Ի՞նչ է իրենից ներկայացնում CMMI մոդելը

  • Բիզնես - 14 Նոյեմբերի 2012, 12:01
Օրերս տեղեկատվություն եղավ Հայկական Ծրագրեր ընկերությունում Եվրոպական Ծրագրավորման ինստիտուտի կողմից կատարվող աշխատանքների մասին: Ընկերության ներկայացուցիչներ Արթուր Ղազարյանը և Հայկ Սաքեյանը lragir.am-ի խնդրանքով ներկայացրել են մանրամասներ այդ աշխատանքների եւ CMMI մոդելի մասին:

- Եվրոպական Ծրագրավորման ինստիտուտը` ԵԾԸ, ստեղծվել է 1993 թվականին` եվրոպական հանձնաժողովի կողմից և այսօր առաջատար եվրոպական հետազոտական հաստատություններից մեկն է: Նրա հիմնական գործառույթն է աջակցել ծրագրային ապահովման ոլորտի կազմակերպություններին` ժամանակին, լավագույն ճանապարհով և ցածր ծախսերով թողարկել բարձրորակ ծրագրեր:

2002 թվականից այդ հաստատությունն ԱՄՆ Քարնեգի Մելոնի համալսարանի կողմից ստացել է լիցենզավորում՝ գործընթացների գնահատման և ուսուցման կազմակերպման  ուղղություններով, օգտագործելով Քարնեգի Մելոնի համալսարանի մշակած CMMI մոդելը:

ԵԾԸ ներկայացուցիչներ ունի ավելի քան 20 երկրներում, այդ թվում Չինաստանում, Մեքսիկայում, Ավստրալիայում, Բրազիլիայում:

Սոֆիայում գտնվող ԵԾԻ-ի արևելաեվրոպական տարածաշրջանային կենտրոնը հիմնադրվել է 2003 թվականին: Այդտեղ իրագործվում են վերլուծական, պլանավորման, վերապատրաստման, գործընթացների գնահատման, բարելավումների ներդրման և սերտիֆիկացման աշխատանքներ: Նրանց ճանաչված փորձագետների թիմն ունակ է կազմակերպել և իրականացնել բարելավումների նախագծեր` ՏՏ ընկերությունների, բարձրտեխնոլոգիական արտադրությունների, բանկերի, ապահովագրական կազմակերպությունների, պաշտպանության և անվտանգության, պետական կառավարման  ոլորտներում:

Ի՞նչ է CMMI-ը:

CMMI-ը կազմակերպությունների հասունության նկարագրման ամբողջական մոդել է: Այն կարող է նպաստել գործընթացների բարելավմանն առանձին վերցված նախագծում, բաժնում, ինչպես նաև ամբողջ կազմակերպությունում: CMMI մոդելը թույլ է տալիս հայտնաբերել կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը և գործընթացների փոփոխությունների արդյունքում թույլ կողմերը դարձնել ուժեղ:

Ըստ CMMI մոդելի՝ բոլոր կազմակերպություններն իրենց հասունության մակարդակով բաժանվում են հետևյալ հինգ խմբերի` նախնական, կառավարվող, սահմանված, քանակապես կառավարվող և օպտիմալացվող:

Մոդելն ընդգրկում է ոչ միայն ծրագրավորման մշակման, այլ նաև սպասարկող կազմակերպությունների գործընթացների նկարագրումը: Կան բազմաթիվ օգուտներ, որ ստացել են այս մոդելը կիրառող կազմակերպությունները, այդ թվում` ապրանքների և ծառայությունների որակը, կանխատեսելիության ճշտությունը, արտադրողականության բարձրացումը, հաճախորդների բավարավածությունը, ներդրումների վերադարձելիությունը:

Մոդելը բաղկացած է նշված ոլորտների համաշխարհային լավագույն փորձի պրակտիկ նկարագրություններից, որոնց կիրառումը էապես բարելավում է արդյունավետությունը և որակը:

Նրա մեջ ներառված են սպասարկման և ծրագրավորման ոլորտների բոլոր գործընթացները, որոնցից են` նախագծերի, ռեսուրսների պլանավորումը և հետևումը, պահանջների կառավարումը, չափումը և վերլուծությունը, ռիսկերի կառավարումը, կազմակերպչական ուսուցումը, պատճառահետևանքային վերլուծությունը, տեխնիկական լուծումները, նորարարությունների տեղակայումը, ծառայության մատակարարումը, պատահարների կառավարումը և կանխումը, մատակարարների պայմանագրերի կառավարումը և այլն:

Մոդելը շատ ճկուն է և հետաքրքիր: Այն թույլ է տալիս բարելավման գործընթացը սկսելէ կամ անցնելով քայլ առ քայլ հասունության մակարդակներով, շարունակական էվոլյուցիոն ճանապարհով, կամ կատարել բարելավումներ միայն որոշ նախընտրած գործընթացներում, այսինքն շարժվել փուլային ճանապարհով:

Օրինակ, ծրագրավորման-մշակման CMMI մոդելը պահանջում է հասունության երկրորդ մակարդակին հասնելու համար կազմակերպությունում իրականացնել, ներդնել 22 գործընթացներից միայն 7-ը: Երրորդ մակարդակին հասնելու համար պետք է իրականացնել և ներդնել լրացուցիչ ևս 11 գործընթացներ:

Գործընթացը սկսելու համար հարկավոր է իրապես գնահատել կազմակերպության գործընթացների առկա պատկերը: Գտնել ուժեղ և թույլ կողմերը, զրուցել աշխատակիցների հետ, գտնել գործընթացների իրականացման ռեալ ապացույցներ: Նախնական գնահատման, կամ գործընթացների գույքագրումից հետո, կազմվում է տվյալ կազմակերպությանը հատուկ բարեփոխումների ցանկը և ժամանակացույցը: Իրականացման ժամանակը կախված է արդեն տվյալ կազմակերպության ցանկությունից, ռեսուրսներից, պատրաստակամությունից, վիճակից: Գոյություն ունեն միջին վիճակագրական տվյալներ, թե մակարդակից մակարդակ անցնելու համար որքան ժամանակ է հարկավոր: Օրինակ, 222 կազմակերպություն երկրորդ մակարդակից երրորդին անցնելու համար միջինը ծախսել են 21 ամիս: Երրորդ մակարդակից չորրորդին անցնելու համար միջինը ծախսվում է 28 ամիս:

Գնահատման նախապայման է հատուկ մշակված դասընթացներում աշխատակիցների պատրաստումը: Գնահատող թիմը կազմվում է ինչպես Քարնեգի Մելոնի համալսարանի կողմից որակավորված գնահատողներից, այնպես էլ գնահատվող կազմակերպության աշխատակիցներից: Գնահատման նպատակը գործընթացների իրական պատկերի ստացումն է, ապացույցների հավաքագրումը, հարցազրույցները աշխատակիցների հետ: Դրանց հիման վրա կազմվում է թույլ և ուժեղ կողմերի ցանկը, կոնկրետ քայլերի առաջարկություններով:

2012 թվականի տվյալներով, աշխարհում CMMI մոդելով աշխատող մոտ 6300 կազմակերպություններից 22 տոկոսը 2-րդ մակարդակում են, իսկ 67 տոկոսը` 3-րդ:

Կիրառող կազմակերպությունների 81 տոկոսը մասնավոր են: Կազմակերպությունների 68 տոկոսն ունեն մինչև 100 աշխատող, 15 տոկոսը` 100-ից 200 աշխատող: Կիրառող կազմակերպությունների շարքում են Boeing, General Motors, JP Morgan, Bosch ընկերությունները:

Մայրցամաքներով առավել մեծ քանակով կազմակերպություններ են այս մոդելին անցել Ասիայում, այնուհետև Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում:

Հայաստանյան սերտիֆիկացված կազմակերպություն առայժմ չկա:

Ի՞նչ աշխատանքներ կատարվեցին Հայկական Ծրագրերում և ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:

Հայկական Ծրագրեր Ընկերությունը կովկասյան տարածաշրջանում մոդելը ներդնող առաջին կազմակերպությունն է:

Եվրոպական Ծրագրավորման ինստիտուտի հետ Հայկական Ծրագրերի համագործակցությունը սկսվեց 2011 թ. դեկտեմբերին. Սոֆիայում մասնակցեցինք 2 դասընթացի, որից հետո մոդելի օգտակարությունը որոշեցինք սկսել կիրառել մեր ծրագրավորման և սպասարկման գործընթացներում: Ամռանը արդեն Հայկական Ծրագրեր հրավիրվեց Սոֆիայի Եվրոպական Ծրագրավորման Ինստիտուտի մասնագետը, և կազմակերպվեց Քարնեգի Մելոնի համալսարանի դասընթացը մեր 15 աշխատակիցների համար: Մեր աշխատակիցները ստացան ամերիկյան Քարնեգի Մելոնի համալսարանից CMMI գործընթացների տիրապետման որակավորման հավաստագրեր: Նույն այդ օրերին Եվրոպական Ծրագրավորման Ինստիտուտի տնօրեն Ջորջ Շարկովը մեզ մոտ անցկացրեց ձեռնարկությունների ճկունության և անվտանգության մեկօրյա սեմինարը: Հաջորդ ամիսներին մենք ինքնուրույն սկսեցինք առաջնային փոփոխությունների ներդնումը մեզ մոտ:

Հայկական Ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ միաժամանակ ներառում է և սպասարկման, և ծրագրային մշակումների ոլորտները: Իսկ այդ երկու ոլորտը միաժամանակ գնահատող մասնագետներ գտնելը դյուրին չէր: Հոկտեմբերին, նորից մեզ մոտ, Բիլբաոյի Եվրոպական Ծրագրավորման Ինստիտուտից Թեոդորա Բոժևան անցկացրեց սպասարկման գործընթացների դասընթացը, որից հետո կատարեց ներքին գործընթացների փորձաքննություն: Փորձաքննությունը ներառեց Հայկական Ծրագրերի կողմից ստեղծված  բոլոր ծրագրային փաթեթների արտադրության գործընթացները և մատուցվող ծառայությունների ամբողջ շարքը: Արդյունքում ներկայացվեց առկա վիճակի վերլուծությունն` առաջարկվող քայլերով:

Նախնական գնահատումը Հայկական Ծրագրեր ընկերությանը թույլ տվեց.

- կողքից անաչառ հայացք գցել ընկերության ներքին գործընթացներին

- աշխատակիցներին խոսել գործընթացների լեզվով

- հայտնաբերել և ստանդարտացնել ներսում կուտակված լավագույն փորձն ամբողջ կազմակերպության մակարդակով

- գնահատել բարելավման ենթակա առաջնահերթությունները, կենտրոնանալ առավել կարևորների վրա:

Այդ հետազոտությունն ինքնին օգտակար էր: Նաև կազմվել է պահանջվող բարեփոխումների ցանկը և ժամանակացույցը: Մինչև եկող տարվա կեսերը մենք էապես կբարելավենք մեր ներքին բիզնես-պրոցեսները և արդյունքում` մեր ծրագրերի և սպասարկման որակը:

Ամենաընթերցվածը