայց հետևել եմ իրադարձություններին. ինձ շատ հետաքրքիր էր՝ ինչ է տեղի ունենում Մաշտոցի պուրակում: Եվ հիմա կփորձեմ մի քանի կետերով ներկայացնել որոշ դիտարկումներ: Առաջինը, որ կարևորում եմ. ի վերջո էմոցիոնալ ակցիաներից բացի, ստրատեգիական մոտեցումներ մշակվեցին, և հակազդեցությունը իշխանություններին կամ տիրող մթնոլորտին ոչ թե միայն էմոցիոնալ էր` չենք ուզում, վատն եք և մերժում ենք, որը խորքի մեջ ժխտող կեցվածք է հիմնականում ու բացառող, իսկ Հայաստանում քիչ չեն այն դեպքերը, երբ նման կեցվածքը նշանակում է, որ ես եմ լավը և ճիշտը, այլ հակազդեցության այս ձևը իր հետ բերեց ճկուն մի դրսևորում, որտեղ հակազդեցությունը ստեղծարար է և հուսամ, որ կպահվի, քանի որ թանկ ձեռքբերում է:

Ի՞նչ նկատի ունեմ: Մաշտոցի պուրակի ակցիաները սկսվեցին մի խումբ երիտասարդ ակտիվիստների կողմից, ովքեր իրենց սեփական մարմիններով փակեցին շինարարական մեքենաների ճանապարհը: Հետո սկսվեցին բաց քննարկումները, տարբեր ակցիաներ` գրություններով պատվեց պուրակի տարածքը և այլն: Ապամոնտաժող բրիգադների ստեղծումը և նրանցով սկսված գործողությունները պայքարի տրամաբանության մեջ մտցրեցին մի բան, որը աննախադեպ էր: Իմ կարծիքով այդ պահից սկսած ականատեսն էին յուրօրինակ «քաղաքական թատրոնի»:

Ի՞նչ նկատի ունեք քաղաքական թատրոն ասելով:

Հայաստանում տիրող իրավիճակի մասին խոսակցություններում հիմնականում շեշտվում է, որ այստեղ չեն գործում սահմանադրական կարգն ու իրավական համակարգը և որ քաղաքական իշխանությունը չի կատարում իր ֆունկցիան: Այս պայամաններում, փաստորեն, այն, ինչն ունենք իբրև քաղաքական իշխանություն, ծպտված է իբրև այդպիսին: Ըստ սահմանադրական պետության հայեցակարգի և ժողովրդավարության սկզբունքների, որի մեջ փորձում է ինտեգրվել նաև Հայաստանը, իշխանությունը պետք է նպաստի առավել ճկուն մեխանիզմների մշակումով հասնել հնարավոր իրավահավասարության` բոլորի համար ապրելու և ստեղծագործելու հավասար պայմաններ ստեղծելով: Սա նշանակում է, որ տարածքների բաժանման և այդ տարածքներին ու մարդկային ռեսուրսներին տիրելու մասին խոսք լինել չի կարող: Ասացի, որ քաղաքական իշխանությունը ծպտված է, քանի որ ժողովրդավարական ու սահամանադրական արժեքների անունից զբաղված է ամենատարբեր միջոցներով մարդկային, մշակութային ու նյութական ռեսուրսները յուրացնելով: Քաղաքական իշխանությունը հղփանալով` սկսել է կուլ տալ իր տեսակին: (Կենդանական որոշ տեսակների մոտ նման բան կա` մեկ սոված լինելուց են իրար ուտում, մեկ էլ չափազանց կուշտ լինելու. բնության երևույթ է): Բազամաթիվ փորձերը` տարբեր ծրագրեր գրվեցին, առաջարկություններ ներկայացվեցին, ակցիաներ ու հանրային միջոցառումներ եղան, ցույց տվեցին, որ այդքանի բերած փոփոխությունը բավարար չէ, քանի որ այդ փոփոխությունները իշխանությունները շատ արագ յուրացնում ու ծառայեցնում են իրենց նպատակներին: Համակարգի հետ խոսելու այլ լեզու էր պետք, որը նրանց կբերեր մի հարթություն, որտեղ հնարավոր էր հասնել փոփոխության: Սա հաշվեհարդարի հարթություն չէր և հաշվեհարդարի լեզուն չէր, ինչպես ընդունված է Հայաստանում ամենատարբեր մակարդակներով: Ոչ թե հաշվեհարդար, այլ ապամոնտաժում: Ի՞նչ միջոցներով: Իրենց ունեցած միջոցները ամենապարզ քանդող, թուլացնող կենցաղային գործիքներ էին, ոչ ավելին: Իրենք հագնված էին իբրև շինարարներ և իրենց գործողությունները ավելին չէին, քան թուլացնելը` բուտիկների կամ համակարգի պտուտակները: Հանրային տարածքում հանրության ջանքերով և հանրության մշակած միջոցներով ու մեխանիզմներով (ապամոնտաժողները պուրակում ապամոնտաժողներ էին, իսկ դրանից դուրս յուրաքանչյուրն իր կյանքն ու մասանգիտությունն ուներ, ինչը պուրակ չէր խցկվում) «ծպտվելով» իբրև ապամոնտաժողներ ի տես և ի լուր հանրության և իշխանությունների (նախապես հրապարարկվում էր, թե ինչ գործողություն է նախատեսվում, ինչպես և որտեղ) թուլացնում ու հանում էին բուտիկների պտուտակները: Ապամոնտաժողները հայտարարում էին, որ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ խնդիրը այդ մի պտուտակը չի, այլ ամբողջ համակարգը: Իրականում ցույց էր տրվում, կամ ցուցադրվում էր` հենց տեղում ստեղծելով, կեղծիքը կամ ծպտանքը հաղթահարելու ռազմավարություն, այն է` չստանձնել համակարգի լեզուն, օրենքները, այլ այն մեկ այլ ծպտանքով (հանդերձավորվել իբրև ապամոնտաժողներ) աշխատեցնել համակարգի դեմ` առանց պարտադրանքի: Արդյունքը` ազատագրված տարածք, որը որևէ մեկի սեփականությունը չէ:

Շրջանցում եմ նախագահի հայտնի նախադասությունը, քանի որ հասկանալի է, թե որ շրջանակի մեջ է դա, և շատ բնորոշ է իր ներկայացրած դիսկուրսին: Երկրորդ կարևոր դրսևորումը. վերջում երգ ստեղծվեց մասնակիցների կողմից ու երգվեց: Ու այդ երգը երջանկության երգ է: Եթե ինչ-որ բան է տեղի ունեցել, որի հուզական արտիկուլացիան կա, անկախ իմ կամ որևէ մեկի ճաշակով լինելուց, նա կյանքի, լինելու վկայական է ստացել:

Այսինքն՝ կարող ե՞նք ասել, որ այս վկայականը հնարավորություն կտա մյուս նախաձեռնություններին ճիշտ ուղղորդելու, ճիշտ ձևակերպելու խնդիրները:

Իմ կարծիքով Մաշտոցի պուրակում տեղի ունեցածը չի կարող կրկնվել ևս մեկ անգամ. այդպիսի սցենարները մեկանգամյա են ու դրանով են թե հմայիչ, թե կենսունակ: Այնտեղ տեղի ունեցավ մի հաղթահարում, որը եթե նորից կրկնես, կվերածվի կեղծ թատրոնի ու կոմերցիայի: Բայց այնտեղ տեղի ունեցածը քաղաքացիական պայքարը հանեց մեկ այլ`ստրատեգիական պայքարի ու դրանց բազմակի միջոցները մշակելու հարթություն: Այդ օրերին անընդհատ հնչում էր, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխանությունը PR նպատակներով օգտագործեց այդ ամբողջը: Լիովին համաձայն եմ այս կարծիքի հետ. իշխանությունը ի վերջո պետք է ամեն ինչ օգտագործի PR նպատակներով, դրա համար է նա իշխանություն: Ինձ համար հարց է, թե ինչպես պետք է աշխատի սրա հետ մյուս կողմը` հանրությունը: Հանրությունը ունի ձեռքբերում և կարող է դրա վրա կառուցել իր հետագա գործողությունները:

Եվ երրորդ բանը, որ ուզում եմ առանձնացնել, պայքարի մասնակիցների գրագետ հաշվարկներն էին` միանգամայն դրական իմաստով: Ստրատեգիական պայքարի մեջ նման հաշվարկներն, իմ կարծիքով, շատ կարևոր են:

Սակայն, օրինակ, Համազգային թատրոնի շենքի դեպքում չկա ադեկվատ մոտեցում, որովհետև թատրոնի՞ շենք է:

Նախ, ինչո՞ւ մտածվեց հենց այս տարածքը: Առաջին, քանի որ մյուս կողմում մի հանրային տարածք պահպանվել է, և հիմա առաջարկվում է կառուցել մշակութային օջախ, թատրոն, որը նույնպես հանրային գործառույթ ունի: Կարծել են`ընդդիմություն չպետք է լինի, որովհետև թատրոն է կառուցվում, իսկ թատրոնը «Համազգային թատրոն»-ն է, այս բառի ողջ բազմադիմությամբ: (Ի վերջո, բաց տարածության մեջ ներկայացվող թատրոնը կարելի է շենք տեղափոխել, ինչու` ոչ. իշխող դիսկուրսի տրամաբանության մեջ է): Երկրորդ, մտավորական է կանգնում պայքարողների դիմաց, ով ուժի և իշխանության կրող չի, ըստ սահմանման: Երրորդ, ավանդապահ հայ հասարակությունը չի կարող դեմ կանգնել բազմավաստակ հայ մտավորականին:

Այսինքն՝ ոչ թե մտացածին, այլ մտածվա՞ծ է թատրոնը այստեղ կառուցելու նախաձեռնությունը:

Այո՛, ասացի իշխանական դիսկուրսի տրամաբանության մեջ է լիովին: Բայց սա կարող է նոր ճեղքվածքներ բացել, նոր բաժանումներ առաջանալ, որոնք կարող են օգտակար լինել: Ես կողմնակից եմ, որ լղոզված ու կեղծ խաղաղության և եղբայրության մեջ ապրող մարդիկ սկսեն ինքնորշվել: Նոր արժեքներ կծնվեն:

Ինչո՞ւ չկա հակազդեցություն: Նախ արդեն կա հայտարարություն: Բայց մինչ այդ, մի կարևոր մանրամասն կա: Մինչև հիմա Հայաստանում որևէ պատմական, մշակութային կամ հանրային կարևորության կառույցի կամ տարածքի ճակատագիրը հիմնականում որոշվել է սենյակային ձեռքսեղմումներում կամ ռեստորանային ճաշկերույթներում: Հիմա այդ որոշումը միանգամից չի կայացվել, և մարդիկ միանգամից չեն հայտնվել քաղաքապետի ստորագրությամբ ու երկրի նախագահի հավանությամբ թղթի առաջ, որը մոգական նշանակություն ունի («Քաղաքապե˜տն է ստորագրել ու երկրի նախագա՛հն էլ ստորագրել է, ինչ կարող ես փոխել, հա ճղճղա,- Հայաստանում կա՞ մեկը, ով այս նախադասությունը չի լսել մի քանի հարյուր, հազար կամ ավել անգամ): Հիմա դեռ որոշում չկա, և այդ որոշումը կախված է Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից: Թողնվել է, որպեսզի պայքարի նոր մեխանիզմներ մշակվեն: Չեմ կասկածում, որ եթե հերթը հասնի բուլդոզերների դիմացը պառկելուն, մարդիկ չգնան դրան. նախաձեռնության անդամները մի անգամ չէ, որ արել են դա: Բայց այս պահին տարածքի և այդ նախաձեռնության հետ կապված, նաև Մաշտոցի պուրակի ձեռքբերումը նկատի ունենալով, ընտրվել է քննարկման, խոսակցությունների հարթությունը: Եթե սա տեղի ունենա, ապա որակապես մեծ բան կփոխվի Հայաստանում: Համաձայն եմ նախաձեռնության հայտարարության հետ, որ Մաշտոցի պուրակը կարող է նոր հարթակ դառնալ Հայաստանի հասարակության համար:

Եթե այդտեղ չկառուցվի, որտե՞ղ է, ըստ Ձեզ, նպատակահարմար շենքի կառուցումը:

Սա հանրային տարածք է, իսկ հանրային տարածքում ցանկացած կառուցապատում, եթե խոսքը ծառերի ու թփերի մասին չէ, կամ մարդկանց հանգստի համար առավել նպաստավոր պայմանների, ասենք` աթոռներ, շատրվաններ և այլն, ուրեմն ինքնին անթույլատրելի է: Խորհրդային 1960-80-ականներին այդ տարածքները պատահական չեն ստեղծվել, համերգասրահներ, թատրոնի շենքեր կային Երևանում և էլի էին կառուցվում, բայց խնդիր կար փոքրիկ բաց տարածքներ, պուրակներ ունենալու: Այդ տարածքները մարդկանց ազատ կյանքի ու հանգստի համար են: Մարդկանց հանգիստը նույնպես մշակույթ է, իսկ այդ հանգիստը միշտ չէ, որ համերգասրահում, թատրոնում կամ տանն ես ուզում անցկացնել: Որևէ մեկը կժխտի՞, որ Պողոսյան պարտեզներ կամ Թումանյանի այգի գնալը հանգստի կազմակերպման տարբերակ չէ: Բացօթյա և բաց տարածքները ժողովրդական տարածքներ են, որտեղ գտնվող կամ կազմակերպվող ցանկացած բան հասանելի է բոլորին: Այդ տարածքների պահանջն այսօր էլ կա, և այն, որ մարդն այսօր դրա պահանջը չունի, հիմնավորված չէ: Տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգացումը նույնիսկ դրանցով ամենադրսևորված երկրներում իսպառ չի հանում մարդկային շփման ու բնական միջավայրի մեջ գտնվելու ցանկությունը: Առավել ևս` երբ ասում են, որ «մենք» դրա պահանջը չունենք: Երկրորդ՝ ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու, այդ թվում՝ մշակութային օջախները Երևանի կենտրոնում կենտրոնացնելու մոլուցքը խոսում է անինքնավստահության ու չափազանցված բրտության մասին: Կուզեմ, որ մշակութային քաղաքականությունը սկսվի մշակվել այնպես, որ ծայրամասերը նույնպես կարողանան օգտվել այդ հնարավորություններից: Գարեգին Նժդեհ կայարանի մոտ գործող «Մետրո թատրոնը» չէր տուժում նրանից, որ ծայրամասում էր և ոչ էլ այդ տարածքի բնակիչները: Ծայրամասերում չկառուցապատված տարածքներ շատ կան, իսկ այնտեղ ապրող մարդիկ` նույնպես: Երբ խորհրդային քաղաքականությունը ծայրամասերում կառուցում էր մտավորականների համար շենքեր, չէր նշանակում, որ արհամարհում էր նրանց կամ աքսորում (այդպես էլ կարելի էր ընթերցել խորհրդային տարիներին). դրանով այլ խնդիրներ էին լուծվում թե մտավորականների համար, ովքեր կողք կողքի էին ապրում բանվորների հետ ու սովորական մարդ լինելու զգացողությունը չէին կորցնում, թե մյուսների համար, ովքեր առասպելական պատկերացումներ չէին ունենում մտավորականության մասին: Ասածս թող չընկալվի այնպես, թե ժխտում եմ էլիտար մտավորականության գոյությունը:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը Ուսանողական այգուց սկսեց իր պայքարը, բայց այդ դեպքում կարծես արդյունքի չհասավ, որովհետև տեղում սրճարանն ու բուտիկները կառուցվեցին, հիմա իրավիճա՞կ է փոխվել:

Երբ ստեղծվեց նախաձեռնությունը, շատ անփորձ էին, ֆորմալ ակցիաներից այն կողմ չանցան: Դա պայքարի գուցե ավելի նուրբ կամ մշակված ձև է, օրինակ Անգլիայում ապրող մարդկանց և իրենց քաղաքական համակարգի համար, չեմ կարող ասել, բայց պասիվ տարբերակ էր Հայաստանում. պարզվեց, որ Հայաստանում այդ մեխանիզմը չի կարող աշխատել: Բայց Ուսանողական այգու ձախողումով նոր մեթոդներ գտնվեցին:

Սիրանուշ, ըստ Ձեզ, այս նախաձեռությունները տարբեր կոնկրետ խնդիրներ դնելով պետք է լուծումների հասնեն, որովհետև սահմանադրական կարգի վերականգնումը այդքան էլ արագ չի ստացվում, հեղափոխական ճանապարհն էլ կարծես մեզ համար չէ:

Կան տարբեր հեղափոխություններ. մեկը արյունով հեղափոխությունն է, որից դեռ 1990-ական թվականներից խուսափում է Հայաստանը: Մյուսը՝ մշակութային հեղափոխությունն է, երբ նոր մշակույթ ստեղծելը նշանակում է նոր տեխնոլոգիաներ և նոր ստրատեգիաներ զարգացնել: Ինձ թվում է՝ Հայաստանում ապրողները ընտրել են երկրորդ տարբերակը. հիմա Հայաստանում մշակութային հեղափոխություն է իրականացվում: Երգերը գրում են փողոցներում իրար հետ գիշերող ու դժվարություններ հաղթահարած մարդիկ, ովքեր իրենց ներսում շատ բան են հաղթահարել այդ օրերին ու հենց այդ հաղթահարումն են երգում, պոլիէթիլենային շշերից էկո-նավակ է պատրաստվում այն մարդկանց ձեռքերով, ովքեր մի ծառ ու թուփ են պահել ու տնկել: Ճանապարհները շատ տարբեր կարող են լինել, և բոլորն էլ կարող են փոփոխություն բերել: Կարևորը փոխվելն է, ուրիշ դառնալը, ինքդ քեզ հաղթահարելը: Սա պայքարի կարճատև ճակատային միջոց չէ, երկարատև է, հաճախ հուսահատեցնող, բայց ավելի ճկուն է ու հնարամիտ: Մի էկո-նավակն ինչ է, որ, չէ՞: Բայց հնարամիտ է: Աշխարհը վաղուց արե՞լ է: Այո՛, իսկ մենք շատ բա՞ն ենք արել ըստ մեր ցանկության և կամքի ու տվել աշխարհին:

Ամենաընթերցվածը